Գլխավոր էջ Uncategorized Համավարակի ավարտին այլ գործընթացներ կհետևեն, որից անմասն չի մնա նաև Արսեն Թորոսյանը....

Համավարակի ավարտին այլ գործընթացներ կհետևեն, որից անմասն չի մնա նաև Արսեն Թորոսյանը. ԼՀԿ-ն՝ նախարարի հետ «փոխհրաձգության» մասին

747
0

Արդեն մի քանի օր է հեռահար «փոխհրաձգության» մեջ են Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ ԼՀԿ-ի տարբեր ներկայացուցիչներ արձանագրել են, որ համավարակի կանխարգելման դեմ պայքարը այս կառավարությունը՝ Արսեն Թորոսյանի անմիջական ներգրավվածությամբ ձախողել է,տապալել է.«Եվ մենք պնդել ենք, որ այն թվերը, որոնք կան այսօր, պայմանավորված են նրանով, որ Արսեն Թորոսյանն անլրջացրել է համավարակի դեմ մարդկանց ընկալումներն ի սկզբանե, և կարելի է արձանագրել, որ այն պահից, երբ երկրում ընթանում էր քարոզարշավ համաշխարհային պանդեմիայի պայմաններում, Արսեն Թորոսյանի պաշտոնավարումն այդ պահից դարձել էր ֆիկտիվ։ Մենք կարող ենք ասել, որ ըստ էության, այդ պահից մենք առողջապահության  նախարար չունեինք»։

Խաժակյանի խոսքով՝ իրենց այդ գնահատականից հետո, Արսեն Թորոսյանը «սրտնեղել է» և գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Ֆիքսենք, որ այս ընթացքում, նա տարբեր գրառումներով անդրադառնում է տարբեր ուժերի՝ իր հիմնական գործը թողած և շարունակում է,ըստ էության, այն անլրջությունը, որը բերել է երկիրն այս իրավիճակին։ Շարունակելու բան չկա, Արսեն Թորոսյանի գնահատականը մեր հասարակությունը իր մեջ ունի, համավարակի ավարտին էլ այլ գործընթացներ կհետևեն, որից անմասն չի մնա նաև Արսեն Թորոսյանը»։

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ևս հաստատեց, որ դա պայմանավորված է իրենց՝ վերջերս տված Թորոսյանի գնահատականով. «Այն, որ մենք ասել ենք, որ ճիշտ չեն մոտեցել համավարակին։ Հիշում եք, թե ինչպես էին արձագանքում համավարակին թե՛ վարչապետը, թե՛ նախարարը այն դեպքում, երբ աշխարհում միջոցառումներ էին իրականցնում, մեզ մոտ դրա վրա ծիծաղում էին, ծիծաղում էին երկրի վարչապետի ու առողջապահության նախարարի դեմքով։ Եվ մենք արձանագրեցինք, որ այն վիճակը, որ այսօր մարդիկ այլևս չեն լսում, չեն հավատում իշխանություններին և նրանց հորդորներին, դա գալիս է նրանից, որ հենց սկզբից իրավիճակը գնահատվել է անլուրջ և մարդկանց տրվել է հակասական, միմյանցից տարբերվող հորդորներ։ Հիմա մենք, գնահատելով ընդհանուր իրավիճակը, ասում ենք,որ առողջապահության նախարարի մեղքը կա սրանում, դա նրա ոչ կոմպետենտության, նրա անլուրջ և ցինիզմով լեցուն գործունեության հետևանքն է։ Առողջապահության նախարարաը որոշել է, որ մեր մեղադրանքները՝ ուղղված իրեն, վկայում են այն մասին, որ մենք փորում ենք մեր գերեզմանը։ Ես պետք է ասեմ, որ նախարարից առաջ իրենից ավելի հեռատես տղերքն են ասել, որ մենք փորում ենք մեր գերեզմանը, հետո ժամանակի ընթացքում ամոթից ձայները կտրել են։ Եվ ես վստահ եմ, որ Արսեն Թորոսյանը ևս ամոթից իր ձայնը կկտրի և կնստի իր տեղը, որովհետև իրավիճակն այնպիսին է, որ մենք տալիս ենք օբյեկտիվ գնահատական և դա տեսնում են բոլորը։ Նրա անլուրջ վերաբերմունքը ոչ միայն տեսնում ենք մենք, այլև՝ հանրությունը։ Ցավալին այն է, որ այսքանից հետո պարոն նախարարը դեռ չի ուզում լրջանալ։ Նրա պահվածքն ընդհանրապես համարժեք չէ տիրող իրավիճակին»։

Դիտարկմանը՝ հնարավոր է Թորոսյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեն, պատգամավորը նշեց. «Մենք այս պահին նրան անվստահություն հայտնելու գործընթացի իմաստ չենք տեսնում այն բանի համար, որ իրավիճակն այնպիսին է, որ այս պահին նախարարի փոխելը կարող է ավելի շատ վնասել, քան օգուտ տալ, քանի որ այս իշխանության կադրային բանկը սպառված է,քաղաքական ռեսուրսը սպառված է և ըստ էության, եթե պատկերացնենք, որ նախարար Թորոսյանը կգնա ,միգուցե նրանից հետո ավելի վատ մեկը գա, քանի որ մեր կարծիքով՝ կառավարությունը չունի համարժեք և ադեկվատ կադրային ռեսուրս։ Բայց հարցի մյուս ամենակարևոր կողմն այն է, որ այն ինչ այս ընթացքում եփել է պարոն Թորոսյանը, ինքն էլ պիտի այդ իրավիճակին տա հանգուցալուծում, պիտի լրջանա և շտկի իրավիճակը»։

Նյութի աղբյուրը՝ ArmDaily.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ