Գլխավոր էջ Հարցազրույցներ Աֆազիա. խոսքի լրիվ կամ մասնակի կորուստ. ներկայացնում է լոգոպեդ Անուշ Բաբայանը

Աֆազիա. խոսքի լրիվ կամ մասնակի կորուստ. ներկայացնում է լոգոպեդ Անուշ Բաբայանը

18491
0

 -Ի՞նչ է աֆազիան:

-Աֆազիան ձևավորված  խոսքի լրիվ կամ մասնակի կորուստն  է՝ պայմանավորված գլխուղեղի   կեղևի խոսքային ֆունկցիան ապահովող կենտրոններում առաջացած  օջախային ախտահարումներով։   Աֆազիա տերմինն առաջացել է հունարեն  ֆազիս ՝ արտահայտվել և ա  ժխտական մասնիկից   ( a+ φάσις) : Աֆազիան կարող է առաջանալ  իշեմիկ և հեմոռագիկ ինսուլտների, ուռուցքային հիվանդությունների հետևանքով, որոնք  ախտահարում են գլխուղեղը, նաև  գանգուղեղային տրավմաների, ծանր ընթացքով ինֆեկցիոն,  նեյրոդեգեներատիվ հիվանդությունների հետևանքով։

Աֆազիա երևույթի մասին հիշատակումներ արվել են դեռևս հնագույն ժամանակներում. հին եգիպտական պապիրուսների վրա կատարված արձանագրություններում  նկարագրվել է իրավիճակ, երբ տրավմայից հետո մարդը կորցրել է  խոսելու ունակությունը։

Ռուս գիտնական, նեյրոհոգեբան  Ա. Ռ. Լուրիան հայրենական մեծ պատերազմի ժամանակ, ղեկավարելով խոշոր կլինիկաներից մեկը, խորությամբ ուսումնասիրել է աֆազիա երևույթը, երբ զինվորների մոտ տարբեր տրավմաների հետևանքով առաջացել է խոսքի  այս կամ այն բաղադրիչի խանգարում կամ խոսքի բացակայություն։ Եվ  հենց այդ շրջանում է, որ գիտնականները,  հնարավորություն ունեին հիվանդին, ով ունի գանգուղեղային տրավմա՝ համապատասխան բարձրագույն հոգեկան գործընթացների դրսևորումներով, ուսումնասիրել  իրենց կենդանության օրոք։

Վերլուծելով այս ամենը, մենք տեսնում ենք, որ աֆազիայի ժամանակ կարող է խանգարվել խոսքի այս կամ այն բաղադրիչը, այդ թվում նաև գրավոր խոսքը, որը բերում է խոսքի հաղորդակցական ֆունկցիայի խաթարման։ Խոսքի խանգարման աստիճանը ու բնույթը ուղղակիորեն կախված է ախտահարման օջախից և ախտահարման ծավալից։

 —Կա աֆազիայի վեց տեսակ, դրսևորման ինչպիսի՞  ընթացք ունի յուրաքանչյուրը

-Ձեր կողմից նշված աֆազիայի դասակարգումը , ըստ որի առանձնացնում ենք աֆազիայի 6 ձև, տրվել է ռուս նեյրոհոգեբան Ա. Ռ. Լուրիայի կողմից։

Սակայն ամբողջ աշխարհում գոյություն ունեն աֆազիայի տարբեր դասակարգումներ։

Աֆազիայի դասակարգման համար տարբեր մոտեցումներ գոյություն ունեն՝ նեյրոհոգեբանական, հոգելեզվաբանական, անատոմիական, սինդրոմոլոգիական։

Լուրիայի դասակարգումը նեյրոհոգեբանական մոտեցում ունի՝  ըստ որի տարբերակում են աֆազիայի 6 ձև՝

  • աֆերենտ-մոտորային աֆազիա,
  • էֆերենտ մոտոր աֆազիա,
  • դինամիկական աֆազիա, սենսորային կամ ակուստիկ-գնոստիկական աֆազիա,
  • ակուստիկ-մնեստիկական աֆազիա,
  • սեմանտիկական աֆազիա, հետագայում
  • ամնեստիկական աֆազիա

Աֆազիայի յուրաքանչյուր ձևի ժամանակ  խոսքը տուժում է յուրովի։

Աֆերենտ մոտորային աֆազիայի ժամանակ ախտահարվում է Բրոդմանի սեմանտիկական 7-րդ և 40-րդ դաշտերը, որի ժամանակ հիմնական ախատանիշներից է  օրալ պրաքսիսի դժվարությունները, որի հետևանքով հիվանդի մոտ առկա է հնչարտաբերության խանգարումներ։ Այս ձևին բնորոշ է նաև խոսքային էմբոլաների առկայությունը, երբ որևէ բառ կամ արտահայտություն, կարծես թե ծառայում է որպես կոմունիկացիայի միջոց:

Էֆերենտ մոտորային աֆազիայի ժամանակ ախտահարված է լինում Բրոդմանի սեմանտիկական դաշտերից 44-րդը, ինչը համընկնում է Բրոկայի կենտրոնին։ Այս դեպքում հիմնակական ախտանիշներից են խոսքային պերսևերացիաները՝ հիվանդի կամքից անկախ հնչյունների կամ բառերի կրկնությունները, ինչը նաև դրսևորվում է  գրավոր խոսքում։

Դինամիկական աֆազիայի առկայության դեպքում երբ ախտահարված է լինում Բրոդմանի սեմանտիկական 10-րդ, 45 և 46-րդ դաշտերը, հիվանդի մոտ առաջանում է խոսքային նախաձեռնողականության բացակայություն։ Աֆազիայի այս ձևի ժամանակ հիվանդներն ունենում են տրամադրության կտրուկ տատանումներ։ Նրանք կարծես ծուլանում են, կարող են ունենալ  էխոլալիա ( ուրիշի խոսքի մեխանիկական կրկնություններ), խոսքը ագրամատիկ է՝ առկա են բազում քերականական սխալներ։

Ակուստիկ-գնոստիկական կամ սենսորային աֆազիան առաջանում է Բրոդմանի 22-րդ սեմանտիկական դաշտի ախտահարման արդյունքում,հիմնական ախտանիշը հնչույթային լսողության խանգարումն է։ Հիվանդներին բնորոշ է լոգորեան՝  պաթոլոգիկ շատախոսությունը, սակայն խոսքը կապակցված չէ։ Խոսքում առկա են վերբալ և լիտերալ պարաֆազիաներ, էխոլալիա։

Սենսորային աֆազիա ունեցող հիվանդները հաճախ են գործածում ժեստեր, ավելին զրուցակցի խոսքը ընկալելու համար նրանք ուշադիր հետևում են դիմացինի միմիկային, որպեսզի հականա նրա խոսքի իմաստը։

Ակուստիկ-մնեստիկական աֆազիայի ժամանակ ախտահարվում է  Բրոդմանի 21- և 37-րդ սեմանտիկական  դաշտերը։ Այս դեպքում հիվանդների մոտ տուժած է լինում խոսքալսողական հիշողությունը։ Օրինակ, հիվանդը կարող է  արտասանել նախադասության 1-ին բառը, կամ առաջին ու վերջինը։ Այս հիվանդների խոսքը ընդհանուր առմամբ հասկանալի է զրուցակցին։

Սեմանտիկական աֆազիայի ժամանակ ախտահարված է լինում Բրոդմանը 39-չդ սեմանտիկական դաշտը, Հիմնական ախտանիշը  ագրամատիկ խոսքն է։ Աֆազիայի այս ձևն ունեցող հիվանդներին բնորոշ է տարածական գնոզիսի խանգարումները։, Բնորոշ են  տեսա-տարածական ապրաքսիան։ Հիվանդը դժվարությամբ է ընկալում տարածական կապերը՝ վրա, տակ, մեջ, սակայն  հիվանդների մոտ պահպանված է  խոսքի  հաղորդակցական ֆունկցիան, քանի որ խոսքը կոպիտ կերպով ախտահարված չէ։

Ամնեստիկական աֆազիայի ժամանակ ախտահարված է լինում հետին քունքային գագաթա-ծոծրակայնի հատվածը, այսպես ասած ТРО  զոնան / tempora-lisparieutalis-occipitalis/։ Աֆազիայի այս ձևին բնորոշ հիմնական ախտանիշը առարկաների անունները  չհիշելն  է։

Սակայն հիմնականում աֆազիան չի հանդիպում մաքուր ձևով։ Հանդիպում է խառը ձևը։

 —Տեսակներից որո՞նք են  առավել հաճախ հանդիպում

-Ըստ էության ես պատասխանեցի  այս հարցին, ավելի  հաճախ աֆազիան հանդիպում է համալիր ձևով, այսինքն աֆազիայի մի քանի ձևեր միաժամանակ, օրինակ կարող է լինել   էֆերենտ մորոր աֆազիա, սակայն հիվանդի մոտ առկա լինի նաև դինամիկական աֆազիայի ախտանիշներ և սեմանտիկական աֆազիային բնորոշող ախտանիշներ։

Արդյունքում հիվանդի մոտ տուժած են լինում խոսքի տարբեր բաղադրիչնոր, ոչ միայն հնչարտաբերությունը, այլև խոսելու ինիցիատիվան, դժվարությամբ է նախադասության համար ընտրում համապատասխան կապական բառը և այլն։

 —Արդյո՞ք կանխարգելելի է աֆազիան

-Աֆազիան կանխարգելելը  ավելի շատ կախված է այն առաջացնող պատճառները կանխարգելելուց։

Եթե ավելի պատկերավոր  նկարագրենք, հաճախ աֆազիա առաջանում է գլխուղեղի արյան շրջանառության  սուր խանգարման, տրավմաների  հետևանքով, ուստի կանխարգելելով այս պատճառները կարող ենք կանխարգելել նաև աֆազիան։

Օրինակ՝ արյան շրջանառության սուր խանգարումները 40%  դեպքերում   առաջացնում են աֆազիա, իսկ արյան շրջանառության խանգարման առաջացման հիմնական  պատճառները բարձր զարկերակային ճնշումն է,  սթրեսը, ծխելը, նստակյաց կյանքը, ուստի կանխարգելելով այս ամենը, կարող ենք կանխարգելել արյան շրջանառության սուր խանգարումը, ուստի և աֆազիան։

Սակայն նեյրոդեգեներատիվ  , ինչպես նաև ուշ  փուլերում ախտորոշված գլխուղեղի ուռուցքային հիվանդությունների ժամանակ, ցավոք սրտի,   կանխարգելող ոչինչ անել հնարավոր չի, իսկ լոգոպեդական միջամտությունը այս դեպքում կարող է լինել միայն որպես պալեատիվ խնամքի բաղադրիչ։

 Բուժման ինչպիսի՞ մեխանիզմներ կան

Աֆազիայի ժամանակ  համակարգված բժշկական միջամտությանը զուգահեռ աշխատանք է տարվում խոսքի վերականգնման ուղղությամբ։ Արյան շրջանառության սուր խանգարումների, կամ գանգուղեղային տրավմաների, ուռուցքների վիրահատությունից հետո, երբ առաջանում է խոսքի մասնակի կամ լրիվ կորուստ, անհրաժեշտություն է լինում լոգոպեդական միջամտություն խոսքի կորուստի առաջին իսկ օրերից, ավելին,  սկզբնական ժամանակահատվածը շատ կարևոր և վճռորոշ է, այդ այն ժամանակահատվածն է երբ հիվանդը դեռևս չի գիտակցում, որ կորցրել է խոսելու ունակությունը, և այս դեպքում հնարավոր է ավելի հեշտորեն նպաստել խոսքի վերականգնմանը։

Լոգոպեդական միջամտությունը,  ըստ էության,  խոսային թերապիա է, և, աֆազիայի ձևից կախված, տարվում է համապատասխան աշխատանք՝ խոսքի կորցրած այս կամ այն բաղադրիչը վերականգնելու նպատակով։

Ինչևէ,  աֆազիայով հիվանդների հետ աշխատանքը իրենից ներկայացնում է կոմպլեքս թերապևտիկ միջամտություն, որում ներգրավված են բժիշկ-նյարդաբանը, լոգոպեդը,  ֆիզիոթերապիստը, հոգեբանը, անհրաժեշտության դեպքում նաև այլ մասնագետներ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ