Գլխավոր էջ Գլխավոր Դիմակ կրե՞լ, թե՞ չկրել․ վարչապետի և նախարարի անհաստատակամության հետքերով

Դիմակ կրե՞լ, թե՞ չկրել․ վարչապետի և նախարարի անհաստատակամության հետքերով

1850
0
Նույն փաստը պնդում էին միաժամանակ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Ըստ ԱՆ նախարարի պարզաբանման՝  կորոնավիրուսը շատ ավելի փոքր է, բարակ է, քան դիմակների մեջ եղած անցքերը:
«Դիմակները պետք է փոխվեն 3-4 ժամը մեկ: Չփոխվող դիմակներն ավելի վտանգավոր են, քան առանց դիմակի լինելը, հատկապես ոչ պատշաճ նյութերից պատրաստված, որովհետև դրանց վրա կուտակվում են թե՛ վիրուսները, թե՛ միկրոօրգանիզմները, թե՛ փոշին, և, հետևաբար, դիմակ կա՛մ պետք է օգտագործել պատշաճ որակի և ձևի, կա՛մ պետք է չօգտագործել»,- հայտարարել էր Արսեն Թորոսյանը։
Այժմ  դիմակ և ձեռնոց կրելը պարտադիր է դարձել հանրային տրանսպորտից, առևտրային կենտրոններից օգտվելիս, իսկ հանրային բաց տարածքում դիմակի և ձեռնոցի առկայությունը պարտադիր է՝ հակառակ դեպքում քաղաքացին կտուգանվի 10 000 դրամով։ Հետաքրքի՞ր է, թե այս ընթացքում ինչ է փոխվել։ Մեկ բան հաստատ է ԱՀԿ-ի հայտարարությունը դեռ մնում է նույնը՝ այն է, առողջ մարդիկ պետք է բժշկական դիմակ կրեն միայն այն դեպքում, երբ խնամում են կորոնավիրուսով վարակաված անձանց։ Ստացվում է, որ փոփոխությունները տեղի են ունեցել հայաստանյան իրավիճակում։
Ի՞նչ ունեինք նախկինում։ Դիմակների դեֆիցիտ և պաշտոնյաների հայտարարությունները,  որ բժշկական դիմակ կրելը չի կանխարգելում կորոնավիրուսի տարածումը։ Իսկ ի՞նչ ունենք այժմ։ Ապրիլի 6-ից Հայաստանում սկսել են արտադրել բժշկական դիմակներ։ Այս մասին տեղեկացրել էր Արսեն Թորոսյանը՝ իր ուղիղ եթերում։
Տպավորություն է ստացվում, որ  այժմ, երբ դիմակների դեֆիցիտ չկա, ավելին բժշկական դիմակների տեղական արտադրություն է սկսվել, կառավարությունը որոշել է խթանել դիմակների վաճառքը՝  քաղաքացիների համար սահմանելով վարքագծի կանոներ։
«Խոսում են այն մասին, որ առողջ մարդկանց դիմակ կրել պետք չէ։ Իսկ կորոնավիրուսի պայմաններում ո՞վ է առողջ մարդ։ Ով գիտի՝ առո՞ղջ է, թե՞ առողջ չէ»,- մամուլի ասուլիսի ընթացքում էլ նշել է  վարչապետը՝ դիմակ կրել-չկրելու մասին հարցին ի պատասխան։
Իսկ մի՞թե նախկինում, երբ ԱՆ նախարարն ու Թորոսյանը, երբ պնդում էին, որ դիմակ կրելու կարիք չկա, գիտեին՝ ովքեր են առողջ, իսկ ովքեր վարակակիր։
Իրար հակասական այս հայտարարության հետքերով կարող ենք անվերջ գնալ, ու դեռ պարզ էլ չէ՞  դիմակի կրելը մոտ օրերս կշարունակի պարտադիր լինել, թե՞ ոչ։
Բայց այս պահի դրությամբ, ԱՀԿ-ի և ՀՀ Առողջապահության նախարարության և պարետատան հակասական հայտարարությունների պատճառը հասկանալու համար Medmedia-ն կապ հաստատեց ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ։ Վերջինս հրաժարվեց բանավոր պատասխանել այն հարցին, թե ինչով է պայմանավորված ՀՀ-ում դիմակ կրելու պարտադիր լինելը, երբ ԱՀԿ-ն հակառակն է պնդում։
«Հարցի պատասխանն ստանալու համար հարցում ուղարկեք»,- պատասխանեց խոսնակը։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Առողջապահության նախարարությունը խուսափողական պատասխան է տալիս՝ հարցումներն էլ երբեմն անպատասխան թողնելով, իսկ լրատվականներին մեղադրում ոչ ճշգրիտ տեղեկատվություն տարածելու մեջ՝  հարցումները որակելով «անհեթեթ»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ