Գլխավոր էջ Գլխավոր Մենք ավելի շատ ոչ թե համաճարակը կանխարգելում ենք, այլ՝ վազում դրա հետևից․...

Մենք ավելի շատ ոչ թե համաճարակը կանխարգելում ենք, այլ՝ վազում դրա հետևից․ Արշակ Պապոյան

1014
0

Չեմ կարծում, որ կարանտինի վերացումն էական բան է փոխում, քանի որ այն այս պահին ավելի շատ ֆորմալ բնույթ է կրում, եթե նայենք դրսում մարդկանց քանակը, անգամ խցանումները՝ հատկապես վերջին երկու շաբաթվա ընթացքում: Tert.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց համաճարակաբան, «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի Համաճարակաբանության հսկողության բաժնի նախկին վարիչ Արշակ Պապոյանը՝ անդրադառնալով պարետատան որոշմանը՝ մայիսի 4-ից վերացնել սահմանափակումների մեծ մասն ու թույլ տալ քաղաքացիների ազատ տեղաշարժը:

Նրա խոսքով՝ կարանտինային միջոցառումների վերաբերյալ վերջնական կարծիք հայտնելու համար դեռ վաղ է, քանի որ դրանցից նաև որոշ ժամանակ պետք է անցնի, սակայն այս պահի գնահատականով` այդ միջոցառումները մեծ ազդեցություն չունեցան, քանի որ դրսում այնքան մարդ կա, ինչքան մինչ այդ միջոցառումները:

«Ընդհանրապես, կարանտինի նպատակն այն էր, որ միանգամից շատ թվով վարակակիրներ չհայտնվեին հիվանդանոցներում, և  առողջապահական համակարգի կոլապս չստեղծվեր: Այլ հարց է՝ ինչքանով է դա մեզ մոտ աշխատել: Գուցե սահմանափակումները մեր երկրում պետք է ավելի շուտ մտցվեին, որպեսզի ավելի լավ արդյունք լիներ: Ի սկզբանե, իմ տպավորությամբ, մենք ավելի շատ ոչ թե համաճարակը կանխարգելում ենք, այլ՝ վազում դրա հետևից: Մի հարց է սահմանափակումներ մտցնելը, մեկ այլ հարց՝ դրանք աստճանաբար հանելը»,-ասաց համաճարակաբանը՝ նշելով, թե կորոնավիրուսը մեր կյանքից չի անհետանալու, և պետք է սովորել ապրել, աշխատել դրա հետ, ինչը նշանակում է, որ պետք է ճիշտ պլանավորել այն բոլոր միջոցառումները, որոնք պետք է հնարավորւթյուն տան կանխարգելելու հիվանդության հետագա զարգացումը:

Համաճարակաբանը համաձայն է այն դիտարկումներին, թե քաղաքացիների՝ կարանտինին անլուրջ վերաբերվելուն ինչ-որ չափով նպաստեցին որոշ հայտարարություններ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «կորոնավիրուսն ում շունն է», և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը, թե «կորոնավիրուսը հատուկ վտանգավոր հիվանդություն չէ»:

«Այդ հայտարարությունները մարդկանց մոտ կարծես անլուրջ տպավորություն ձևավորեցին, հետագայում արդեն ավելի խիստ միջոցառումներ մտցնելիս քաղաքացիները դրանց սկսեցին թեթև վերաբերվել՝ չպատկերացնելով, որ կարող են էական հետևանքներ լինել: Մինչդեռ բոլոր այն երկրներում, որտեղ ի սկզբանե լուրջ վերաբերվեցին վիրուսին և միանգամից միջոցառումներ ձեռնարկեցին, պատկերը եղավ ավելի դրական, քան ՀՀ-ում, օրինակ՝ հարևան Վրաստանում»,- նշեց նա:

Պապոյաննն ընդգծեց՝ բուժաշխատողների վարակման բազմաթիվ դեպքերը էական խնդիր են, պետք է պատշաճ իրականացվեն բոլոր այն միջոցառումները, որոնք կկանխեն բուժաշխատողների վարակման դեպքերը:

«Չի կարելի թույլ տալ, որ մեծ թվով բուժաշխատողներ թեկուզ կարճ ժամանակով դառնան անաշխատունակ: Կարծես թե, մենք չունենք ստանդարտ գործողությունների՝ հստակ ներդրված համակարգ, թե ինչպես պետք է վարվեն բուժաշխատողները՝ պացիենտների ընդունման ժամանակ: Իսկ այդպիսի ընթացակարգեր պետք է լինեն ոչ միայն այն բուժհաստատություններում, որտեղ բուժօգնություն են տրամադրում կորոնավիրուսային վարակով մարդկանց, այլև մյուս բոլոր բուժհաստատություններում»,-ասաց նա՝ հավելելով նաև, որ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում» աշխատած բազմաթիվ մասնագետների չեն ներգրավում կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներում, մինչդեռ վերջիններս պատրաստ են աջակցել կազմել այնպիսի ծրագրեր, որոնք կօգնեն էականորեն կանխել բուժաշխատողների վարակման հետագա դեպքերը:

 

Աղբյուր՝ Tert.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ