Գլխավոր էջ Նորություններ Առողջապահական պետական բյուջեն կրկին մնում է ոչ ցանկալի 1.6%-ի շրջանակներում․ Ա․ Թորոսյան

Առողջապահական պետական բյուջեն կրկին մնում է ոչ ցանկալի 1.6%-ի շրջանակներում․ Ա․ Թորոսյան

379
0

2023 թվականի պետական բյուջեով առողջապահության ոլորտում ծախսերը կկազմեն 146․3 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 1․6% -ը․ «Բյուջեով նախատեսված միջոցները կգերազանցեն այս տարվա համար նախատեսված չափը մոտ 10%-ով։ Որից 11.9 մլրդ դրամը նախատեսված է կապիտալ ծախսերի համար»,-օրերս ԱԺ-ում հայտնեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Պատգամավոր Արսեն Թորոսյանն էլ հարց ուղղեց նախարարին, քանի որ ըստ իրեն՝ ՀՆԱ-ի նկատմամբ ցուցանիշով առողջապահական պետական բյուջեն կրկին մնում է ոչ ցանկալի 1.6%-ի շրջանակներում․ « Ձեր զեկույցի ընթացքում Դուք նշեցիք առողջապահական ծախսերի բացարձակ թիվը, աճը՝ անցյալ թվի համեմատ, ինչպես նաև նշեցիք ՀՆԱ-ի հանդեպ ունեցած տոկոսը, որը կրկին 1,6 է, իհարկե, մի փոքր ավել է, քան այս տարվա տոկոսն է, որովհետև մենք այս տարվա բյուջեում ունեինք ՀՆԱ-ի նկատմամբ մի փոքր տոկոսի իջեցում , բայց եթե վերջին մի քանի տարիների միջինը վերցնենք, ըստ էության, տատանվում է նույն թվի շուրջ։ Իհարկե, լավ է, որ բացարձակ թվով ունենք նման էական աճ և հատկապես՝ կապիտալ ծախսերի մասով, բայց առողջապահությանը հատկացվող ուշադրության հիմնական ցուցանիշը մնում է այդ տոկոսը, այսինքն ՀՆԱ-ի նկատմամբ հանրային ծախսերի տոկոսը, որը ըստ էության մեզ դեռ չի հաջողվում էականորեն փոխել»,- հարցրեց Թորոսյանը՝ Խաչատրյանին՝ հետաքրքրվելով, թե ե՞րբ կկարողանանք այդ հարցում առաջընթաց ունենալ։

Նախարար Խաչատրյանն էլ ի պատասխան ասաց, որ կարծում է այդ հարցի պատասխանը կտրվի 2024-2026թթ միջնաժամկետ ծախսային ծրագիրը քննարկելու փուլում։ «Գիտեք, որ ներկայում, կառավարության իմ գործընկերները, առողջապահության նախարարությունը քննարկման են բերել շատ կարևոր բարեփոխումների օրակարգ, որը համընդհանուր առողջապահական բարեփոխում է ներկայացնում , վերաբերում է թե՛ շահառուների խմբերին, թե՛ ծառայությունների որակ հարցերին, և այդ ամենը, բնականաբար, գին ունի։ Եկեք, հիմա չասեմ՝ որ չափով կավելանա, որովհետև դա դեռևս գնահատականների և այդ ռեֆորմի բարեփոխումների արագությունը որոշելու հարցի պատասխանից էր կախված, բայց վստահաբար պետք է ավելանա»,- ընդգծեց նախարար Խաչատրյանը։

Օ․Պ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ