Մի՞ֆ, թե՞ իրականություն շարքում այս անգամ հյուրընկալվել է էնդոկրինոլոգ Գրետա Մուրադյանը։ Նրա հետ զրուցել ենք շաքարային դիաբետին վերաբերվող միֆերից մեկի մասին։
Միֆ – Շաքարային դիաբետ առաջանում է շաքարավազի, քաղցրավենիքի շատ օգտագործման հետևանքով։
Իրականություն- Տարբերակում ենք շաքարային դիաբետի երկու տեսակ՝ շաքարային դիաբետ տիպ մեկ և շաքարային դիաբետ տիպ երկու։ Շաքարային դիաբետ տիպ մեկի ժամանակ դադարում է ընդհանրապես ինսուլինի արտադրությունը ենթաստամոքսային գեղձի կողմից, որը բերում է ինսուլինի բացարձակ անբավարարության, այսինքն՝ ինսուլին չունենք և սա չի կարող կախված լինել շատ քաղցրավենիք, քաղցր հեղուկներ օգտագործելու հետ։ Շաքարային դիաբետ երկրորդի առաջացման պատճառը ճարպակալումն է, այսինքն՝ շատ քանակությամբ քաղցրի, քաղցրավենիքի, հացաբուլկեղենի օգտագործումը բերում է ավել քաշի, ինչի հետևանքով կարող է զարգանալ շաքարային դիաբետ տիպ երկուսը։ Շաքարի, քաղցրավենիքի օգտագործումը վտանգավոր է այնպես, ինչպես օրինակ ալկոհոլը, ճարպոտ սնունդը, այսինքն՝ այդ մթերքները նույնպես կարող են ճարպակալման պատճառ դառնալ, որի հետևանքով էլ կարող է առաջանալ շաքարային դիաբետ։ Հետևաբար, ինչ որ չափով կարել է ասել, որ դիաբետի զարգացումը կապված է շատ քաղցրավենիք օգտագործելու հետ, որը բերում է ճարպակալման, ինչն էլ իր հերթին նպաստում է շաքարային դիաբետի զարգացմանը։ Թեպետ պետք է նաև նշեմ, որ դիաբետի զարգացման մեխանիզմը շատ բարդ է և միայն շաքար պարունակող սննդամթերք օգտագործելը չէ որ կարող է դիաբետի զարգացման պատճառ դառնալ։
Լուսինե Մարդոյան