Գլխավոր էջ Գլխավոր ՇՄԶ կրեդիտներ հավաքելու նպատակով բացակայություններ․ ի՞նչ է սպասվում բուժաշխատողին

ՇՄԶ կրեդիտներ հավաքելու նպատակով բացակայություններ․ ի՞նչ է սպասվում բուժաշխատողին

701
0

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում օրերս քննարկվել է բուժաշխատողների և նրանց աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված նախագիծ։ ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Լուսինե Բադալյանի և Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում նախատեսող օրենքի նախագիծը:

Գործող օրենքում բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման գործընթացը կազմակերպելու համար բուժաշխատողներն անցնում են որոշակի դասընթացներ, գիտաժողովներ, ինչի պատճառով նրանք ստիպված են լինում աշխատանքից բացակայել: Կրեդիտները չհավաքելու դեպքում նրանք չեն կարող շարունակել գործունեությունն առողջապահության համակարգում:

Ըստ հիմնական զեկուցողի՝ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է բուժաշխատող-գործատու իրավահարաբերություններում ներդնել աշխատողի աշխատանքային ժամանակահատվածում մասնագիտական զարգացման, հավաստագրման եւ այլ իրավունքներ իրականացնելու ժամանակ վարձատրման, մասնագիտական գործունեության ստաժի հաշվարկման եւ երաշխավորված աշխատանքային գործունեությունը շարունակելու իրավական հիմքերը:

Ինչպես սկզբնաղբյուրը փոխանցում է ՝ հեղինակներն առաջարկում են այդ 220 կրեդիտ հավաքելը բաշխել 5 տարվա մեջ, որպեսզի բուժաշխատողները միանգամից երկարաժամկետ չբացակայեն: Նախագծում ամրագրել են, որ կարող են բացակայել տարեկան 10 օր. բուժհիմնարկը պետք է հսկի իր աշխատողների կրեդիտավորման գործընթացը:

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը նշել է, որ բուժաշխատողները կարող են կրեդիտները ստանալ նաև առցանց դասընթացով` առանց բացակայելու, կամ գիտական հոդված գրելով: Ուստի առաջարկում են տարեկան ոչ թե 10 օր բացակայել, այլ՝ 5: Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի խոսքով՝ իրենք հանդիպում են կազմակերպել մեծ ու փոքր բուժհիմնարկների տնօրենների հետ, ու բոլորը, առանց բացառության, ասել են՝ եթե ամիսներ չի տևելու բացակայությունը, իրենք որևէ խնդիր չունեն: Հանձնաժողովը քննարկման արդյունքում դրական եզրակացություն է տվել հեղինակների առաջարկած տարբերակին:

Օ․Պ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ