Սեզոնային սուր շնչառական վիրուսներով վարակվում ենք բոլորս, սակայն քչերը գիտեն, որ այդ վիրուսները կարող են ունենալ նաև ԼՕՌ հետևանքներ և բարդացումներ։ Թեմայի շուրջ մենք զրուցել ենք քիթ-կոկորդ-ականջաբան Նարինե Առուշանյանի հետ։
-Ի՞նչ ԼՕՌ հետևանքներ են ունենում սուր շնչառական վարակները։
-Սուր շնչառական վարակները հարուցվում են վիրուսներով և կարող են ընթանալ գրեթե բոլոր ԼՕՌ օրգանների ախտահարումներով`առաջացնելով դժվարացած քթայի շնչառություն, քթահոսություն, կոկորդի և ականջների ցավ, ձայնի խռպոտություն, հազ, լսողության իջեցում, գլխապտույտ, գլխացավ և այլն:
-Ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ, երբ մարդիկ վարակվում են սուր շնչառական վիրուսով։
– Սուր շնչառական վիրուսների դեպքում բարդություններ հաճախ լինում են երեխաների մոտ և այն անձանց, ովքեր ունեն ԼՕՌ օրգանների խրոնիկական խնդիրներ`անատոմիական փոփոխությունների կամ բորբոքումների տեսքով: Սուր ռեսպիրատոր հիվանդությունը կարող է բարդանալ սինուսիտներով, սուր ականջաբորբերով, սուր լարինգիտով (կոկորդաբորբ), երբեմն էլ բրոնխիտով ու թոքաբորբով: ՍՌՀ-ի ժամանակ կարող են սրանալ խրոնիկ նշիկաբորբը, ալերգիկ քթաբորբը:
-Որո՞նք են ամենատարածված խնդիրները։
-Ամենատարածված խնդիրներն ալերգիկ անձանց մոտ առաջացած բարդություններն են՝ քթի հարակից խոռոչների սուր բորբոքումները, երկարատև (մնացորդային) հազը, իսկ երեխաների մոտ սուր ականջաբորբը: Այն մարդիկ ովքեր ունեն լնդերի հիվանդություն, կարիեսով ախտահարված ատամներ կամ բերանի խոռոչի այլ ինֆեկցիոն-բորբոքային խնդիրներ ևս հակված են բարդությունների:
-Ինչպե՞ս է հնարավոր խուսափել այդ խնդիրներից։
-Խնդիրները կանխարգելելն ավելի հեշտ է քան բուժելը, առավել դժվար է բուժել ժամանակին չբուժված սուր, ապա խրոնիկական դարձած ախտահարումները: Կա թյուր կարծիք, որ վիրուսը չեն բուժում, ոչ բուժում ենք բոլոր այն երևույթները, որոնք առաջացնում են դիսկոմֆորտ և հնարավոր է բերեն բարդությունների: Սուր շնչական վարակի առաջին իսկ ախտանշանների դեպքում անհրաժեշտ է սկսել ընդունել շատ հեղուկներ և օգտագործել քթային անոթսեղմիչ ցողաշիթեր, քթի լորձաթաղանթը լվանալ քթի համար նախատեսված աղաջրերով, ընդունել ցավազրկող-հակաբորբոքային դեղորայք: Եթե սուր շնչական վարակը տևում է ավելի քան մեկ շաբաթ անհրաժեշտություն կա դիմելու բժշկի: Բարդությունները կարելի է կանխել նաև շատ հասարակ պատասխանատվությամբ`հիվանդ ժամանակ խուսափելով ծանրաբեռնվածությունից, հաճախակի փոխել քրտնած հագուսը, օդափոխել բնակարանը և աշխատասենյակը, փորձել հնարավորինս երկար մաքուր շնչել: Սուր ռեսպիրատոր հիվանդության ախտանշանները թեթևացնում և արագ ապաքինման է տանում շոգեբաղնիքի այցելությունը, եթե ինքնազգացողությունը թույլ է տալիս:
Լուսինե Մարդոյան