Գլխավոր էջ Գլխավոր Ուշադրություն․ քաղաքաբնակ չաշխատող ծնողների համար կառավարությունը նորություն ունի

Ուշադրություն․ քաղաքաբնակ չաշխատող ծնողների համար կառավարությունը նորություն ունի

303
0

Գործող օրենքի համաձայն` երեխայի խնամքի նպաստ է նշանակվում խնամքի արձակուրդում գտնվող աշխատող ծնողին ու գյուղում բնակվող ծնողին։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է 2023թ. հունվարի 1-ից երեխայի խնամքի նպաստ տալ մինչև 2 տարեկան երեխա ունեցող բոլոր մայրերին՝ անկախ աշխատել-չաշխատելու հանգամանքից ու բնակության վայրից։

2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի համար խնամքի նպաստ կստանան նաև չաշխատող քաղաքաբնակ ծնողները։ Հիշեցնենք, որ գործող օրենքը հարուցել էր քաղաքաբնակ չաշխատող ծնողների զայրույթը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած ««Պետական  նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»» օրենքի նախագիծը։ Նշենք, որ նախաձեռնությունն արժանացել էր հանձնաժողովի հավանությանը։

Եվ ի վերջո նախագիծը կյանքի կոչվեց․ 2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի համար խնամքի նպաստ կստանան նաև չաշխատող քաղաքաբնակ (կամ խնամքի արձակուրդում չգտնվող) ծնողները․ «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից։

Գործող կարգավորումների համաձայն՝ խնամքի նպաստ նշանակվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողին, ինչպես նաև երեխայի ծննդյան կամ դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի գյուղական բնակավայրի հաշվառում ունեցող և բնակվող ծնողին՝ անկախ աշխատելու հանգամանքից: Այժմ, իրականացված փոփոխությունների համաձայն, խնամքի նպաստի իրավունք կունենան նաև քաղաքաբնակ (կամ խնամքի արձակուրդում չգտնվող) ծնողներն՝ անկախ աշխատելու հանգամանքից։

Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողի դեպքում նպաստի չափը սահմանվելու է նվազագույն աշխատավարձի նկատմամբ Կառավարության կողմից սահմանված տոկոսով (ներկայումս նպաստի չափը՝ 28,600 դրամ է), իսկ չաշխատող ծնողի կամ խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի դեպքում՝ նպաստի չափը կսահմանվի խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափի 85 %-ը չգերազանցող չափով։

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի նշանակման համար քաղաքացին կարող է դիմել ինչպես Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ ներկայացնելով անձնագիր, ՀԾՀ, ինչպես նաև երեխայի ծննդյան վկայական ու ՀԾՀ, այնպես էլ առցանց՝ socservice.am կայքի միջոցով։

Չաշխատող կամ խնամքի արձակուրդում չգտնվող ծնողը մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի նշանակման համար կարող է դիմել երեխայի 70 օրականը լրանալուց հետո միայն։ Եթե վերջինս դիմի այդ օրվանից հետո 1 տարվա ընթացքում, ապա խնամքի նպաստը կնշանակվի 70 օրականը լրանալուն հաջորդող ամսվա 1-ից, իսկ ավելի ուշ դիմելու դեպքում՝ նպաստը կնշանակվի դիմելու օրվան հաջորդող ամսվա 1-ից։

Ինչո՞վ է պայմանավորված նման փոփոխությունը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է նաև, որ 2020 թվականի հուլիսի 1-ից հետո, երբ խնամքի նպաստի իրավունք տրվեց նաև չաշխատող՝ գյուղաբնակ ծնողներին, քաղաքաբնակ ծնողները արտահայտել են իրենց դժգոհությունն առ այն, որ քաղաքներում երեխային խնամելը նույնպես ծախսատար է և արժանի է պետական հոգածության:

Ս․ Ա․

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ