Գլխավոր էջ Գլխավոր Դեկտեմբերի սկզբից սեզոնային գրիպի ակտիվացում կլինի․ ե ՞րբ կարող ենք պատվաստվել

Դեկտեմբերի սկզբից սեզոնային գրիպի ակտիվացում կլինի․ ե ՞րբ կարող ենք պատվաստվել

217
0

Մասնագետները հորդորում են կորոնավիրուսի դեմ պատվաստումներին զուգահեռ ստանալ նաև գրիպի դեմ պատվաստումները, ինչպես հայտնի է,  Հայաստանում արդեն տևական ժամանակ է կամավոր սկզբունքով կատարվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումներ, թե մեծահասակների, թե երեխաների շրջանում։

ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ կարևոր է ստանալ գրիպի դեմ պատվաստում յուրաքանչյուր տարի, քանի որ գրիպի վիրուսներն անընդհատ փոփոխվում են, և, հետևաբար, գրիպի դեմ պատվաստանյութը յուրաքանչյուր սեզոն թարմացվում է՝ տվյալ սեզոնի ընթացքում շրջանառող վիրուսի տեսակին համապատասխան։ Պատշաճ պաշտպանություն ապահովելու նպատակով անհրաժեշտ է յուրաքանչյուր տարի ստանալ պատվաստում։

Մասնագետները հավաստիացնում են, որ սեզոնային գրիպի դեմ հղի կնոջ պատվաստումը կանխարգելում է ինչպես մոր, այնպես էլ նորածնի հիվանդացությունը գրիպով կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում, գրիպի հակամարմինների տրանսպլացենտար փոխանցման ճանապարհով: Բացի դրանից հակամարմինները փոխանցվում են նաև կրծքով կերակրելու միջոցով:

Հայաստանում ամեն տարվա նոյեմբերի վերջից կամ դեկտեմբերի սկզբից սպասվում է սեզոնային գրիպի ակտիվացում, դրանից պաշտպանվելու նպատակով հոկտեմբերից սկսվում են գրիպի դեմ պատվաստումները:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն, անդրադառնալով գրիպի դեմ պատվաստումներին, նշել է որ ամեն տարի հոկտեմբերից սկսվում են գրիպի դեմ պատվաստումները:

«Առաջին հերթին դա վերաբերում է ռիսկի խմբի քաղաքացիներին, մինչև 12 տարեկան երեխաներին, քրոնիկ հիվանդանդություններ ունեցողներին և 65 տարեկանից բարձր քաղաքացիներին: Ներկայում Հայաստանում սկսվում է շնչառական վարակների ակտիվացման սեզոնը և նկատվում է սուր շնչառական վարակների թեթև բարձրացում: Նոյեմբերի վերջին, դեկտեմբերից սկսվում է սեզոնային գրիպի ակտիվացմանը շրջանը: Ընդ որում, թե գրիպը, թե կորոնավիուսը, սեզոնայնությամբ պայմանավորված, միասին կարող են շրջանառվել»,-նշել է նախարարը:

Ըստ նախարարի՝ գրիպը ևս բավականին ծանր ընթացք կարող է ունենալ, հատկապես տարեցների պարագայում․

«Գրիպը ևս բավականին ծանր են տանում թե՛ քրոնիկ հիվանդները, թե՛ տարեց քաղաքացիները: Պատվաստվելն օգնում է հնարավորինս կանխարգելել բարդացման դեպքերը, գրիպի և կորոնավիրուսի պատվաստումները կարելի է իրականացնել նաև միաժամանակ»,-տեղեկացրել է նախարարը:

Նախարար Ավանեսյանի գնահատականներով՝ գրիպն ակտիվանում է նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին: Եվ այդ ամբողջ շրջանում մենք մեզ կարող ենք պաշտպանված զգալ, եթե պատվաստված ենք:

Ովքե՞ր պետք է պատվաստվեն

Առաջնահերթ պատվաստման ենթակա են հղի կանայք, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, 65 և բարձր տարիքի մեծահասակները, քրոնիկ հիվանդություններով տառապող անձինք (շաքարային դիաբետով, սիրտ-անոթային համակարգի, երիկամների քրոնիկ հիվանդներ), բուժաշխատողները, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմը (զինծառայողներ, դպրոց ինտերնատներ, մանկատներ, ծերանոցներ, հոգեկան առողջության կենտրոններ):

Գրիպի դեմ պատվաստումն անվտանգ է, բայց երբեմն, պատվաստումից հետո 1-2 օր ներարկման հատվածում կարող են նկատվել թեթև ցավ, քոր, կարմրություն։

Այս տարի, ինչպես նախորդ տարիներին, գրիպի դեմ 170 հազար պատվաստում իրականացնելու հնարավորություն կլինի: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի գնահատականներով էլ ամեն տարի այդ 170 հազարի մինչև վերջին դեղաչափն էլ սպառվում է: Այսպիսով քաղաքացիները կարող են մոտենալ ցանկացած պոլիկլինիկա և պատվաստվել: Հանրապետության հրապարակում կա նաև պատվաստման շարժական կետ, որտեղ ևս հասանելի է գրիպի դեմ պատվաստանյութը:

Հայաստանում առկա պատվաստանյութը կանխարգելում է թե H1N1, թե H3N2 ենթատեսակները:

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ