Գլխավոր էջ Նորություններ Այս պահին ընթանում են 12 բժշկական կենտրոնի նախագծման կամ շինարարական աշխատանքներ․ Ավանեսյան

Այս պահին ընթանում են 12 բժշկական կենտրոնի նախագծման կամ շինարարական աշխատանքներ․ Ավանեսյան

179
0

«Այս պահին ընթանում են 12 բժշկական կենտրոնի նախագծման կամ շինարարական աշխատանքներ»,- այսօր, կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Անահիտ Ավանեսյանը նշեց, որ շինաշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են, իսկ հաջորդ տարի բյուջեով նախատեսված են նոր ծրագրեր՝ կապված ամբուլատոր հատվածի բարենորոգման, բարեկարգման հետ։ «Սա շատ կարևոր ուղղություն է, քանի որ Հայաստանում հիվանդանոցային օղակն իր ենթակառուցվածքների, սարքավորումների հագեցվածության առումով կարող ենք արդեն համարել բավարար կետերի հասած։ Նույնը չենք կարող արձանագրել առաջնային օղակի վերաբերյալ, որը կարևոր բարեփոխումների թվում է, և կապիտալ ներդրումները հաջորդիվ պետք է ուղղվեն առաջնային օղակի բարեկարգման վրա»,- ասաց ԱՆ նախարարը։

Ինչպես նաև, նախարար Ավանեսյանն ընդգծեց, որ հաջորդ տարվա ընթացքում նախատեսում են մոտ 20 գյուղական ամբուլատորիաների ամբողջական վերանորոգում, վերակառուցում, համալրում, և սա բավական լավ ազդեցություն է ունենալու ընդհանուր համակարգի վրա․ «Համագործակցում ենք գործընկերների՝ այդ թվում Երևանի քաղաքապետարանի հետ, որոնց կապիտալ ներդրումները սինքրոն կերպով փորձում են համադրել իրենց բարեփոխումների հետ։ Նրանք ևս ունեն Երևանում քաղաքային պոլիկլինիկաների բազմածավալ վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ։ Իհարկե, սա մի մասն է, սակայն մենք պետք է հասկանանք, որ կարևոր է բուժաշխատողների որակավորման ու գիտելիքների թարմացումը, նոր կադրերի համալրումը, ինչի համար ներդրել ենք նպատակային ուսուցման ինստիտուտը»,- կարևորեց նախարարը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ