Գլխավոր էջ Գլխավոր Նևրոզների կլինիկայի անկումն ու 95 մլն-ի ներդրումը «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում

Նևրոզների կլինիկայի անկումն ու 95 մլն-ի ներդրումը «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում

330
0

Նևրոզների կլինիկան, որը շուրջ 30 տարի պացիենտներ էր ընդունել ու օգնություն տրամադրել անգամ պատերազմի հետևանքով այս կամ այն խնդրի առաջ կանգնած զինվորին, զոհվածի ու անհետ կորածի ծնողին, չկարողացավ պահել իր դիրքերը։

Դեռևս 2020թ-ի սեպտեմբերի 10-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել էր «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Պետական գույքի  կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Կոստանյանը նշել էր, որ Նևրոզների կլինիկան պրոֆիլի պահպանման խնդիր չունի և ներկայացնելու են մասնավորեցման` հակառակ դեպքում այն գնալու է լուծարման, քանի որ մյուս տարի պետպատվեր չի տրամադրվելու:

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի դիրքորոշումը հստակ էր․ «Այդպես ենք նպատակահարմար գտել»,-ասում էր նա, առանց հիմնավոր պատճառաբանության, իսկ կլինիկայի տնօրեն Ցոլակ Հակոբյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ կփորձի պայքարել ու պատկան մարմիններին հասանելի դարձնել կենտրոնի կարևորությունը։

Նշենք, որ Նևրոզների կլինիկան պատկանում էր Պետական գույքի կառավարման կոմիտեին, որի նախագահն էր Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը, ում հետ բժիշկ Հակոբյանը ցանկացել էր հանդիպել, խոսել և հասկանալ, թե ինչու են իրեն հեռացրել՝ հատկապես այն դեպքում, երբ կլինիկայի շահառուներն իրենից գոհ են։ Սակայն Գարիկ Սարգսյանը չէր ընդունել բժշկին` որևէ պատճառաբանություն չնշելով։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել էր, որ առաջիկայում ամբողջությամբ վերանորոգելու են  «Ավան» հոգեկան առողջության կենտրոնը: «Նևրոզների կլինիկա»-ի գործունեությունն ընդհանուր առմամբ տեղափոխվելու է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն:

«Փորձելու ենք դրա շրջանակներում զարգացնել այս ծառայությունը՝ համապարփակ, մեկ բժշկական կենտրոնի շրջանակներում»,- ասել է Անահիտ Ավանեսյանը և նշել , որ դրա համար արդեն  պետության կողմից հատկացվել են միջոցներ։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք միավորման արդյունքում աշխատակիցները չեն մնա առանց աշխատանքի և ինչպես է այդ խնդիրը լուծվելու, նախարարն ասել է, որ բոլոր այն աշխատողները, որոնք կհամապատասխանեն նոր  կենտրոնում աշխատելու  պայմաններին, կտեղափոխվեն նոր կենտրոն

Նշենք որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել:

Բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու միջոցով ««Ավան» հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնել 95,000,000 (իննսունհինգ միլիոն) դրամով՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով:

Որոշման հիմնավորմամբ ասվում է, որ մինչև վերջին տարիներին հոգեկան առողջության պահպանման ոլորտը մատնված է եղել անուշադրության։ Բուժական գործընթացի, մատուցող ծառայությունների հասանելիության, ինչպես նաև շենքային պայմանների բարելավման ուղղությամբ գրեթե աշխատանքներ չեն իրականացվել։ Ավելին՝ համապատասխան նեղ մասնագիտացված ծառայություններ մատուցող որոշ կազմակերպություններ ներառվել են մասնավորեցվող օբյեկտների ցանկում, մասնավորապես՝ հոգեկան առողջության պահպանման ոլորտում «Նևրոզների կլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը այսուհետ՝ կլինիկա:

Կենտրոնը, որը կառուցվել է 1971 թվականին, առ այսօր վերանորոգման չի ենթարկվել, ինչի հետևանքով շարքից դուրս են եկել գրեթե բոլոր սպասարկման ենթակառուցվածքները՝ հիվանդասենյակները, սանհանգույցները և լոգարանները, խոհանոցային տնտեսությունը, ջեռուցման համակարգը և այլն։

Կլինիկայի կողմից մատուցվող նեղ մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները կենտրոն տեղափոխելու համար հրատապ է համարվում մեկ բաժանմունքի ամբողջական հիմնանորոգումը, որը շենքային և կենցաղային վատ պայմանների պատճառով տարիներ շարունակ չի շահագործվել։

Վերոնշյալ ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել «Առողջապահական կազմակերպությունների կառուցում, վերակառուցում» բյուջետային միջոցառման ազատ միջոցների հաշվին:

Ս․ Ա․

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ