Գլխավոր էջ Գլխավոր Թորոսյանի «վերջին նվերը» ու «մազապուրծ եղած» կլինիկան

Թորոսյանի «վերջին նվերը» ու «մազապուրծ եղած» կլինիկան

593
0

2020թ-ի սեպտեմբերի 10-ին ԱԺ-ի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:  Պետական գույքի  կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Կոստանյանը նշել էր, որ Նևրոզների կլինիկան պրոֆիլի պահպանման խնդիր չունի և ներկայացնելու են մասնավորեցման` հակառակ դեպքում այն գնալու է լուծարման, քանի որ մյուս տարի պետպատվեր չի տրամադրվելու: Նևրոզների կլինիկան, որը պացիենտներ է ընդունում շուրջ 30 տարի ՝ փակման վտանգի առաջ էր, իսկ հիվանդների այլընտրանքը՝ հոգեբուժարանն էր։

Նշենք, որ այդ կլինիկայում այս պահին բուժում են ստանում զոհված, անհետ կորած ու վիրավորում ստացած զինվորների ծնողները, պատերազմի մասնակից զինծառայողները և այս իրավիճակում ֆինանսավորումից զրկել այս կլինիկան՝ անհեթեթություն էր։

Medmedia.am-ը անդրադարձել էր խնդրին մոտ մեկ ամիս առաջ, այդ ժամանակ նախկին նախարար Արսեն Թորոսյանի դիրքորոշումը հստակ էր․ «Այդպես ենք նպատակահարմար գտել»,-ասում էր նա, անորոշ էր կլինիկայի ճակատագիրը, տնօրենը մեզ հետ զրույցում նշել էր, որ կփորձի պայքարել ու պատկան մարմիններին հասանելի դարձնել կենտրոնի կարևորությունը։

Այսօր ևս կապ հաստատեցինք կլինիկայի տնօրեն Ցոլակ Հակոբյանի հետ, ով նշեց, որ ֆինանսավորման հարցը կարգավորվել է․

«Պետությունը կֆինանսավորի Նևրոզների կլինիկան։ Հարցը կարգավորվեց, առաջիկա մեկ տարին մեր կլինիկային կտրամադրվի պետական ֆինանսավորում»,-Medmedia.am-ի հետ զրույցում նշեց պարոն Հակոբյանը։

Նշենք, որ կլինիկայում տրամադրվում է անվճար բուժօգնություն, իսկ հիվանդները հնարավորություն ունեն օրական երեք անգամ անվճար սնվելու։ Պատերազմի այս չարաբաստիկ օրերից հետո էլ կլինիկայում բուժում են ստանում զինվորները, անհետ կորած կամ զոհված զինվորների ծնողները։

«Մեր հիվանդները բողոքել էին ու պահանջել վերանայել որոշումը։ Նշեմ, որ  մենք զինվորականների ենք բուժում, պատերազմական իրավիճակում հոգեախտաբանական շատ խանգարումներ են զինվորների մոտ եղել ու մենք կարողանում ենք օգնել նրանց։  Ես նամակ գրեցի ԱՆ ու նշեցի կլինիկայի անհարաժեշտությունը։  Մենք բողոքի ալիքի էինք սպասում զինվորականների, նրանց ծնողների ու առհասարակ մեր պացիենտների կողմից, քանի որ նրանք ևս զգում են մեր կլինիկայի անհրաժեշտությունը և ի վերջո այն զրկելով պետական ֆինանսավորումից, այս մարդկանց բուժումը հնարավոր չէր լինի պատշաճ պայմաններում շարունակել»,-նշեց կլինիկայի տնօրենը ու հավելեց, որ երբեք չէր եղել այնպես, որ հունվար ամսին 110 տոկոս ծանրաբեռնվածությամբ աշխատեն։

«Հոկտեմբեր,նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին մեր հիվանդների 97 տոկոսը պատերազմից տուժածներն էին, փորձում էինք քաղաքացիական հիվանդների բուժումը հետաձգել ու մարտի դաշտից եկած զինծառայողներին  ու զոհված ազատամարտիկների ծնողներին ընդունել, ցավոք դեռ հիվանդների հոսք է սպասվում»,-ասաց Ցոլակ Հակոբյանը։

Մեր զրուցակիցը նշեց, որ իրենք պացիենտներ են ունեցել նաև արտերկրից, ովքեր ևս բողոքի ձայն են բարձրացրել։

« Մեր հիվանդները սոցիալական ցանցերում գրում էին ու իրենց բողոքն արտահայտում։ Չինաստանից, Հնդկաստանից, Բրազիլիայից, ԱՄՆ-ից, Արգենտինայից , բողոքի մեծ ալիք բարձրացավ, բացի այդ ես նամակներով նախարարություն էի դիմել, ի վերջո այնտեղ էլ խելոք մարդիկ կան, ես նաև գրել եմ, որ այս կլինիկան դեռ քիչ է մեր երկրի համար, ցավոք սպասում ենք դեռ ավելի շատ հիվանդների ու նևրոզների բուժման կլինիկաներ պետք է ունենանք»,-ասաց մեր զրուցակիցը։

Նշենք, որ հիվանդանոցն այս պահին շատ ծանրաբեռնված է՝ բուժում է ստանում 55 հիվանդ, բուժվում են նյարդային խնդիրներ, վախեր տագնապներ ունեցող անձինք ( հիմնականում պատերազմի բոհով անցած):

Զրուցեց՝ ՍՅՈՒԶԻ Ասատրյանը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ