Գլխավոր էջ Գլխավոր Քաղաքում բնակվող չաշխատող ծնողները չեն մնա առանց նպաստի․ նոր որոշում

Քաղաքում բնակվող չաշխատող ծնողները չեն մնա առանց նպաստի․ նոր որոշում

431
0

Գործող օրենքի համաձայն` երեխայի խնամքի նպաստ է նշանակվում խնամքի արձակուրդում գտնվող աշխատող ծնողին ու գյուղում բնակվող ծնողին։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է 2023թ. հունվարի 1-ից երեխայի խնամքի նպաստ տալ մինչև 2 տարեկան երեխա ունեցող բոլոր մայրերին՝ անկախ աշխատել-չաշխատելու հանգամանքից ու բնակության վայրից։

2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի համար խնամքի նպաստ կստանան նաև չաշխատող քաղաքաբնակ ծնողները։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»» օրենքի նախագիծը։ Նշենք, որ նախաձեռնությունն արժանացել են հանձնաժողովի հավանությանը։

Ի՞նչ կտա նախագիծը։

․ Նախաձեռնությունն ընդունվելու դեպքում 2023թ. հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակվելու է բոլոր մայրերին՝ անկախ նրանց հաշվառման վայրից:

․ Նախագծում նշվում է, որ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունի երեխայի ծնողներից մեկը, որդեգրողը կամ խնամակալը մինչև երեխայի երկու տարեկանը լրանալու ամիսը՝ ներառյալ, եթե խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ ՝

ծնողը և երեխան Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով,

երեխան գտնվում է Հայաստանի Հանրապետությունում,

երեխան չի գտնվում բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) կամ չունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ:

․ Օտարերկրյա քաղաքացի ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք, եթե բավարարում է սահմանված պայմաններին և երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծնողն առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով:

․ Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչև երկու տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր երեխայի համար:

․ Խնամքի նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ինչո՞վ է պայմանավորված նման փոփոխությունը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է նաև, որ 2020 թվականի հուլիսի 1-ից հետո, երբ խնամքի նպաստի իրավունք տրվեց նաև չաշխատող՝ գյուղաբնակ ծնողներին, քաղաքաբնակ ծնողները արտահայտել են իրենց դժգոհությունն առ այն, որ քաղաքներում երեխային խնամելը նույնպես ծախսատար է և արժանի է պետական հոգածության:

Գործող օրենսդրության համաձայն մայրության նպաստը ո՞ւմ եվ ի՞նչ չափով է տրամադրվում։

Մայրության նպաստ ստանալու իրավունք ունեն ինչպես գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձինք, այնպես էլ չաշխատող քաղաքացիները:

Գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց համար ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածը 140 օր է, որը ներառում է 70 օր հղիության, 70 օր՝ հետծննդաբերական ժամանակահատվածից: Այս դեպքում մայրության նպաստի չափը հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից:

Չաշխատող անձին մայրության նպաստը նշանակվում է բժշկական հաստատության կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա։ Նպաստը, որը կազմում է  156, 600 դրամ, նշանակվում է, եթե դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը (անձնագիր, ՀԾՀ, ժամանակավոր անաշխատունակության թերթիկ) Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն է ներկայացվում հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օր) ընթացքում: Այդ ժամանակահատվածից հետո դիմելու դեպքում մայրության նպաստ չի նշանակվում։

Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 300,000 դրամ է, երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 1,000,000 դրամ, իսկ հինգերորդ և հաջորդ երեխաների ծննդով պայմանավորված՝ 1,500,000 դրամ։

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը (անձնագիր, ՀԾՀ, ինչպես նաև երեխայի ծննդյան վկայական ու ՀԾՀ) ներկայացվել են նոր ծնված երեխայի ծննդյան ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում (մինչև երեխայի 1 տարին լրանալը)։

Քաղաքացին կարող է դիմել ինչպես Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն, այնպես էլ առցանց՝ socservice.am կայքի միջոցով։

2022 թ․ հունվարի 1-ից հետո ծնված կարգաթվով երրորդ և հաջորդ երեխաների դեպքում տրամադրվում է ամսական 50,000 դրամ աջակցություն՝ մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։ Այսինքն, ընտանիքն ստանում է ամսական 50,000 դրամ, եթե ունի առնվազն 2 երեխա, իսկ երրորդ և հաջորդ երեխաները ծնվել են 2022 թ․ հունվարի 1-ից հետո։

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ