Գլխավոր էջ Նորություններ Երեխաների ոտնահարված իրավունքները․ կարձագանքի՞ ՄԱԿ-ը

Երեխաների ոտնահարված իրավունքները․ կարձագանքի՞ ՄԱԿ-ը

281
0

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ոչ միայն ունեցանք զոհեր, վիրավորներ, բազմաթիվ անձինք մնացին անտուն, տարհանվեցին սեփական բնակավայրերից,այլև՝ շուրջ 25 հազար աշակերտ զրկվեց  կրթության իրավունքից։ Ինչպես հաղորդել է  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, խոսքը թե՛ դպրոցական, թե՛ նախադպրոցական հաստատությունների մասին է: Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հրետակոծության հետևանքով Գեղարքունիքի մարզում վնասվել էր երկու ուսումնական հաստատություն: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ շատ արագ կկարգավորվեն վերականգնման աշխատանքները: Ուսումնական հաստատությունները թիրախավորելը, ըստ Ժաննա Անդրեասյանի մտահոգիչ է, դա, ըստ  նրա, բոլոր միջազգային իրավունքների տեսանկյունից խախտում է:

Ի դեպ՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պաշտոնական նամակ է հղել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ ներկայացնելով 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա և դրա հետևանքները:

Նամակում նշվել է, որ ագրեսիայի հետևանքով շուրջ 7600 հոգի տեղահանվել է․

«Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից տեղահանվել է առնվազն 7600 հոգի։ Տեղահանվածների ճնշող մեծամասնությունը կանայք, երեխաներ և տարեցներ են, որոնց թվում՝ նաև հաշմանդամություն ունեցող անձինք։

Նամակում նա նաև տեղեկացրել է, որ Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի 172 դպրոցներում սովորող 24873 դպրոցական և 69 մանկապարտեզների 5808 նախադպրոցական տարիքի երեխաներ զրկվել են կրթության և բարեկեցիկ ապագայի իրավունքից: Վտանգված է նաև այդ մարզերում գործող արտադպրոցական ուսումնական հաստատությունների, քոլեջների և բուհերի գործունեությունը։

Նամակով ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը դիմել է Օդրի Ազուլեին՝ խնդրելով արձագանքել ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով առաջացած ծանր սպառնալիքին և դատապարտել Ադրբեջանի նմանօրինակ թշնամական գործողությունները՝ այդպիսով նպաստելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի հիմնարար սկզբունքների հետագա խախտումների կանխարգելմանը և կրթության իրավունքի, բռնի տեղահանված բնակչության իրավունքների, ռազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության իրավունքների ապահովմանը։

Ինչպես նշեցինք, ագրեսիայի հետևանքով երեխաները զրկվել էին իրենց կրթության իրավունքից, բայց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի դպրոցները, որոնք Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված՝ դադարեցրել են ուսումնական գործընթացը, կվերսկսեն աշխատանքը։ Տրամադրված արձակուրդն ավարտվել է։ Նա տեղեկացրել է, որ որոշ դպրոցներում կրթությունը հեռավար կկազմակերպվի։Խոսքը հիմնականում Գեղարքունիքի մարզի մասին է։

Ջերմուկում երեք դպրոց կանցնեն հեռավար ուսուցման, Սյունիքում կվերսկսեն դասերը առկա ուսուցմամբ, Գեղարքունիքում և Վայոց ձորում մինչդպրոցական  հաստատություննեը չեն գործում, Սյունիքում ՝ գործում են։

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ