Գլխավոր էջ Նորություններ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Հայաստանում ոտնահարվել է 25 հազար աշակերտի կրթական իրավունքը

Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Հայաստանում ոտնահարվել է 25 հազար աշակերտի կրթական իրավունքը

116
0

Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ոտնահարվել է Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի 25 հազար աշակերտի կրթական իրավունքը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ  նշված մարզերի որոշ բնակավայրերում եղավ անվտանգային այնպիսի իրավիճակ, որ երեխաները զրկվեցին կրթության իրավունքից, կրթության շարունակականությունն ապահովելու հնարավորությունից: Խոսքը թե դպրոցական, թե նախադպրոցական հաստատությունների մասին է:

«Նշված երեք մարզում նախադպրոցական հաստատություն հաճախող ավելի քան 6 հազար երեխա ևս զրկվել է կրթության շարունակականությունն ապահովելու հնարավորությունից: Նախորդ ամբողջ շաբաթն այս բնակավայրերում արձակուրդ է եղել: Այսինքն՝ չեն գործել ուսումնական հաստատությունները: Հետագայում բաց թողնված դասերը կլրացվեն: Կապի մեջ լինելով մարզային մեր գործընկերների հետ՝ ասեմ, որ ունենք որոշում և այսօրվանից արդեն դպրոցները կվերականգնեն իրենց աշխատանքը»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:

Այն դպրոցներում, որտեղ կա անվտանգության ապահովման տեսանկյունից հնարավորություն, կրթությունը կկազմակերպվի առկա եղանակով: Մյուս բնակավայրերում գործընթացը կկազմակերպվի հեռավար:

Գեղարքունիքում հեռավար կրթությունը կվերսկսվի 12 դպրոցում, որոնք հիմնականում Վարդենիսի տարածաշրջանում են,  Վայոց ձորում՝ 3 դպրոցում, Սյունիքի մարզում՝ 112 դպրոցում: Այստեղ միայն 5 դպրոցում առկա ուսուցումը կվերականգնվի: Նախարարի տեղակալը նշեց, որ իրավիճակի զարգացումն հաշվի առնելով՝ յուրաքանչյուր օր նոր որոշումներ կկայացվեն:

«Դպրոցները կուտակել են հեռավար ուսուցման մեծ փորձառություն, ցավոք ոչ միայն համավարակի պայմաններում: 2020 թվականի աշնանը պատերազմի ժամանակ առաջին օրերից սահմանամերձ համայնքներում անցում էինք կատարել հեռավար ուսուցման, ապահովել էինք անհրաժեշտ սարքավորումներ: Կարծում ենք, որ դպրոցների՝ հեռավար կրթություն կազմակերպելու կարողությունները բավարար են»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:

Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հրետակոծության հետևանքով Գեղարքունիքի մարզում վնասվել է երկու ուսումնական հաստատություն: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ շատ արագ կկարգավորվեն վերականգնման աշխատանքները: Ուսումնական հաստատությունները թիրախավորելը, ըստ Ժաննա Անդրեասյանի մտահոգիչ է: Դա բոլոր միջազգային իրավունքների տեսանկյունից խախտում է:

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ