Գլխավոր էջ Գլխավոր Ի՞նչ իրավիճակ է Գորիսում

Ի՞նչ իրավիճակ է Գորիսում

511
0

Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։

«Համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե իբր հայկական որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ բացարձակ կեղծիք են։ Այս առնչությամբ ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով»,-ասվում է հայտարարության մեջ։

Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր ևս չեն արձանագրվել։

Համացանցում շրջանառվում են նաև հակասական տեղեկություններ․ նշվում է, թե վաղ առավոտից Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններում կրակոցները վերսկսվել են, բայց ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքում է։

Medmedia.am-ի հետ զրույցում Գորիսի բնակիչներից մեկը նշեց, որ վերջին անգամ կրակոցի ձայն ինքը լսել է երեկ, կեսօրին․

«Իշխանասարում էր հատկապես թեժ մարտեր եղել, իսկ 13-ի գիշերը, ժամը 12․00-ի սահմանում ԱԹՍ-ն մոտ 40 րոպե Գորիսի երկնքում էր, կրակոցների ձայներ մինչ երեկ, անընդհատ լսել ենք»,-նշեց մեր զրուցակիցը։

Երեկ նաև տեղեկություններ էին տարածվել, որ Գորիսում խմելու ջրի խնդիր կա, ըստ լուրերի, կրակել էին խողովակին․

« Երեկ մի պահ խմելու ջրի մատակարարումը դադարեցվեց, քանի որ Սիսիանում, որտեղից ջուր է մատակարարվում, խողովակին կրակել էին, վնասվել էր»,-նշեց մեր զրուցակիցը։

Կատարվածի վերաբերյալ մեկնաբանություն էր տվել նաև Վեոլիա ջրի Գորիսի տեղամասից․

«Այս պահի դրությամբ (14.09.2022թ., ժամը՝ 17:30) Գորիսի տարածաշրջանում խմելու ջրի, դրա մատակարարման հետ կապված խնդիրներ չկան: Գորիսի տարածաշրջան մտնող ջրատարներում, ջրամբարներոմ խմելու ջրի որակական և քանակական փոփոխություններ գրանցված չեն։Ջրի ծավալների մասնակի նվազումը կապված է ընթացիկ աշխատանքների, ինչպես նաև քաղաքացիների կողմից նման խոսակցություններից հետո խմելու ջուր հավաքելու հետ»,-«Goris Today»-ին տեղեկացրել են Վեոլիա ջրի Գորիսի տեղամասից։

Նշենք, որ Հայաստանի երեք մարզերում (Սյունիք, Վայոց ձոր եւ Գեղարքունիք) Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում վնասվել է 192 տուն, որից 60-ն ամբողջությամբ ավերվել է։ Այս մասին սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Ինչի արդյունքում հայկական կողմն ունի 105 զոհ և վիրավորներ։ Բայց վիրավորների թվի վերաբերյալ ստույգ տեղեկատվություն դեռևս չկա։

Ս․ Ա․

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ