Գլխավոր էջ Գլխավոր Փորկապություն․ինչպե՞ս խուսափել ամենատարածված խնդրից

Փորկապություն․ինչպե՞ս խուսափել ամենատարածված խնդրից

803
0

Փորկապությունը շատերին հուզող խնդիրր է։ Հիվանդության մասին մենք զրուցել ենք գաստրոէնտերոլոգ Սոնա Երիցյանի հետ։ Նրանից պարզել ենք հիվանդության առաջացման պատճառերը, ախտանշանները, ինչպես նաև անդրադարձել ենք բուժմանը։ Բժիշկը նաև առանձնացրել է մի քանի խորհուրդներ՝ հիվանդությունից խուսափելու համար։

Նախ սահմանում՝ ի՞նչ է փորկապությունը

Փորկապություն ենք համարում հազվադեպ կղազտումը, երբ աղիները գործում են շաբաթական երեք անգամից քիչ կամ կա դժվարությունը աղիների աշխատանքի ժամանակ, պինդ կղանքը և այլն։

Փորկապության պատճառները բազմաթիվ են

Փորկապության պատճառները բազմաթիվ են։ Դրանք լինում են առաջնային՝ կապված աղիների խնդիրների հետ և երկրորդային՝ կապված արդեն անօրգան համակարգի խնդիրների հետ, որոնք բերում են աղիների գործունեության խանգարմանը։ Նորմայում, երբ կղանքային զանգվածը հասնում է հաստ աղի, այնտեղ տեղի է ունենում ջրի մեծ քանակության ներծծում։ Ինչքան դանդաղ է կղանքը շարժվում հաստ աղիով, այնքան շատ ջուր է ներծծվում, հետևաբար դառնում է ավելի չոր, իսկ կղանքային զանգվածի անցումը աղիքով դառնում է ցավոտ։ Սա է փորկապության հիմնական մեխանիզմը։ Փորկապության պատճառները կարող են լինել ոչ բավարար ֆիզիկական ակտիվությունը, հեղուկի քիչ քանակի օգտագործումը, բջջանյութ պարունակող սննդամթերքի քիչ օգտագործումը, հետանցքի խնդիրները՝ այդ թվում՝ թութքը, ճաքը, երիկամների խնդիրները կամ ավելի լուրջ խնդիրներ՝ ուռուցքային պրոցեսները, հորմոնալ խնդիրները և այլն։

Փորկապության գանգատները

Գանգատները հիմնականում կապված են դժվարացած կղազատման հետ, հիմնականում դիտվում է լարվածություն որովայնի շրջանում, դիսկոմֆորտի զգացողություն նաև ցավեր հետանցքի շրջանում։ Երկարատև փորկապությունները հնարավոր է բերեն թղթին քսվող արյան առկայության, տարբեր աղիքային խնդիրների դեպքում  առաջանում է նաև սրտխառնոց, փսխում, վքնածության զգացողություն, ախորժակի կորուստ և այլն։

 Փորկապության բուժումը

Փորկապության բուժումը կապված է պատճառի հետ, այսինքն նրանից, թե ինչից է առաջացել փորկապությունը։ Վերացնում ենք պատճառը, որից հետո կարգավորվում է փորկապությունը։ Փորկապության առաջացման պատճառները բազմազան են։ Կարող ենք ավելացնել նաև ֆուկցիոնալ հիվանդությունները։ Դրանք մի շարք հիվանդություններ են մարսողական համակարգում, որոնց դեպքում օրգանական ոչ մի խնդիր չենք հայտնաբերում, բոլոր օրգան համակարգերը նորմալ են, օրգանիզմում ամեն բան նորմալ է, բայց ունենք աղիների գործունեության խանգարում, օրինակ փորկապություն։ Սա շատ հաճախ լինում է, երբ կան հոգեհուզական ինչ որ խնդիրներ, լարվածություն, անհանգստություն, դեպրեսիաներ և այլն, որովհետև նյարդային և մարսողական համակարգերը իրար հետ շատ կապված են։ Օրինակ այս պարագայում մեր բուժումը կոմբինացված է։ Այն միտում ունի ապահովելու պացիենտի նյարդային համակարգի հանգստությունը, մյուս կողմից էլ՝ ազդելու աղիների վրա։

Ինչպե՞ս խուսափել խնդրից

Խնդրից խուսափելու համար պետք է սնվել ռեժիմով։ Նախ սննդակարգը շատ կարևոր է, ուտել քիչ-քիչ և հաճախակի։ Պետք է փոխել կենսակերպը։ Հիմնականում շատ կարևոր է ֆիզիկական ակտիվությունը։ Դա կարող է լինել մարզումներով, քայլքով, կարող է լինել լող, յոգա և այլն։ Շատ կարևոր է հեղուկի օգտագործումը, որը պետք է օրական մինիմում կազմի 2-3 լիտր։ Եվ ինչպես արդեն նշեցի՝ հաստ աղիքում, երբ այդ հեղուկը ներծծվում է՝ չորանում է կղանքը, իսկ ինչքան խոնավ լինի այն ի սկզբանե՝ մեր խմած հեղուկի քանակով, այնքան ավելի հեշտ է լինելու կղանքի աղիներով շարժը։ Շատ կարևոր է նաև բջջանյութով հարուստ սնունդ օգտագործել՝ հիմնականում միրգն ու բանջարեղենն են։ Պետք է խուսափել կղապահությունից, երբ ցանկություն կա զուգարան գնալու, պետք է չպահել այդ ցանկությունը, որովհետև դա էլ կարող է խնդիր առաջացնել և բերի փորկապության։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ