Գլխավոր էջ Գլխավոր ՍԵՎ ԾՆԱՐԱՆՆԵՐ․ ծննդկանների մահվան մեղավորները այդպես էլ անպատիժ են մնում

ՍԵՎ ԾՆԱՐԱՆՆԵՐ․ ծննդկանների մահվան մեղավորները այդպես էլ անպատիժ են մնում

1776
0

Գրեթե ամեն տարի Հայաստանում գրանցվում է ծննդկանների մահ, ցավոք մահվան հանգամանքները շատ դեպքերում մնում են առեղծված,իսկ թե կա՞ր մեղավոր՝ մնում անհայտ։  Մի քանի օր առաջ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում 20-ամյա ծննդկան է մահացել, վերջինս Լոռու մարզի բնակիչ էր և Հանրապետական ծննդատուն էր տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոնից։ Թե ի՞նչն է եղել մահվան պատճառը, դեռևս նախաքննության փուլում է։

Medmedia.am-ը թեմայի շուրջ զրուցել է փաստաբան Սուսաննա Սարգսյանի հետ, ով ֆեյբուքյան իր էջում առաջինն էր արձագանքել ծննդկանի մահվանը և անպատժելիության մթնոլորտին։

Medmedia.am- Այսքան ժամանակ Ձեզ ծանո՞թ է մի դեպք, երբ ծննդկանի մահվան համար մեղավորները պատժվեն։

Փաստաբան-Ինձ նման դեպք ծանոթ չէ, և դա պատահական չէ, որ ընդհանրապես բժշկական սխալի մասով շատ քիչ դեպքեր են հայտնի դառնում, երբ կոնկրետ արձանագրվում է բժշկական սխալը, մեկ այլ խնդիր է  դրա համար պատասխանատվության ենթարկվելը։

Իսկ ծննդաբերների (ծննդկանի) մասով առհասարակ նման դեպք ինձ հայտնի չէ: Կհիշեք Մերի Մարգարյանի դեպքը, երբ Շուշանիկ Բախշյանի և Անի Բաբելյանի գործը մեղադարական եզրակացությամբ ուղարկվեց դատարան, իսկ դատարանը կայացրեց արդարացման դատական ակտ՝ հանցակազմի բացակայության հիմքով: Չնայած, որ իմ տեղեկություններով դատավճիռը դեռ օրինական ուժ չի ստացել, սակայն ամեն դեպքում ունենք փաստ, որ անգամ եթե գործը հասնի դատարան, պատասխանատվության ենթարկվողներ չեն լինելու:

Medmedia.am-Ու՞մն է մեղքի բաժինը։

Փաստաբան-Այստեղ կարող է մեղքի բաժին ունենալ նաև նախաքննության մարմինը՝ պատշաճ, բազմակողմանի քննություն չիրականացնելով, սակայն երբ խոսք է գնում բժշկական  սխալի կամ   մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի  մասին, ապա  գործ ունենք դատաբժշկական եզրակացությունների օբյեկտիվության հետ: Ինձ հայտնի չէ մի դեպք երբ փորձագետների կողմից տրվեն այնպիսի եզրակացություններ, որի հիման վրա հնարավոր լինի անշեղորեն կայացնել մեղադրական դատական ակտ, որից էլ կարծում եմ օգտվում են թե՛ վարույթն իրականացնող մարմինները և թե՛ արդարադատություն իրականացնող մարմինը՝ Դատարանը:

Medmedia.am-Ինչի՞ է հանգեցնում այս ամենը։

Փաստաբան-Քրեական գործով ձեռք բերված ապացույցների ոչ ամբողջական լինելը, դրանց տրված ոչ ճիշտ գնահատականները հանգեցնում են մեղավորների անպատժելիությանը և սրանք արդարադատության համակարգում այն միջանցիկ քամիներն են, որոնք էլ հենց նպաստում են  անպատժելիությանը:Եվ քանի որ թե՛ միջազգային կոնվենցիաներով  և թե՛ ներպետական օրենսդրությամբ, ինչպես ապացույցների անբավարարության  կամ դրանց օրենքով սահմանված կարգով ձեռք բերված և գործին կցված չլինելու և այլ հանգամանքներ, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի, հենց դա էլ հիմք է հանդիսանում, որ մեղավորները արդարացվեն և իրենց մասնագիտական պատկերը «մաքրվի», ինչն էլ թույլ է տալիս շարունակել  հանցավոր գործունեությունը:

Ս․ Ասատրյան

Շարունակելի․․․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ