Գլխավոր էջ Գլխավոր Մահացած ծննդկանը ՎԱՊՄԳՀԻ-ում գտնվել է ընդամենը 1ժամ 45 րոպե

Մահացած ծննդկանը ՎԱՊՄԳՀԻ-ում գտնվել է ընդամենը 1ժամ 45 րոպե

583
0

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը հավելյալ պարզաբանում է տարածել 20-ամյա հղիի մահվան հանգամանքների վերաբերյալ.

««Վանաձոր» բ/կ-ից ուղեգրված հղի Մերի Գրիգորյանի վիճակն ընդունվելիս՝ հենց ընդունարանում, գնահատվել է ծայրահեղ ծանր և անմիջապես ինստիտուտ է հրավիրվել ՀՀ ԱՆ անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի գծով խորհրդատու Անատոլի Գնունին։

Նրա գլխավորությամբ և ՎԱՊՄԳՀԻ լավագույն մասնագետների մասնակցությամբ շտապ հրավիրվել է կոնսիլիում, ըստ որի՝ «Հիվանդը բերվել է ՎԱՊՄԳՀԻ Վանաձորի շտապ օգնության մեքենայով 25/08/2022, ժամը 11:00-ին՝ հղիություն 24-25 շաբաթական, պտղի ներարգանդային մահ, ընդունարանում արձանագրվել է կոմատոզ վիճակ, սուր սիրտ-թոքային անբավարարությամբ։

Ընդունարանից անմիջապես տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Համաձայն շտապօգնության բժշկի գրառման՝ պացիենտը ճանապարհին գանգատվել է կրծքավանդակի շրջանի սուր ցավերից և ունեցել է գիտակցության կորուստ, որը վերականգնվել է իրականացված միջոցառումներով։ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի ընդունարանում, շտապ օգնության բժշկի ներկայությամբ, պացիենտը կրկին ունեցել է գիտակցության կորուստ։ Վերջինիս ներկայությամբ վերակենդանացման բաժանմունքում իրականացվել են վերակենդանացման միջոցառումները, պացիենտը միացվել է արհեստական շնչառության ապարատին, կատարվել է աջ արտաքին լծային և պերիֆերիկ երակների կատետերիզացիա, իրականացվել է ինֆուզիոն և կարդիոտոնիկ թերապիա»։

ՀՀ ԱՆ անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի գծով խորհրդատու Անատոլի Գնունու գլխավորությամբ հրավիրված կոնսիլիումի ընթացքում ուսումնասիրվել են իրականացված հետազոտությունների տվյալները, որոնք վկայում են հղիի բազմաօրգանային անբավարարության մասին։

Ժամը 12:45-ին արձանագրվել է հղիի կենսաբանական մահը։ Մ․Գրիգորյանը ՎԱՊՄԳՀԻ-ում գտնվել է ընդամենը 1ժամ 45 րոպե։

Մեր ցավակցությունը երիտասարդ կնոջ հարազատներին ու մտերիմներին, մնում է զերծ մնալ կամայական մեկնաբանություններից և սպասել քննչական գործողությունների ավարտին»։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ