Գլխավոր էջ Գլխավոր «Սուրմալու»-ի պայթյունից երկու տուժած դեռ հիվանդանոցում է

«Սուրմալու»-ի պայթյունից երկու տուժած դեռ հիվանդանոցում է

181
0

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 63 քաղաքացի, որոնցից 2-ը դեռևս շարունակում է բուժում ստանալ։ Մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։

 

Հրդեհից և պայթյունից հետո փրկարար ծառայողները փլատակներից դուրս են բերել 26 քաղաքացու, այդ թվում՝ 10 ողջ, 16 մահացած։

 

ԱԻ նախարարության հրապարակած ամփոփ տվյալների համաձայն, օգոստոսի 14-ից 24-ն ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին հերթափոխերով մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից 1388 փրկարարական ծառայող։

 

Հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին հերթափոխերով ներգրավվել է 54 ավտոբաք, 15 ավտոսանդուղք, 28 փրկարարական և 30 օժանդակ ավտոմեքենա, ինչպես նաև 2 ԱԹՍ։

 

Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանները տեղում, ինչպես նաև թեժ գծի միջոցով 69 քաղաքացու ցուցաբերել են հոգեբանական աջակցություն։

 

Արձագանքման գործընթացներին մասնակցել են նաև Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի խումբը, Հայկական Կարմիր Խաչի ընկերության կամավորական խմբերը, Ողջ մնալու արվեստ (ՈՄԱ) ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության մասնագիտացված խմբերը, ՌԴ և Գերմանիայի քաղաքացիներ՝ իրենց վարժեցրած շներով, ինչպես նաև այլ կազմակերպություններ և անհատ կամավորներ։

 

Հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են նաև քաղաքապետարանից և մասնավոր ընկերություններից տրամադրած ջրատար, բեռնատար, աղբատար տեխնիկա, ինչպես նաև տրակտորներ, վերամբարձ կռունկներ և այլ տեխնիկա։ Դեպքի վայրում հերթապահել են նաև շտապօգնության բրիգադներ:

 

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ին՝ ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ