Գլխավոր էջ Գլխավոր Ջուր և երեխաներ․որքա՞ն ջուր պետք է օգտագործեն երեխաները 

Ջուր և երեխաներ․որքա՞ն ջուր պետք է օգտագործեն երեխաները 

967
0

Ջրի օգտագործումը կարևոր է ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար։ Հատկապես ամռան ամիսներին մենք բոլորս հեղուկ օգտագործելու կարիք ունենք։ Եվ եթե մեծահասակները գիտակցաբար են հեղուկ օգտագործում, ապա մանկահասակ երեխաների դեպքում հարցն այլ է։ Բոլոր մայրիկներն էլ գիտեն, որ իրենք պետք է երեխաներին ժամանակ առ ժամանակ հիշեցնեն ջուր խմելու մասին։ Իսկ թե ո՞ր տարիքի երեխաները որքա՞ն ջուր պետք է խմեն պարզել ենք մանկաբույժ Սյուզաննա Մխիթարյանից։

«Ամռան ամիսներին, հաշվի առնելով շոգ եղանակը, պետք է հատուկ ուշադրություն դարձնել հեղուկների ճիշտ ընդունմանը, քանի որ երեխաներն ավելի շուտ են ջրազրկվում, քան մեծահասակները։ Երեխաներն ավելի շատ հեղուկ են կորցնում քրտնելու, շնչելու միջոցով, քան մեծահասակները։ Հետևաբար հեղուկներ առաջարկելը կամ ժամանակ առ ժամանակ հիշեցնելը, որ խմեն՝ շատ կարևոր է բոլոր տարիքի երեխաների համար»,- նշել է նա։

Բժշկուհու խոսքով՝ մինչև վեց ամսական երեխան, եթե կրծքով է սնվում, ապա այն բավական է և լրացուցիչ հեղուկի կարիք չկա։ Իսկ եթե արհեստական կաթնախարնուրդ է ստանում, ապա այդ դեպքում ևս լրացուցիչ հեղուկի կարիք չկա։ Բայց ամեն դեպքում, բժշկուհին խորհուրդ է տալիս հաճախակիացնել կերակրումները, իսկ որոշ դեպքերում փոքրիկին կարելի է առաջարկել անվտանգ ջուր։

«Վեց ամսականից սկսած ամեն հավելյալ սննդից հետո՝ ուտելու ընդմիջումներում, երեխային պարտադիր պետք է ջուր առաջարկել։ Իսկ 1-3  տարեկանների համար՝ օրական օգտագործվող ջրի քանակը կեսից մեկ լիտրն է։  3-8 տարեկանների դեպքում՝ մեկից-մեկ ու կես լիտր օրվա ընթացքում»,-ասաց բժշկուհին՝ հավելելով, որ գուցե սա կոպիտ հաշվարկ է, բայց մոտավոր պատկերն այդպիսին է։

Մխիթարյանը նաև ասաց, որ հեղուկների լրացուցիչ աղբյուր հանդիսանում են մրգերը, բանջարեղենը, ուստի նրանց օգտագործումը սննդակարգում ավելի է խրախուսվում ամռան եղանակին։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ