Գլխավոր էջ Գլխավոր Օրենքի դրույթ, որն այդպես էլ չպահպանվեց․ հակաբիոտիկները առանց դեղատոմսի չպետք է վաճառվեին

Օրենքի դրույթ, որն այդպես էլ չպահպանվեց․ հակաբիոտիկները առանց դեղատոմսի չպետք է վաճառվեին

322
0

Medmedia.am-ի հետ զրույցում հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանն անդրադարձել է հակաբիոտիկների ազատ վաճառքին և առհասարակ դրանց կիրառմանն ու ա նվտանգության  նորմերին։

Medmedia.am-Ինչու՞ է մեր երկրում տարիներ շարունակ հակաբիոտիկների վաճառքը ազատ։

Դավիթ Մելիք-Նուբարյան-Դեռևս 2016թ.-ին ընդունված «Դեղերի մասին օրենքը» հստակ սահմանում է այն դեպքերը, երբ դեղը դասվում է դեղատոմսով բաց թողնվող դեղերի շարքին, որոնց ցանկը հաստատում է լիազոր մարմինը։ Նույն օրենքի 25-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն, մեջբերում եմ. «Արգելվում է դեղատոմսով բաց թողնվող դեղերի իրացումն առանց դեղատոմսի:»։ Դեռեւս 2018 թվականի մարտի 1-ից հակավարակային դեղերի դուրս գրումը պետք է իրականացվի միայն դեղատոմսով, իսկ համաձայն կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1080-Ն որոշման բազմաթիվ այլ դեղերինը՝ 2023 թվականի հունվարի 1-ից, այսինքն՝ ընդամենը 4,5 ամիս հետո։ Փաստորեն արդեն 4 տարուց ավելի «դե յուրե» հակաբիոտիկների վաճառք առանց դեղատոմսի չպետք է տեղի ունենա, սակայն ակնհայտ է, որ օրենքի այս դրույթը մեղմ ասած լավ չի պահպանվում։ Ինչու՞, ես չեմ կարող մեկնաբանել։

Medmedia.am -Կա՞ անհրաժեշտություն հակաբիոտիկների ազատ վաճառքը սահմանափակելու։

Դավիթ Մելիք-Նուբարյան-Ինչպես արդեն նշեցի, հակաբիոտիկների ազատ՝ առանց դեղատոմսի վաճառք չպետք է լինի, և սա իհարկե ունի իր գիտական հենքը, քանի որ հակաբիոտիկների անկառավարելի սպառումը վտանգավոր է և կարող է հանգեցնել բազմաթիվ խնդիրների, ինչպես անհատի, այնպես էլ հանրության շրջանում։

Medmedia.am -Ինչպե՞ս պետք է կազմակերպել հակաբիոտիկի վաճառքը։

Դավիթ Մելիք-Նուբարյան-Միանշանակ դեղատոմսով, որը պետք է դուրս գրված լինի մասնագետի կողմից՝ հիմք ընդունելով պացիենտի ախտորոշումը։ Հակառակ պարագայում այն ուղղակի կարող է վնասել մարդուն։

Medmedia.am -էլեկտրոնային դեղատոմսերի համակարգը որքանո՞վ կօգնի դեղերի վաճառքի վերահսկմանը։

Դավիթ Մելիք-Նուբարյան-Իհարկե որոշ առումով այն ավելի դյուրին և վերահսկելի կդարձնի ամբողջ գործընթացը, սակայն միայն դրա վրա ապավինելը բավարար չէ, պետք է առաջին հերթին մարդկանց և բուժաշխատողների մոտ ձեւավորել դրական վերաբերմունք դեղատոմսերի կիրառման նկատմամբ և դրսևորել կամք բարեփոխումն իրագործելու ուղղությամբ։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ