Գլխավոր էջ Նորություններ Դեղորայքը կթանկանա

Դեղորայքը կթանկանա

150
0

Վրաստանի դեղագործների ասոցիացիայի գործադիր տնօրեն Իլոնա Կոկիաշվիլիի խոսքով, Թուրքիայից ներկրվող դեղագործական արտադրանքը Վրաստանում կթանկանա 25-30 տոկոսով, փոխանցում է Aliq.ge-ն։

Ըստ նրա՝ դրա ազդեցությունը վրացական շուկայում տեսանելի կլինի մեկ ամսից:

«Երբ դեղերը թանկանում են այն երկրում, որտեղից մենք ներկրում ենք, բնականաբար, դա կթանկանա նաև մեր երկրում։ Մոտավորապես 25-30 տոկոս աճ է լինելու, այս փուլում նման տեղեկություն ունենք։ Դա կախված կլինի մեր ներկայիս շուկայական պայմաններից, գնաճից և փոխարժեքից»,- ասել է Կոկիաշվիլին։

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նոր հրամանի համաձայն՝ երկրի տեղական շուկայում դեղերի գներն աճում են 25 տոկոսով։ Գների բարձրացումն անհրաժեշտ էր լիրայի կտրուկ արժեզրկման պատճառով։

Հիշեցնենք՝ թուրքական էժան դեղերի ներկրումը Վրաստան սկսվել է այս տարվա հունվարից։ Վրաստանի առողջապահության նախարարության՝ հունիսի 24-ին տրամադրած տեղեկատվության համաձայն, վրացական դեղատների ցանցերում առկա է Թուրքիայից ներկրված ավելի քան 400 անուն դեղամիջոց, իսկ գները նվազել են 60-80 տոկոսով։

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ այս տարվա մարտից հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում ավելի քան 155 հազար քաղաքացիներ գնել են Թուրքիայից ներկրված դեղամիջոցներ և հին գներով 74 մլն լարիի փոխարեն վճարել մոտ 23 մլն լարի։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ