Գլխավոր էջ Նորություններ 44-օրյա պատերազմում զոհված սպայի մայրը դուստր է ծնել եւ հույս ունի որդի...

44-օրյա պատերազմում զոհված սպայի մայրը դուստր է ծնել եւ հույս ունի որդի էլ ունենալ

185
0

48-ամյա Անգելինա Ռաֆայելյանի դուստրը նրա բոլոր թոռներից փոքր է։ Փոքրիկ Վանեն ծնվել է մարտի 24-ին, նա 3 ամսականից մի քիչ է ավելի։ Թոռները 1-9 տարեկան են։ Երբ Վանեն դառնա մեկ տարեկան, Անգելինան եւ նրա ամուսինը մտադիր են կրկին դիմել վերարտադրողականությամբ զբաղվող մասնագետներին՝ եւս մեկ երեխա ունենալու հույսով։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Անգելինան պատմեց, որ որդու՝ Վանիկի մահից հետո ինքն ու ամուսինն ուղղակի չգիտեին ինչպես ապրել։ Վանիկը տանկային դիվիզիայի սպա էր, 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, 44-օրյա պատերազմի ընթացքում, Ջաբրայիլում բազմաթիվ վիրավորումներ է ստացել, իսկ հոկտեմբերի 15-ին հիվանդանոցում մահացել։

Մեկ տարուց քիչ ավելի առաջ, իմանալով Անպտղության հաղթահարման ծրագրի մասին, որի շրջանակներում 44-օրյա պատերազմում իրենց որդիներին կորցրած զույգերը պետական պատվերի շրջանակներում կարող էին արտամարմնային բեղմնավորում՝ ԱՄԲ (ЭКО) անել, Անգելինան եւ նրա ամուսինը որոշել են նույնպես փորձել եւ դիմել են Fertility Center։ Չնայած ոչ երիտասարդ տարիքին՝ Անգելինան վստահ էր, որ կարող է հղիանալ եւ երեխա լույս աշխարհ բերել։ Իսկ ամուսինը պնդում էր, որ եթե ԱՄԲ-ն հանկարծ ձախողվի, անպայման երեխա կորդեգրեն, քանի որ այլեւս չեն կարող միայնակ ապրել։

Ռեպրոդուկտոլոգ Անուշ Աբրահամյանը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց, որ Անգելինան շատ համբերատար պացիենտ է եղել, որը երբեք չի դժգոհել եւ պահպանել է դրական տրամադրվածությունն ու հոգու կորովը։

«Մենք բազմաթիվ հետազոտություններ ենք արել, քանի որ ԱՄԲ-ից առաջ պետք է համոզվել, որ պացիենտը չունի հիվանդություններ, որոնք կարող են կանխել հղիությունը կամ սրվել հղիության ընթացքում: Չնայած ապրած ողբերգությանը, Անգելինան երբեք իր շուրջը բացասական էներգիա չտարածեց, ընդհակառակը, նա լի էր վստահությամբ, սիրով, հույսով եւ ուրիշների հանդեպ հոգատարությամբ»,- պատմեց բժիշկը։

Արտամարմնային բեղմնավորման առաջին փորձն անհաջող է եղել, սակայն երկրորդ փորձից պացիենտը հղիացել է։ Անուշ Աբրահամյանի խոսքով՝ Անգելինայի տարիքում այդքան արագ հղիանալն իսկական հրաշք է։

Հղիությունը, ըստ Անգելինայի, բավականին հեշտ է անցել. Սակայն 28-րդ շաբաթում նա վարակվել է կորոնավիրուսով, եւ երկու ամսով նրան հոսպիտալացրել են: Փոքրիկ Վանեն ծնվել է հղիության 37-րդ շաբաթում՝ կեսարյան հատումով։ Ծնվելիս նա կշռել է 2370 գրամ, իսկ հասակը եղել է 46 սանտիմետր։

Անգելինան ժամանակ առ ժամանակ այցելում է բժիշկներին, որոնց շնորհիվ էլ ծնվել է Վանեն։ Fertility Center վերջին այցելության ժամանակ նա իր հետ տարել է դստերը։ Իսկ բժիշկներին ասել է, որ մի քանի ամսից ուզում է նորից դիմել իրենց եւ նորից ԱՄԲ անել. նա ու ամուսինը հույս ունեն, որ որդի էլ կունենան։

«Վանեն դարձել է մեր կյանքի իմաստը»,- խոստովանել է Անգելինան: Հիմա ես եւ ամուսինս պարզապես չենք պատկերացնում կյանքն առանց նրա: Բայց մենք իսկապես որդի ենք ուզում»։

Կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյանն ասաց, որ Անպտղության հաղթահարման ծրագիրն իսկապես կարող է շատ բան փոխել պատերազմում իրենց որդիներին կորցրած ընտանիքների կյանքում։ Երեխայի ծնունդը նման մարդկանց վերադարձնում է ապրելու զանկության, կյանքին իմաստ է տալիս։

Ծրագրին կարող են մասնակցել մինչեւ 53 տարեկան կանայք, նույնիսկ եթե մահացած որդուց բացի այլ երեխաներ ունեն։ Այս ծրագրի շրջանակներում արդեն գրանցվել են մի քանի տասնյակ հղիություններ, իսկ զույգերը, ըստ մասնագետի, շարունակում են շատ ակտիվորեն դիմել բժիշկներին։

Աղբյուրը՝ Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ