Գլխավոր էջ Գլխավոր «Նևրոզների կլինիկա» ՓԲԸ-ն հանվում է մասնավորեցվող գույքի ցանկից

«Նևրոզների կլինիկա» ՓԲԸ-ն հանվում է մասնավորեցվող գույքի ցանկից

282
0

Զեկուցելով «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծը՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում հայտնեց, որ կառավարությունն առաջարկում է մասնավորեցման ծրագրում ընդգրկված «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ», «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն», «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» և «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲ ընկերությունների գնորդներին դրանց գործունեության ուղղությունները փոխելու հնարավություն ընձեռել:

Ըստ նախարարի՝ ի սկզբանե նախատեսված էր, որ այդ բժշկական ինստիտուտները օտարելիս պետք էր պահպանել նրանց մասնագիտական ուղղվածությունը, բայց նախագծով առաջարկվում է թույլ տալ գնորդին փոխել դրանց նշանակությունը:

Սա նշանակում է, որ այդ բժշկական կենտրոնները կարող են վերածվել հյուրանոցի, կամ արտադրամասի:

Նույն նախագծով առաջարկվում է պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների հաստատված ծրագրից հանել «Նևրոզների կլինիկա» ՓԲ ընկերությունը:

Գործադիրը վերջին կետը հիմնավորորելիս փաստել է. «Միջազգային փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ հետպատերազմական շրջանում հասարակության մոտ անխուսափելիորեն նկատվում է հետտրավմատիկ սթրեսային խանգարում: Վերջինս առաջանում և սրվում է, ոչ այնքան հոգեբանական սթրեսի ժամանակ, որքան որ հետագայում, և մեծ ակտիվությամբ շարունակվում է արտահայտվել անգամ պատերազմական իրադարձություններից տարիներ անց: 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով նկատվում և նկատվելու են հետպատերազմական սթրեսային խանգարումներ՝ ինչպես ռազմական գործողություններին մասնակցած, այնպես էլ ընդհանուր բնակչության շրջանում:

Մեծ նշանակություն ունի նաև հետկովիդային համախտանիշը: Այն ներառում է մի շարք երկարաժամկետ հետևանքներ, որոնք կարող են առաջանալ կորոնավիրուսային վարակից «առողջացած» պացիենտների շրջանում:

Վերոնշյալ մնացորդային երևույթներից են տրամադրության անկումը, էներգիայի պակասը, աշխատանքային արդյունավետության իջեցումը, հիշողության հետ կապված խնդիրները, դեպրեսիան, տագնապային վիճակները և իհարկե անքնությունը: Այս ամենը հանգեցնում է հոգեբանական սթրեսի զարգացմանը:

Ուստի հետպատերազմական և հետկովիդային իրավիճակով պայմանավորված նևրոտիկ, սթրեսային և սոմատոֆորմ խանգարումների հետևանքները մեղմելու նպատակով հոգեբանական աջակցության և վերականգնման իրականացումը, խանգարումների ժամանակին և պատշաճ բուժումը, ինչպես նաև սահմանային վիճակում գտնվող պացիենտների բժշկական օգնությունն ու սպասարկումը չափազանց կարևոր է՝ պացիենտի լրիվ առողջացման և հիվանդության քրոնիկ ընթացքի հնարավորինս բացառման նպատակով:

Վերը նշված խնդիրները լուծելու անհրաժեշտությունից ելնելով՝ Նախագծով առաջարկվում է «Նևրոզների կլինիկա» ՓԲ ընկերությունը հանել մասնավորեցման ենթակա ընկերությունների ցանկից, այն թողնելով ամբողջությամբ պետական մասնակցությամբ»:

 

Աղբյուր` Panorama.am

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ