Գլխավոր էջ Գլխավոր Վահանագեղձի ֆունկցիան հղիության ժամանակ․ ի՞նչ է պետք իմանալ  

Վահանագեղձի ֆունկցիան հղիության ժամանակ․ ի՞նչ է պետք իմանալ  

1280
0

Հղիության ժամանակ վահանաձև գեղձը կենսական կարևոր դեր ունի ինչպես հղիի, այնպես էլ պտղի առողջ զարգացման համար։ Մենք զրուցել ենք էնդոկրինոլոգ Քրիստինա Սարգսյանի հետ՝ պարզել, թե ինչ ֆունկցիա է կատարում վահանագեղձը կնոջ առողջության համար, ինչ փոփոխության է ենթարկվում վահանագեղձը հղիության ընթացքում և առհասարակ, ինչ պետք է իմանա ցանկացած կին վահանաձև գեղձի մասին։

— Ի՞նչ գործառույթ, ֆունկցիա է կատարում վահանագեղձը կնոջ առողջության համար։  

— Վահանաձև գեղձը էնդոկրին համակարգի կարևորագույն գեղձերից մեկն է, որը գտնվում է պարանոցի առաջային մասում։ Վահանագեղձի կողմից արտադրված հորմոնները կարգավորում են օրգանիզմի նյութափոխանակությունը, վերահսկում են, թե ինչպես է մարմինը օգտագործում էներգիան, ուստի ազդում են գրեթե բոլոր օրգանների աշխատանքի վրա։

— Ի՞նչ փոփոխության են ենթարկվում վահանագեղձի գործառույթները հղիության ընթացքում։

-Հղիության ժամանակ վահանաձև գեղձը առաջին իսկ շաբաթներից իր աշխատանքը և կառուցվածքը փոփոխում և հարմարեցնում է օրգանիզմի նոր պահանջներին (մեծանում է չափերով, ավելացնում է հորմոնների արտադրությունը մոտ 30-50% -ով): Վահանագեղձի խնդիրը վիճակ է, որը բնորոշվում է գեղձի թեր կամ գերֆունկցիայով, ինչը իր հերթին կարող է ազդել հղիության ընթացքի և ելքի վրա։ Վահանաձև գեղձի խնդիրները շատ տարածված են հղիների շրջանում և բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է ճիշտ ժամանակին հայտնաբերել և բուժել։

— Հղիություն պլանավորելուց առաջ ի՞նչ պետք է իմանա կինը վահանագեղձի մասին։

-Կինը, ով պլանավորում է հղիություն, եթե մինչ այդ արդեն իսկ ունեցել է վահանագեղձի խնդիր, ապա պետք է խորհրդակցի բուժող բժշկի հետ դեղորայքի դոզայի անհրաժեշտ փոփոխությունները կատարելու նպատակով։ Իսկ եթե վահանագեղձի խնդիրը առաջին անգամ հայտնաբերվում է հղիության ընթացքում, ապա անհրաժեշտ է քննարկել բուժման հետագա ընթացքը էնդոկրինոլոգի հետ։ ԹՏՀ անալիզի նորման պետք է մեկնաբանվի բժշկի կողմից՝ ելնելով կնոջ այդ պահի առողջական վիճակից, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, արդյոք կինը հղի է, թե ոչ:

Ո՞րն է վահանագեղձի հորմոնների դերը պտղի ներարգանդային զարգացման փուլում։

— Վահանաձև գեղձի հորմոնները անհրաժեշտ են հատկապես հղիության առաջին երեք ամիսների ընթացքում պտղի ուղեղի և նյարդային համակարգի առողջ զարգացումն ապահովելու համար, քանի որ երեխան կախված է մոր վահանգեղձի հորմոններից, որոնք փոխանցվում են ընկերքի միջոցով: Մոտ 12-15 շաբաթականում պտղի վահանաձև գեղձը սկսում է ինքնուրույն արտադրել հորմոններ։ Վահանագեղձի չբուժված խնդիրը կարող է բերել պտղի մոտ զարգացման արատների, վաղաժամ ծննդաբերության, ցածր քաշով երեխայի ծնունդի, մոր մոտ պրեէկլամպիսայի, անեմիայի և մի շարք այլ գանգատների։

Վահանաձև գեղձի խնդիրները կարո՞ղ են հանգեցնել անպտղության։

-Անպտղության պատճառներից մեկը կարող է պայմանավորված լինել վահանագեղձի խնդիրներով։ Վահանագեղձի նորմայից շատ կամ քիչ է հորմոնների արտադրումը կարող է բերել կնոջ օրգանիզմի նյութափոխանակության փոփոխության, այդպիսով առաջացնելով նաև դժվարություններ հղիանալու հետ կապված։ Այդ իսկ պատճառով անպտղության դեպքում խորհուրդ է տրվում է ստուգել վահանագեղձի ֆունկցիան, ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու մոտ։

— Խորհուրդներ կանանց։

— Վահանագեղձի թերֆունկցիայի /հիպոթիրեոզի/բուժման համար նշանակված դեղորայքը /էութիրոքսը/բացառապես անվտանգ է պտղի համար ինչպես հղիության, այնպես էլ կրծքով կերակրման ժամանակ : Գերֆունկցիայի/հիպերթիրեոզի/ բուժման կիրառվում է երկու դեղորայք, ելնելով հղիության շաբաթներից և պտղի զարգացման փուլից, հնարավորինս նվազեցնելով կողմնակի էֆեկտները ապահովելով առողջ հղիությունը։ Առանց բժշկի ցուցման ոչ մի պարագայում չի կարելի դադարեցնել դեղորայքը հղիության ժամանակ։  Կարևոր է պահպանել բժշկի կողմից բացատրված դեղորայքը խմելու կանոնները, օրինակ Էութիրոքսը խմելուց հետո առաջին չորս ժամերի ընթացքում այլ պրեպարատներ խորհուրդ չի տրվում օգտագործել, հատկապես երկաթ և կալցիում պարունակող կամ թեյ, սուրճ, կաթ պարունակող ըմպելիքներ։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ