Գլխավոր էջ Գլխավոր Ալերգիաներ․ ի՞նչ է պետք իմանալ

Ալերգիաներ․ ի՞նչ է պետք իմանալ

670
0

Ի՞նչ են ալերգիաներ, քանի՞ տեսակի են լինում, հնարավո՞ր է բուժել ամբողջովի և պայմանավորված են արդյո՞ք ժառանգականության գործոնով։ Ալերգիաների հետ կապված այս և այլ հարցերին պատասխանել է ալերգոլոգ Նելլի Մերտզանիդուն։

Ի՞նչ է ալերգիան։

— Ալերգիան օրգանիզմի կողմից առաջացած ոչ ադեկվատ իմուն պատասխան է ցանկացած օտարածին սպիտակուց պարունակող նյութի նկատմամբ, որը համարվում է անվնաս մարդկանց մեծամասնության համար։ Այստեղ խնդիրը ոչ թե իմուն համակարգի ուժեղ կամ թույլ լինելու հարցն է, ինչպես շատ հաճախ կարծում են մարդիկ, այլ ճիշտ կարգավորման խնդիրը: Բոլոր առողջ մարդկանց մոտ իմուն համակարգը ճանաչում է այդ նյութերն (ալերգենները) ու ձևավորում պատասխան, որը ոչ մի կերպ չի դրսևորվում: Ալերգիկ մարդկանց մոտ համաչափությունը շեղվում է հակառակ ուղղությամբ, և սկսում են արտադրվել իմունագլոբունին Е դասի հակամարմինները: Դրանք ամրանում են պարարտ բջիջների վրա և երկրորդ անգամ, երբ նույն ալերգենը թափանցում է օրգանիզմ, տեղի է ունենում տվյալ բջիջների դեգրանուլյացիա`կենսաբանորեն ակտիվ նյութերի ձերբազատում, որն էլ ընկած է ալերգիկ բորբոքման ախտաբանության հիմքում։ Ալերգիաները լինում են՝ սննդային, շնչառական, կոնտակտային, դեղորայքային և միջատային ։

Ալերգիան ձեռքբերովի է թե՞ ժառանգական։

— Իսկական ալերգիաների մեծ մասը ունեն ժառանգական նախատրամադրվածություն, ինչը չեմ կարող ասել կեղծ ալերգիկ ռեակցիաների մասին, քանի որ նրանցից շատերը համարվում են ձեռքբերովի և կապված են լինում օրգանիզմում առկա ցանկացած խնդրի հետ։

-Արդյո՞ք բուժվում է ալերգիան թե՞ ոչ։

— Քանի որ ալերգիկ ռեակցիաները լինում են իսկական և կեղծ բնույթի,  պայմանավորված իմուն և ոչ իմուն մեխանիզմներով, սուր և խրոնիկ, թեթև, միջին և ծանր ընթացքով, այդ իսկ պատճառով ալերգիայի բուժման արդյունավետությունը կախված է վերոնշյալ հատկանիշներից և եթե անգամ շատերի մոտ ալերգիկ ռեակցիան կլինիկապես արտահայտվում է նույն ախտանշաններով, օրինակ՝ եղնջացանի տեսքով, բուժման սխեման միևնույն է յուրաքանչյուրի համար լինում է տարբեր՝ կախված ալերգիկ ռեակցիայի առաջացման հիմքում ընկած պատճառից, բնույթից, հիվանդության վաղեմությունից, ծանրության աստիճանից և իհարկե ժառանգական նախատրամադրվածությունից։

-Ի՞նչ խորհուրդներ ունեք ալերգիկներին։

— Քանի որ ալերգիան միտում ունի բադանալու և պատճառում է լուրջ բարդություններ ու տառապանքներ, խորհուրդ եմ տալիս չզբաղվել ինքնաբուժմամբ այլ դիմել մասնագետին, պարզել ալերգիայի պատճառը, հիվանդության ընթացքն ու սրացման աստիճանը և ստանալ համապատասխան բուժում, որպեսզի հնարավորինս խուսափել բարդություններից և հետևանքներից: Սեզոնային ռինիտով տառապող մարդկանց, որպես կանխարգելիչ միջոց, խորհուրդ է տրվում դիմել մասնագետին ծաղկման շրջանից 2-3 շաբաթ առաջ:

Ի՞նչ է ալերգիկ ռինիտը , ի՞նչպիսի ախտանշաններով է դրսևորվում սեզոնային ալերգիկ ռինիտը և որո՞նք են պատճառները։

— Ալերգիկ ռինիտը քթի լորձաթաղանթի բորբոքումն է, որն առաջանում է ալերգենի նկատմամբ Սեզոնային ալերգիկ ռինիտի ախտանշաններն են՝ քթի խոռոչում քորի զգացողություն, պռշտոցներ, քթի փակվածություն կամ քթահոսություն,կոկորդում քորի զգացողություն,արցունքահոսություն, հոտառության խանգարում, գլխացավեր, ընդհանուր թուլություն, անքնություն,ձայնի խռպոտություն և հազ։ Ախտանիշների արտահայտվածությունը փոխվում է սեզոնի ընթացքում ի պատասխան օրգանիզմի գերզգայունության և օդում եղած ցաղկափոշու խտության ։ Սեզոնային ալերգիկ ռինիտի առաջացման հիմնական պատճառներն են՝ օդում գտնվող ծառերի, խոտաբույսերի և մոլախոտերի ծաղկափոշին:

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ