Գլխավոր էջ Գլխավոր ՉԳՐԱՆՑՎԱԾ ԴԵՂԵՐԻ ԱՐԳԵԼՔ․ ի՞նչ է կատարվում շուկայում

ՉԳՐԱՆՑՎԱԾ ԴԵՂԵՐԻ ԱՐԳԵԼՔ․ ի՞նչ է կատարվում շուկայում

297
0

Հայտնի է, որ հունվարի 1-ից ՀՀ-ում չի թույլատրվում չգրանցված դեղորայք ներմուծել։ ԱՆ նախկին նախարարը հարցազրույցներից մեկում ասաց, որ այնպես չէ, որ հիմա լրիվ շրջանառությունը կանգնած է, նախկինում գնված որոշ խմբաքանակներ, դեռ թույլատրվում են մուտք գործել երկիր, բայց նաև ոլորտին զգուշացվել է, որ այդ անկանոն ներկրումը, որը նաև շուկայում վատ հետևանքներ է առաջացնում, պետք է ինչ-որ մի պահից դադարի։

Թեմայի շուրջ ոլորտի մասնագետներն ունեն շատ հստակ, բայց հակասական դիրքորշում։ «Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանը նշել է, որ պատերազմ լինի, պանդեմիա, թե համաշխարհային ճգնաժամ, ՀՀ առողջապահության նախարարությունն ունի անփոփոխ օրակարգ՝ սպասարկել արտասահմանյան մի քանի դեղարտադրող ընկերությունների ներկայացուցչությունների և ներմուծողների շահերը,եթե անգամ  բնակչությունը, առողջապահական համակարգը զրկվում է կենսական դեղերից և դրանք հնարավորինս մատչելի գնով ձեռք բերելու հնարավորությունից:

«Համաձայն դեղերի շրջանառության օրենսդրության՝ դեղերի ներմուծման գրեթե ամբողջ ծավալի իրավունքը բաժին էր հասնում դրանց գրանցման իրավատերերին: Դեղի գրանցման իրավատերը դեղը Դեղգործակալությունում գրանցողն է: Օրենսդրությունը գրված է այնպես, որ արգելվի այլ շուկաներից, մասնավորապես Եվրամիությունից և ԵԱՏՄ-ից նույն դեղի հոսքը մեր շուկա: Այդպես է գրված՝  դեղերի գրանցման իրավատերերի շահերը սպասարկելու համար, որ ստիպված դեղերը ներկրենք բացառապես իրենցից: Մրցակցության բացակայության այդ պայմաններում դեղեր գրանցող մեր իրավատերերն անհագ բարձրացնում էին գները, բնակչությունն էլ կողոպտվում էր: Եվ այդ ամենը ներկայացվում էր դեղերի անվտանգության և արդյունավետության ապահովման քողի ներքո»,- նշել է Վարսանյանը։

Հիշեցնենք, որ ԱՆ նախկին նախարար Արսեն Թորոսյանը հայտենել էր, որ 2020թ․ գարնանից, երբ մենք ունեցանք քովիդի համավարակ ամբողջ աշխարհում, և կար վտանգ, որ թե՛ ներքին շուկայում սպառվող դեղերը, որոնք վաճառվում են դեղատներում, և թե՛ այն դեղորայքը, որը մենք ենք գնում և մատակարարում քովիդով զբաղվող և այլ հիվանդանոցներին՝ դեֆիցիտ կլինի։ «Այդ պահին կտրուկ դեֆիցիտներից խուսափելու պատճառով, որոշում կայացրինք հատուկ ընթացակարգ սահմանաել, որ այո՛, նաև կլինեն մատակարարումներ արտերկրից, մեր ներկրողների և մեր կողմից, արտասահմանից նվիրատվություններ, որ մենք թույլ կտանք շուկա, որպեսզի շուկայում դեֆիցիտ չառաջանա»։

Սակայն, Առողջապահական և աշխատանքի տեսչության դեղերի վարչության նախկին պետ Վահե Մինասյանը իր ֆեյսբուքյան անդրադառնալով թեմային՝ նշել է, որ ներմուծումը զուգահեռ կոչել ըստ «Դեղերի մասին» օրենքի սահմանման ու բովանդակության՝ չի կարելի․ «Արտակարգ դրության ռեժիմներով պայմանավորված ներմուծումները մտցնել դրա քողի տակ՝ ուղղակի բառախաղ է։ Ինքնըստինքյան, այս դեպքում երկրորդական պլան են մղվում դեղի ծագումը, անցած ճանապարհը, փոխադրման պայմանները և այլ կարևոր հարցեր, որոնք պետք է սկզբից ապահովվեն»։

Մինասյանի խոսքով, ասվածը, ավելի վտանգավոր է դառնում միջնորդավորված ներմուծումների ժամանակ, որը կբերի դեղերի շրջանառության անկառավարելի և ազգային անվտանգության առումով խիստ վտանգավոր վիճակների։ Սա է նժարի ծանր կողմը:

Շարունակելի․․․

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ