Գլխավոր էջ Գլխավոր Առողջապահության նախարարությունը պատրաստվում է ապահովագրության ծրագրին

Առողջապահության նախարարությունը պատրաստվում է ապահովագրության ծրագրին

510
0

Պոլիկլինիկաների վերազինման, մասնագետների վերապատաստման հարցը ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը նշեց, որ խնդիր է դրված ուժեղացել այս օղակը տարբեր ուղղություններով: Այսինքն՝ ոչ միայն կբարելավվեն շենքային պայմաններն ու պոլիկլինիկաները կվերազինվեն նոր սարքավորումներով, այլև՝ մասնագետները կվերապատրաստվեն:

«Առաջին օղակում բարձրորակ ծառայությունները բնակիչներին հասանելի դարձնելուց զատ, այս հարթակում վերափոխումներ անելով, մենք նախապատրաստվում ենք մեր խոշոր ծրագրերից մեկին՝ ապահովագրությանը: Գիտենք, որ հիմա քաղաքացիների շրջանում վստահության պակաս կա առաջին օղակի նկատմամբ»,-ասաց Հռիփսիմե Խաչատրյանը:Նրա խոսքով՝ պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, մշակույթ, որ առողջական խնդրի դեպքում քաղաքացին ոչ թե մի անգամից վազի ստացիոնար բուժում իրականացնող բուժհաստատություն, այլ իրեն հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները ստանա առաջին օղակում: Դրա համար պոլիկլինիկաներում բոլոր տրամադրվող ծառայությունները պետք է մատուցվեն բարձր մակարդակի, պատշաճ պայմաններում ու ժամանակակից սարքավորումներով:

Արդեն իսկ նշված նպատակի ուղղությամբ աշխատանքներ տարվում են: Առողջապահության նախարարության ջանքերով՝ համայնքների համաչափ զարգացմանը և բուժծառայությունների հասանելիությանն ուղղված ծրագրերի շրջանակներում Վանաձորի թիվ  1 պոլիկլինիկան վերազինվել է ժամանակակից ռենտգեն սարքավորումով։ Մասնագետները նշել են, որ նոր սարքն իր հնարավորություններով անհամեմատելի է նախորդի հետ, որը 1986-1987 թվականների արտադրության էր։

Մարտի 15-ին աշխատանքային այցի շրջանակում աշխատանքներին տեղում ծանոթացել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա զրուցել է բուժանձնակազմի հետ` շեշտելով, որ վերջին երկու տարիների` ամբուլատոր բուժհաստատությունների վերազինմանն ուղղված ծրագրերը կլինեն շարունակական։

Ավելի վաղ շարժական ռենտգեն սարք էր տրամադրվել Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկային: Այնտեղ 60-ականների սարքավորումով էին աշխատում: Հռիփսիմե Խաչատրյանը տեղեկացրեց, որ մարզային մի քանի պոլիկլինիկաներ ընդգրկված են կապիտալ շինարարության ծրագրերում:

«Մենք քայլ առ քայլ այս աշխատանքով մոտենում ենք ապահովագրության ծրագրին: Գիտենք, որ ապահովագրության ծրագիրը ներառում է առաջին օղակը: Մենք պետք է ունենանք մասնագիտական բարձր մակարդակի, նորացված սարքավորումներով պոլիկլինիկաներ»,-ասաց նախարարի խոսնակը։

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ