Գլխավոր էջ Գլխավոր Քովիդ-19 և երեխաներ․ ի՞նչ պետք է իմանան ծնողները

Քովիդ-19 և երեխաներ․ ի՞նչ պետք է իմանան ծնողները

1114
0

Քովիդ19-ով վարակվում են, ինչպես մեծահասակներն, այնպես էլ՝ երեխաները։ Երեխաները ևս տարածում են վարակը, նույնիսկ եթե անախտանիշ կամ թեթև ընթացքով է ընթանում հիվանդությունը։ Մենք զրուցել ենք մանկաբույժ-ինֆեկցիոնիստ Թեհմինե Ղալեչյանի հետ՝ պարզելու, թե ինչպիսի ախտանշաններով է դրևորվում Քովիդը երեխաների շրջանում, և որ նշանների դեպքում պետք է ծնողները առավել ուշադիր լինեն։

«Տարբեր երկրների տվյալների համաձայն երեխաներին բաժին է ընկնում լաբորատոր հաստատված դեպքերի միջինը 20% -ը։ Ներկայիս ամենօրյա մեծաքանակ նոր դեպքերը ենթադրում են, որ երեխաների շրջանում ևս տարածվածությունն ավելի մեծ է։ Երեխաների շրջանում Քովիդի նշանները շատ նման են սուր շնչառական վարակների նշաններին՝ քթահոսություն, տենդ, հազ, ընդհանուր թուլություն, ախորժակի անկում, այդ իսկ պատճառով դժվար է տարբերակումը ՔՈՎԻԴ-19 վարակի և այլ սուր շնչական վարակների, ինչին հիմնականում օգնում է ընտանեկան անամնեզը ՔՈՎԻԴ-19-ի։ Եթե տանը գոնե մեկ հաստատված դեպք կա,ապա երեխաների շրջանում հիմնականում թեստավորում չի կատարվում, եթե ծանր ընթացք չկա՝ համարելով հավանական ՔՈՎԻԴ-19-ով վարակված լինելը»,-նշել է նա։

Բժշկուհու խոսքով՝ երեխաներին հաճախ չթեստավորելու հիմքում ընկած է նաև այն, որ երեխաների շրջանում հիմնականում թեթև ընթացքն է գերակշռում, իսկ թեթև և միջին ծանրության ընթացքի դեպքում, եթե ռիսկային խմբերում ընդգրկված չեն, հիվանդների վարումը նույնն է ինչ այլ սուր շնչական վիրուսային վարակներինը։

 

Ղալեչյանը նշեց, որ հիմնականում թեստավորվում են այն երեխաները, ովքեր կարիք են ունենում հոսպիտալացման։ Նաև համակցված վարակներն են հաճախ։ Լինում են դեպքեր, երբ երեխան հոսպիտալացվում է այլ խնդրով, զուգահեռ ախտորոշվում է նաև ՔՈՎԻԴ 19-ը։ Հարցին, թե որ ախտանշանների դեպքում պետք է ծնողներն ուշադիր լինեն ու անմիջապես դիմեն բժշկի նա պատասխանեց․«Դրանք վտանգի նշաններն են՝ արտահայտված ընդհանուր թուլություն, չկառավարվող տենդ, հեղուկների ոչ բավարար ընդունում, դժվարաշնչություն և այլն»։

Անդրադառնալով բուժման մեթոդներին նա նշեց, որ բուժումը հիմնականում նույնն է, ինչ այլ սուր շնչական վիրուսային վարակներինը և ախտանշանային է։ Եթե հոսպիտալացման կարիք չկա, հիվանդության տևողությունը միջինը մեկ շաբաթ է։ Մենք նաև փորձեցինք պարզել, թե ինչպես է ստացվում, երբ ամբողջ ընտանիքը հիվանդանում է Քովիդով, իսկ նույն տան մեջ ապրող երեխաները չեն վարակվում․«Նման թյուր կարծիքի հիմքում ընկած են անախտանիշ և թեթև դեպքերը, օրինակ հնարավոր է երեխան մեկ օր փորլուծություն է ունեցել ու ծնողները չեն մտածել, որ դա ևս Քովիդի դրսևորում է»։

Բժիշկը նաև նշեց, որ երեխաների դեպքում ծնողները հաճախ առաջին նշանների ի հայտ գալով դիմում են բժշկին։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ