Գլխավոր էջ Նորություններ Նոր սահմանափակում. արգելք ծխելու՞, թե՞ ծխողների դեմ

Նոր սահմանափակում. արգելք ծխելու՞, թե՞ ծխողների դեմ

929
0

Փետրվարի 10-ի կառավարության նիստում հաստատվեց Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը: Մինչ այդ, կարծես սահմանափակումն ու ծխելու արգելքն ուղղված էր լինելու հանրային սննդի փակ հատվածներին: Իսկ երեկ, վարչապետ Փաշինյանն ասաց, որ մարտի 15-ից ուժի մեջ մտնող որոշումը վերաբերելու է ոչ միայն սննդի փակ, այլև բաց տարածքներին:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հավելեց, որ սրանք կարևոր նախաձեռնություններ են, որովհետև մեր վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ոչ վարակիչ հիվանդություններից՝ սրտանոթային հիվանդություններից, քաղցկեղից, մենք ունենք մահացության բավական բարձր բեռ։

Պետք է փաստել, որ ծխախոտի և վերջինիս փոխարինիչների օգտագործումը ՀՀ-ում օրիական է: Ավելին, ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` օրեցօր ավելանում են արտադրատեսակները, ինչպես նաև ավելանում են ծխախոտային փոխարինիչների մասնագիտացված խանութները:

Բայց արդյո՞ք հնարավոր կլինի այն վերահսկել, թե՞ կդառնա նույն այն հանրային վայրեր մուտք գործելու սահմանափակումը, որը ինչպես տեսնում ենք, ոչ լիարժեք է իրականացվում և վերահսկողությունից դուրս մնում:

«Ռեստորանների ասոցիացիա» հկ նախագահ Աշոտ Բարսեղյանի խոսքով` պետությունը պայքարում է ծխող քաղաքացիների, այլ ոչ թե ծխի դեմ: «Եթե օրինական վաճառվող ապրանքը արգելում եք սպառել ամեն տեղ, ապա ավելի հեշտ է այդ ապրանքն արգելել, քան մտցնել անմիտ սահմանափակումներ, և բազում տնտեսվարողների և քաղաքացիների ենթարկել տուգանքների»:

Իհարկե, լավ է, որ ծխախոտի և փոխարինիչների օգտագործումը հասցվի մինիմալի, դա միանշանակ լավ ու ողջունելի կլինի, սակայն այն, որ բաց տարածքի դեպքում ևս գործելու է սահմանափակումը, վիճելի հարց է, ինչպես վերջինիս արդյունավետության, այդպես էլ վերահսկման մասով: Քանզի, ինչպես նշեցինք, մեզ մոտ այն ունի օրինական վաճառք և օգտագործում, իսկ այդ դեպքում ինչու՞ ենք վաճառում: Ինչու՞ ենք ավելացնում ծխախոտի փոխարինիչների նոր ու ավելի լայն տեսականի ապահովող մասնագիտացված վաճառակետերը: Գուցե, պետք է այստեղի՞ց սկսել:

Օֆելյա Պողոսյան 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ