Գլխավոր էջ Նորություններ Կուսումնասիրվեն ուռուցքի աճը արգելակող հակաուռուցքային դեղամիջոցների շարքին պատկանող միացություններ

Կուսումնասիրվեն ուռուցքի աճը արգելակող հակաուռուցքային դեղամիջոցների շարքին պատկանող միացություններ

292
0

ԵՊՀ կենսաբանության ԳՀ ինստիտուտի կառուցվածքային կենսաֆիզիկայի միջֆակուլտետային գիտահետազոտական լաբորատորիայի անդամները ներկայացրել են «Հակաքաղցկեղային ալկիլացնող դեղերի համակցված ներգործությունը ԴՆԹ-ի կառուցվածքը և փաթեթավորումը կարգավորող ֆերմենտների ակտիվության վրա» գիտական թեման:

 

Ծրագրի ղեկավար, լաբորատորիայի գիտաշխատող Անուշ Ասատրյանը պատմեց, որ քաղցկեղի բուժման ընթացքում լայնորեն կիրառվում է բլեոմիցին-ցիսպլատին համակցված կամ մուլտի-ագենտային քեմոթերապիան, ինչը թույլ է տալիս նվազեցնել կիրառվող նյութերի կուտակումն առողջ բջիջներում, մեծացնում բուժման արդյունավետությունը և նվազեցնում ցիտոտոքսիկ նյութերի կողմնակի ազդեցությունը:

 

«Ակնկալվող տվյալների շնորհիվ մշակվելու են բլեոմիցին-ցիսպլատին կոմբինացված քեմոթերապիայի նոր սխեմաներ նվազագույն դեղաչափերի կիրառությամբ, ինչն արգելակելու է այդ միացությունների ազդեցությունն առողջ հյուսվածքների և օրգանների վրա»,- նշեց Ա. Ասատրյանը:

 

Հակաուռուցքային դեղամիջոցների շարքին պատկանող միացությունների ստվար խմբի գործունեությունն ուղղված է բջիջների բազմացման արգելակմանը: Այդպիսի ազդեցություն ունեն ալկիլացնող միացությունները, որոնք, կովալենտ կապեր առաջացնելով ԴՆԹ-ի հետ, խաթարում են բջիջների գործունեությունը և, ի վերջո, արգելակում ուռուցքի աճը:

 

Ծրագրի ղեկավարի համոզմամբ, սպասվող արդյունքը բացահայտելու է այն փոփոխականները, որոնք սահմանափակում են բարձր դեղաբաժիններով կիրառվող ցիսպլատինի և այլ ցիտոտոքսիկ դեղերի կուտակումն առողջ բջիջներում:

Թեման ֆինանսավորման է երաշխավորել ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ