Գլխավոր էջ Նորություններ Առաջարկվում են բժշկական օգնության և սպասարկման կայունությունն ապահովող նոր կարգավորումներ

Առաջարկվում են բժշկական օգնության և սպասարկման կայունությունն ապահովող նոր կարգավորումներ

269
0

Հունվարի 19-ի ԱԺ նիստում առաջին ընթերցումով քննարկվել է ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի և Լուսինե Բադալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

 

Նարեկ Զեյնալյանի խոսքերով՝ առողջապահության բնագավառի մարդկային ներուժի պլանավորումը համակարգի կարևորագույն գործառույթներից է, որով լիազոր մարմինն ապահովում է բժշկական օգնության և սպասարկման կայունությունը, շարունակականությունը և անընդհատությունը: Նախաձեռնության համահեղինակը ներկայացրել է վիճակագրական տվյալներ. ՀՀ-ում բժիշկների թիվը համարժեք է միջազգային միջին թվաքանակին, այն է` 10 հազար բնակչին բաժին է ընկնում 35 բժիշկ: Նրա դիտարկմամբ` մարզերում և Երևանում բժիշկների անհամաչափ բաշխվածության խնդիր կա: Երևանում 2020 թ. տվյալներով 10 հազար բնակչին բաժին է ընկնում 98 բժիշկ, իսկ մարզերում բժիշկների թվի զգալի պակաս կա: Միջին բուժաշխատողների կարիք կա ամբողջ հանրապետությունում:

 

Առաջարկվող կարգավորմամբ եթե անձը նպատակային ծրագրերի շրջանակում ընդունվում է միջին մասնագիտական կամ բարձրագույն բժշկական հաստատություն կամ անցնում է հետդիպլոմային ուսուցում, և պետությունը վճարում է նրանց կրթության համար, պարտավորվում ապահովել աշխատանքով, ապա այդ անձինք օրենքի շրջանակում լիազոր մարմնի նախանշած բժշկական հաստատությունում աշխատելու պարտավորություն են ստանձնելու: Նարեկ Զեյնալյանը նշել է, որ սոցիալական երաշխիքներ են նախատեսվում այն անձանց համար, որոնք պայմանագիր կկնքեն լիազոր մարմնի նախանշած բժշկական հաստատության հետ:

 

Հարակից զեկույցում ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է առողջապահության բնագավառի մարդկային ներուժի ոլորտում առկա իրավիճակի հետագա վատթարացումը կանխելու, ավագ և միջին բուժաշխատողների պահանջարկի պլանավորման և պատրաստման միասնական, կանխատեսելի պետական քաղաքականություն ձևավորելու անհրաժեշտությամբ:

 

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հարակից զեկույցում նշել է, որ մարզերում բուժաշխատողների բավականաչափ թափուր հաստիքներ կան: Նրա խոսքերով` ներկա պահին կառավարությունն արդեն մի շարք ծրագրեր է իրականացնում: Առաջարկվող օրինագծի ընդունմամբ կընդլայնվի ծրագրերի շրջանակը, մարզային բուժօգնությունը կդառնա առավել հասանելի: Փոխնախարարի խոսքով՝ այս պահին միևնույն ծառայությունների տրամադրման դեպքում աշխատավարձերի տարբերակված մոտեցում ցուցաբերելու հարց չի դիտարկվում, քննարկվում է սոցիալական երաշխիքների տրամադրման համակարգ ներդնելու խնդիրը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ