Գլխավոր էջ Գլխավոր 1000 դրամանոց շաուրմա ուտելու համար, քաղաքացին պետք է 7000 դրամանոց թեստավորում անցնի՞

1000 դրամանոց շաուրմա ուտելու համար, քաղաքացին պետք է 7000 դրամանոց թեստավորում անցնի՞

293
0

Հունվարի 22-ից ՀՀ չպատվաստված քաղաքացիների համար հանրային վայրերի մուտքերը կփակվեն։ Եթե ցանկանում են մուտք գործել թանգարան, սրճարան, թատրոն կամ սննդի վայրեր, պետք է կա՛մ պատվաստվեն, կամ  ներկայացնեն ՊՇՌ հետազոտությունը հավաստող փաստաթուղթ։ Ստացվում է, որ 3000 դրամանոց պիցցա կամ 1000 դրամանոց շաուրմա ուտելու համար քաղքացին պետք է 6-ից 7 հազար դրամի ծախս անի, թեստավորվի, հետո նոր այցելի սննդի օբյեկտ։ Այս իրավիճակում հետաքրքիրն այն է, որ նույն պահանջը երեխաների մասով չի սահմանվում։ Մի կողմից նախարարությունը հորդորում է երեխաներին պատվաստել, մյուս կողմից էլ երեխաների մուտքը հանրային վայրեր առանց թեստավորման և պատվաստման թույլատրվում է։ Դպրոցներից արդեն իսկ ահազանգ ենք ստանում, որ երեխաներին տանում են թանգարաններ, թատրոններ, բայց ուղեկցել թույլատրվում է միայն պատվաստված ուսուցչուհուն և ծնողին։ Ի՞նչ է , մի՞թե երեխաները չեն կարող վարակի կրող և տարածող հանդիսանալ։ Այս պարագայում ինչու՞ են մեր երկրում ակտիվ հորդորում պատվաստել երեխաներին։

Մյուս կողմից էլ անհասկանալի իրավիճակ է ստացվում տնտեսվարողների համար։ Ո՞վ է կազմակերպելու QR կոդերի ստուգման ընթացքը, մի՞թե կրկին «կուժն ու կուլան» տնտեսվարողի գլխին է ջարդվելու։ Փաստացի ստացվում է, որ այո․

«Տնտեսվարողը ինքը պետք է մշակի և ներդնի կազմակերպչական այն մոտեցումները, որոնցով կարող են վերահսկվել  հունվարի 22-ից ուժի մեջ մտնող սահմանափակումները»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ Նոնա Հայրապետյանը:

Ի դեպ՝ տնտեսվարողներից շատերը չեն պատկերացնում, թե ինչպես և ում կողմից է իրականացվելու նոր պահանջների կատարման վերահսկողությունը:

Նոնա Հայրապետյանի խոսքով՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վերահսկողություն կարող է իրականացնել ստուգայցերի տեսքով:

«Հունվարի 22-ից հետո նախատեսվում է խստացված ռեժիմով ստուգայցեր իրականացնել, որոնք ընդգրկելու են նաև նոր պահանջների կատարման ստուգումը։ Սանիտարական նորմը, որը սահմանվել է առողջապահության նախարարի հրամանով, հավասարապես կիրառման ենթակա է բոլոր տեսակի տնտեսվարող սուբյեկտների կողմից: Սակայն տնտեսվարող սուբյեկտը ներքին կազմակերպման ինչպիսի մեխանիզմներ կմշակի՝ դա արդեն ներքին կարգավորման հարց է: Այսինքն, կախված գործունեության տեսակից, տնտեսվարողը ինքը պետք է մշակի եւ ներդնի էն կազմակերպչական մոտեցումը, որը կբերի ցանկալի արդյունքի՝ վերահսկման առումով: Իսկ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ», — նշել էր նա։

Դե ինչ, մնում է սպասել և հետևել, թե ինչպես է հերթական անգամ նախարարությունը որոշումներ ընդունում, իսկ գործատուին, տնտեսվարողին, աշխատողին ու քաղաքացուն թողնում գործի մեծ բաժինը․․․

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ