Գլխավոր էջ Գլխավոր Մաշկի չորություն, քոր. նեյրոդերմիտի մասին խոսում է մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանը

Մաշկի չորություն, քոր. նեյրոդերմիտի մասին խոսում է մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանը

33679
0

Նեյրոդերմիտի ախտանշանների, դրսևորման ընթացքի և հիվանդության զարգացմանը նպաստող գործոնների մասին Medmedia.am-ը զրուցել է մաշկաբան-սեռավարակաբան, Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի վարչության անդամ Կարեն Վարդանյանի հետ։

Ինչպիսի՞ ախտանշաններով է ի հայտ գալիս նեյրոդերմիտը և արդյոք կա՞ գենետիկական նախադրամադրվածություն:

Նեյրոդերմիտը, կամ նույն ինքը ատոպիկ մաշկաբորբ, ատոպիկ էկզեմա և էլի մի շարք տարբեր անվանումներ ունեցող, մաշկային քրոնիկ հիվանդություն է։ Պատճառագիտության մեջ իհարկե գերակշռող դերակատարում ունի գենետիկ նախատրամադրվածությունը, ասել է թե ժառանգում են ոչ թե բուն հիվանդությունը, այլ դրա համար պատասխանատու գեները։ Եվ իհարկե նաև մեծ դերակատարում ունեն թե արտաքին, և թե ներքին ազդակները, որոնք մի դեպքում կարող են հանդիսանալ որպես հիվանդության դրսևորման խթան, մեկ այլ դեպքում՝ որպես նպաստող գործոն։

Հիմնական 2 ախտանիշները, որոնք պարտադիր են համարվում ատոպիկ մաշկաբորբի դեպքում, մաշկի ակնհայտ չորությունն է՝ քսերոզը, և քորը։ Անգամ ախտորոշման ընդունված ալգորիթմներում նշվում է, որ եթե բացակայում է այս երկու սիպմտոմներից մեկը, ապա պետք է վերանայել ատպոիկ մաշկաբորբ ախտորոշումը, և դիտարկել որպես այլ մաշկային խնդիր։  Բայց և այնպես ախտանշանները չեն սահմանափակվում այս երկու փոփոխությամբ։ Բնորոշ են նաև տվյալ տեղամասում քերծվածքները և մաշկի գծապատկերի առավել արտահայտիչ լինելը, որպես քորի հետևանք։ Ինչպես նաև մաշկի գեր կամ թերգունակավորումը, որպես հետբորբոքային վիճակի դրսևորում։ Սրանք հիմնական ախտանշաններն են, բայց իհարկե մաշկի այլ փոփոխություններով ևս կարող է այն ուղեկցվել։

Առավել հաճախ ո՞ր տարիքային խմբի մոտ է հանդիպում այս հիվանդությունը:

Հիվանդության տարիքային սահմանափակում գրեթե չկա, եթե չհաշվենք վաղ նորածնային շրջանը։ Հիվանդությունն առավել հաճախ արձանագրվում է վաղ մանակական տարիքում՝ սկսած 4-6 ամսականից։ Սակայն քիչ չեն դեպքերը, երբ խնդիրն առաջին անգամ ախտորոշվում է մեծահասակների մոտ։ Իհարկե համեմատատական կարգով մանկական և դեռահասության շրջանում հանդիպում է շատ ավելի հաճախ, քան մեծահասակների մոտ։ Նշեմ նաև, որ ամեն տարիքային խմբին կա գերազանցապես բնորոշ ախտանիշների խումբ, որոնք կարող են և չհամընկնել այլ տարիքային խմբին բնորոշ ախտանշանների հետ։

Տարբերում ենք նեյրոդերմիտի երկու տեսակ՝ սահմանափակ և սփռուն: Ըստ տեսակի՝ դրսևորման ընթացքի ինչպիսի՞ տարբերություններ կան:

Նման դասակարգման հիմքում՝ ինչպես հուշում է անվանումը, ընկած է խնդրի տոպոգրաֆիան։ Ասել թե, նման դասկարգումը կախված ախտահարված տեղամասերի քանակից և/կամ մակերեսից։ Բնականաբար սահմանափակ տեղամասի դեպքում բուժական գործընթացը կազմակերպելը ևս դյուրին է։ Ի դեպ, տարածվածությունը հանդիսանում է խնդրի ծանրության աստիճանի որոշման չափորոշիչ։ Իսկ ծանրության աստիճանից կախված խիստ կարող է փոփոխվել նաև կիրառվող բուժական մոտեցումը։

Ինչպիսի՞ գործոնները կարող են նպաստել նեյրոդերմիտի զարգացմանը:

Ազդակները՝ որոնք կարող են նպաստել խնդրի սրացմանը շատ բազմազան են։ Դասկարգվում են 2 մեծ խմբի՝ արտաքին ազդեցության ազդակներ, և ներքին, այսինքն օրգանիզմի ներսում կատարվող փոփոխություններ։ Արտաքին ազդակներն իրենց հերթին բաժանվում են ըստ ծագման՝ քիմիական (լոգանքի օճառային միջոցներ), ֆիզիկական (օրինակ լոգանքի ջրի ջերմաստիճան), կենսաբանական(տան փոշու տիզ) և այլն։

Շարքն իհարկե անսահմանափակ կարելի է թվարկել, բայց տեղին է հիշել, որ ազդակները կարող են ունենալ ինդիվիդուալ նշանակություն, մեկի մոտ սրել խնդիրը, մյուսի մոտ որևէ ազդեցություն չունենալ։

Նեյրոդերմիտ ունեցող անձը ի՞նչ պետք է իմանա այս հիվանդության մասին, որպեսզի կարողանա խուսափել հետագա բարդացումներից:

Մանրամասն ու պարբերաբար խորհրդատվությունների ընթացքում պացիենտին և/կամ նրա ծնողներին տրվում է մաքսիմալ հագեցած ինֆորմացիա։ Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի անդամներով  կազմակերպվել ենք անգամ ատոպիկ մաշկաբորբի դպրոցներ, որոնք արդեն խմբային դասախոսությունների տեսքով էին։ Հնարավորություններ էր տրվել միաժամանակ լսելու մի քանի առաջատար մասնագետի կարծիք, քննարկում ծավալել այլ անձանց հետ, ովքեր ևս առնչվում են այդ խնդրին։ Հայաստանում նման փորձը վստահ կարող եմ ասել, որ հաջողված էր, և պլանավրվել է հետագայում շարունակել թե նույն խնդրի, և թե այլ մաշկային խնդիրների հետ կապված։ Շատ կարևոր է բժիշկ-պացիենտ սերտ շփումը, փոխադարձ վստահության մթնոլորտը, առաջացած հարցերի քննարկումը։

Ինչպե՞ս է ախտորոշվում:

Ի սկզբանե նշեմ, որ ատոպիկ մաշկաբորբը դա կլինիկական ախտորոշում է։ Ասել թե, բժշկի կողմից ախտորոշման համար բավարար է ստացած ինֆորմացիայի (պացիենտի կողմից տրված, կամ հարցուպատասխանի միջոցով ստացված), և պացիենտի ու նրա խնդրի արտաքին դրսևորումների համադրումը։ Չկան պարտադիր հետազոտություններ ախորոշման համար։ Սակայն պետք է նշեմ, որ որոշ դեպքերում՝ ելնելով կարիքից, կամ զուգակցող խնդիրներից, բժշկի կողմից կարող է մշակվել լրացուցիչ հետազոտման պլան։

Բուժման ինչպիսի՞ մեխանիզմներ գոյություն ունեն:

Ինչպես ցանկացած, այնպես էլ այս հիվանդության դեպքում, բուժումը կատարվում է դեղորայքով։ Կախված ծանրության աստիճանից բուժական մոտեցումը կարող է խիստ տարբեր լինել։ Եթե թեթև աստիճանի ժամանակ կարող ենք միայն ճիշտ կազմակերպված խորհրդատվությամբ ու խնամքի միջոցներով ստանալ լավացում, ապա ծանր դեպքերում մինչև անգամ խորհուրդ է տրվում բուժումն իրականացնել ստացիոնար պայմաններում։

Օգտվելով առիթից նշեմ, որ ատոպիկ մաշկաբորբի բուժական մոտեցումները ևս բավականին ուսումնասիրված են, և հնարավորություն են ստեղծում ստանալ բարձր արդյունավետություն կիրառված բուժական մոտեցումից։ Կարևոր եմ համարում մեկ անգամ ևս նշել, որ բժիշկ-պացիենտ փոխադարձ վստահության պայմաններում է հնարավոր հասնել լավագուն արդյունքների, իսկ դրա գրավականը պարզապես շփումն ու առաջացած հարցերի քննարկումն է։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ