Գլխավոր էջ Գլխավոր «Կուժն ու կուլան» կրկին ժողովրդի գլխին ջարդվեց․ ո՞վ կվճարի ՊՇՌ թեստի համար

«Կուժն ու կուլան» կրկին ժողովրդի գլխին ջարդվեց․ ո՞վ կվճարի ՊՇՌ թեստի համար

2904
0

Մինչ հանրությունը ատամները կրճտացնելով սպասում է դրական փոփոխությունների, գոնե ՊՇՌ հետազոտությունների մասով, Սահմանադրական դատարանը հրապարակում է որոշում, որը հասկանալի է ոչ բոլորին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՍԴ որոշմանը, նշել էր, որ աշխատողները իրենց միջոցներով ՊՇՌ հետազոտումների պարտականություն չունեն, որովհետև այն հակասահմանադրական ճանանչվեց։ Հրապարակվեց ՍԴ որոշումը: Առողջապահության նախարարը կամ կառավարության ցանկացած պաշտոնյա պարտավոր է ընկալել Հայ մարդու նկատմամբ, ԻՐԱՎԱԽԱԽՏ ու ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ վարքագիծը ու անխուսափելի պետք է լինեն հետևանքները.

Նշենք, որ  երեկ, դեկտեմբերի 27-ին Սահմանադրական դատարանի կայքում հրապարակվել է ՍԴ որոշումն Առողջապահության նախարարի՝ պարտադիր պատվաստումների եւ թեստավորումների մասին հրամանի որոշ դրույթների սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների կողմից ներկայացված հայցով որոշումը։

60 էջանոց սույն որշումը դժվար թե քաղաքացիների մեծամասնությունը կարդա, իսկ կարդալու պարագայում էլ, կան դրույքներ, որոնք դժվար ընկալելի են։ Հատկապես քաղաքացիներին հուզում է մեկ հարցի պատասխան՝ ՊՇՌ հետազոտության համար ո՞վ կամ ո՞ր կառույցն է վճարելու․․․հարցի պատասխանը չկա։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում փորձել է հանգամանալից ներկայացնել որոշման կարևոր բաղադրիչները․

1) ՍԴ-ն հստակ է ասում, որ ծախսերի բեռը հրամանով աշխատողների վրա չէր կարող դրվել, բայց թե ում վրա պետք է լինի ՍԴ գործառույթը չէ, ինչը բնական է:

2) Հրամանը այլ խնդրահարույց դրույթներ ունի, որոնց մանրամասն անդրադարձ է կատարվել:

3) ՍԴ-ն արձանագրել է, որ Պետությունը կարող է ծախսերը ՊՇՌ թեստերի` վերցնել իր վրա, կարող է և չվերցնել, բայց իրավիճակը ԵՆԹԱԴՐՈւՄ Է «հանրային աջակցություն՝ սոցիալական համերաշխության օրակարգով»..:

4) ՍԴ-ն իրավացիորեն կարևորել է նաև պատվաստումային քաղաքականությունը և որոշակիորեն նշել դրա առկա թերությունները Հայաստանում:

Այդուհանդերձ, կարևոր հարցի պատասխանը մնում է օդում։ ՍԴ-ն հաստատում է, որ քաղաքացին չպետք է կրի ՊՇՌ թեստավորման ֆինանսական բեռը, եթե ոչ քաղաքացին կամ աշխատողը, ապա ո՞վ։ Ստացվում է, որ հունվարից հարցի շուրջ սպասվում են նոր զարգացումներ և այս հարցի պատասխանը վերածվելու է «Հա՞վն է ձվից, թե՞ ձուն հավից» վաղեմություն ունեցող հարցին։ Եվ ինչպե՞ս է պետությունը պատկերացնում խնդրի կարգավորումը։ Գործատու-աշխատող փոխհարաբերությունները կրկին սրացման փուլ կթևակոխեն, իսկ Առողջապահության նախարարությունը կողքից ընդամենը դիտորդ կմնա, ինչպես ասում են՝ «Կատվի խաղը՝ մկան մահը»․․․Կիսատի հոգեբանությունն այդպես էլ արմատախիլ չի արվում,ընդունվում են որոշումներ, որոնց իրականացման ուղիները երբևէ չեն առաջարկվում և ինչպես միշտ «կուժն ու կուլան» քաղաքացու գլխին է ջարդվում։ Քաղաքացի՛, դե արի՛ ու գլուխ հանի, թե գործատուիդ պահանջից և ՍԴ որոշումից հետո գլուխդ ո՞ր պատին ես տալու, հասկանալու համար, թե ՊՇՌ թեստի համար գումար ով է քեզ տրամադրելու, չկա գեթ մեկը ով այս հարցում կլուսավորի բազմաչարչար, թանկացումների տակ ճռռացող, վարկերի ծանրությունը ուսին կրող, դեռևս նոր թանկացումների սպասող ու արդեն չվախեցող, որդի կորցրած, պատերազմ տեսած,ոտք ու թև կորցրած քաղաքացուն։ Եվ ժողովուրդս դեռ հույս ուներ, թե ՍԴ որոշումից հետո, վե՛րջ, ազատվելու են գոնե մեկ ֆինանսական բեռից ու մի չնչին «հաղթանակով» Ամանոր նշելու, բայց չէ՛, տոնական օրերը կանցնեն գլուխկոտրուկ լուծելով, իսկ հետո «կվայելեն» նվերները՝ թանկացումների, ֆինանսական բեռի և «պատիժների» տեսքով․․․

Ս․ Ասատրյան

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ