Գլխավոր էջ Նորություններ Տեղի է ունեցել համավարակի հետևանքների մեղմմանն ուղղված դրամաշնորհային հիմնադրամի գնահատող հանձնաժողովի նիստը

Տեղի է ունեցել համավարակի հետևանքների մեղմմանն ուղղված դրամաշնորհային հիմնադրամի գնահատող հանձնաժողովի նիստը

418
0

Այսօր տեղի է ունեցել ՀՀ միավորված համայնքներում տնտեսական զարգացման տրամաբանությամբ՝ համավարակի հետևանքների մեղմմանն ուղղված դրամաշնորհային հիմնադրամի Գնահատող հանձնաժողովի նիստը։

 

Հանձնաժողովի կազմում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ ՏԿԵ տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Պիեռ Բոնիֆասին և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի Ինստիտուցիոնալ աջակցության վարչության պետ Արամ Գրիգորյանը։

 

Օրակարգում Հիմնադրամի երկրորդ փուլում համայնքներից ստացված ծրագրային հայտերի քննարկումն էր։ Ընդհանուր թվով ստացվել է 19 հայտ 15 միավորված համայնքից՝ Ծաղկահովիտ, Ճամբարակ, Շողակաթ, Ակունք, Բյուրեղավան, Մեծավան, Սարչապետ, Տաշիր, Գորայք, Կապան, Տաթև, Տեղ, Դիլիջան, Արենի և Եղեգիս։ Ոլորտները ևս բազմազան են՝ ենթակառուցվածքներ, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, մասնագիտական ուսուցում։ Հայտերը նախ գնահատվել են համայնքների տնտեսական զարգացման աշխատանքային խմբի (ՀՏԶ ԱԽ) կողմից՝ նախապես տրամադրված գնահատման սանդղակի չափանիշներին համապատասխան։ Արդյունքում, ընտրվել է 8 հայտ և ներկայացվել Գնահատող հանձնաժողովի քննությանը։

Դրանք են.

📎Սարչապետ համայնքի ավտոպարկի համալրում 4 միավոր կցորդով

📎Տաշիր համայնքում տուրիստական տեղեկատվական կենտրոնի և համայնքային հյուրընկալության կառույցի հիմնում

📎Գորայք համայնքի մեքենատրակտորային պարկի համալրում անվավոր տրակտորով և կից գործիքներով

📎Կապան համայնքի 17 գյուղական բնակավայրերում աղբահանություն կազմակերպելու նպատակով աղբամանների ձեռքբերում և տեղադրում

📎Տաթև համայնքի Հալիձոր բնակավայրում EcoHaleh կրթական կենտրոնի հիմնում

📎Տեղ համայնքում համայնքային կենտրոնի հիմնում

📎Դիլիջան համայնքում գյուղատնտեսական ապրանքների վաճառքի համար նախատեսված տաղավարների հիմնում

📎Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի ոռոգման համակարգերի ներքին ցանցի կառուցում

 

Գոհունակություն հայտնելով Հիմնադրամի գործադրման առաջին փուլում ընտրված և ներկայում իրականացվող ծրագրերի ընթացքի, ինչպես նաև ՀՏԶ ԱԽ կողմից երկրորդ փուլում դիտարկված և ընտրված ծրագրային հայտերի վերաբերյալ, Գնահատող հանձնաժողովի անդամները հավանություն տվեցին 8 ծրագրային հայտերին։ Հանձնաժողովը առանձնակի կարևորեց ծրագրերի դրանց իրականացման ընթացքում և ավարտից հետո ՏԿԵՆ, ԳՄՀԸ և ՀՏԶ ԱԽ ակտիվ շփումը համայնքապետարանի հետ և ծրագրերից ստացվելիք արդյունքների արդյունավետ օգտագործումը՝ ի նպաստ համայնքների կայուն տնտեսական և սոցիալական զարգացման։

 

Հիմնադրամը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության համատեղ ֆինանսավորմամբ։ Հիմնադրամի գործադրումն ապահովվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ