Գլխավոր էջ Օրվա թեման Դատախազությունը կոծկու՞մ է․ Քովիդի բուժման թանկարժեք դեղի «փողոցային» առաքման հետքերով

Դատախազությունը կոծկու՞մ է․ Քովիդի բուժման թանկարժեք դեղի «փողոցային» առաքման հետքերով

1685
0

Դեռևս սեպտեմբերին Medmedia.am-ը բարձրաձայնել էր Քովիդի բուժման ընթացքում օգտագործվող «Aktemra» դեղամիջոցի ձեռք բերման առեղծվածային պայմանների մասին․ ընդհատակյա՞, թե՞ օրինական, մինչ այսօր պարզել չի հաջողվում։ Փաստաբան Լուսինե Վիրաբյանը շուրջ  8 ամիս  պայքարում է, որպեսզի ի վերջո բացահայտվի, թե դեղամիջոցը ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ձեռք բերում։ Չորս ամիս անց գործի հետ կապված նորություն չկա, փաստաբանը կարծում է, որ գործի քննությունը օբյեկտիվ չէ․

«Բողոքարկեցի Դատախազություն, այն հիմքով որ չի կատարվել օբյեկտիվ քննություն, քանի որ եթե կատարվեր՝ մի շարք հանգամանքներ կային, օրինակ՝ հիվանդների հետ կապված, վկան նշում է, որ ինքը Քովիդի բուժման նպատակով «Aktemra» դեղամիջոցը ձեռք է բերել հիվանդից, ապա ինչու չե՞ք հարցաքննությում հիվանդին։ Միայն այն, որ հիվանդանոցի ավագ բուժքույրը և գլխավոր բժիշկը հարցաքննվել են և տվել են ցուցմունք, որ այո՛, դեղը ներարկել են հիվանդին, հիմնվել են դրա վրա, բայց դեղի ձեռքբերման աղբյուրը չի բացահայտվել ու գործը կարճվել է։ Իսկ եթե իրենք կազմակերպված խմբի միջոցով են հանդես գալիս, այսինքն՝ երեքով(բժիշկ, բուժքույր, դեղը ձեռք բերող անձ) իրար հետ կազմակերպված են գործել, բնականաբար իրարամերժ ցուցմունք չէին տալու, մենք այլ բան չէինք էլ սպասում։ Այդ հիմքով բողոքարկել եմ դատախազին և նա որևէ կերպ չի անդրադարձել իմ բողոքին, դրա փոխարեն քննիչի որոշումը քոպի պեստ է արել, որ բուժքույրն ասել է, թե ինքն է ներարկել դեղը, բժիշկն ասել է, որ տեղյակ է եղել, թե ինչ դեղամիջոց է ներարկվել քովիդ հիվանդին։ Այնուհետև՝ բողոքը մերժվել է։ Ես բողոքը մուտք եմ արել դատարան, որ չի կատարվել օբյեկտիվ քննություն, որի արդյունքում գործի բոլոր փաստերը կպարզվեին, այսինքն՝ քննիչի կողմից հանցավոր որոշակի անգործություն է դրսևորվել»,-նշեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ փաստաբան Լուսինե Վիրաբյանը դեռևս սեպտեմբերին բարձրաձայնել էր, թե կորոնավիրուսի դեմ բուժման համար դեղը ձեռք է բերվել փողոցից.

Մասնավորապես նա գրել էր.

«Կորոնավիրուսի դեմ բուժման ընթացքում 700.000 դրամ արժողությամբ դեղը ձեռք է բերվել ոչ թե դեղատնից, այլ փողոցից` բառի բուն իմաստով։ Փողոցից անօրինական գնված դեղը որևէ ազդեցություն չի թողել հիվանդի վրա, իսկ քննիչին չի հետաքրքրել, թե ումից է գնվել այդ կարևոր և թանկ դեղը»:

Փաստաբանն ունի հիմնավոր կասկած՝ դեղը, որը մեծ քանակով օգտագործվել է թե զինվորների համար, թե Covid 19-ի բուժման նպատակով, Հայաստանում ունի ընդհատակյա անօրինական արտադրություն, ինչը ձեռնտու չէ բացահայտել որոշ շրջանակների։

Նշենք, որ հարուցվել էր քրեական գործ:

«Դեռևս մայիսին ինձ դիմեցին քաղաքացիներ Արտակ և Արշակ Ղարիբյանները: Հունվար ամսին Արշակ Ղարիբյանի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, նրա և հոր մոտ միաժամանակ, նրանց տեղափոխել են Նորք Ինֆեկցիոն հիվանդանոց, այնուհետև՝ մեկ օր անց հայրը մահացել է, իսկ Արշակին տեղափոխել են Սուրբ Մարիամ Աստվածածին կովիդ կենտրոն, որտեղ բուժում է ստացել: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո է տեղեկացել, որ հայրը մահացել է, իսկ ինքը փրկվել է, ինչ որ «Ակտեմրա» դեղի շնորհիվ, որը բավականին թանկ է: Երբ Արշակին ու հորը տեղափոխում են հիվանդանոց, հարազատները դիմում են իրենց ծանոթին, Սմբատ Բալասանյանին, ով կապեր ունի բոլոր հիվանդանոցներում, քանի որ ունի դեղեր ու ախտահանող միջոցներ առաքով ընկերություն և փորձում է նրա միջոցով բուժանձնակազմի հետ կապ հաստատել , խնդրել, որպեսզի ավելի հետևողական լինեն: Հետագայում Սմբատն է միայն կապ ունենում բժիշկների և հիվանդի հետ, քանի որ ընտանիքում դժբախտություն էր եղել և հիվանդության պատճառով չէին ուզում, որպեսզի Արշակը տեղեկանա հոր մահվան մասին: Ընթացքում տեղեկանում են, որ Արշակի վիճակը ծայրահեղ ծանր է և նրա կյանքը կփրկի միայն «Ակտեմրա» դեղը, որն այդ պահին 700 հազարից մինչև 1 մլն 400 դրամ է եղել: Տվյալ անձին խնդրել են, եթե նա ունի հնարավորություն ձեռք բերի այդ դեղը նորմալ գնով, նորմալ որակի և նա էլ համաձայնվել է: Վճարել են 700 հազար դրամ, և անձի պատմելով ներարկումից հետո հրաշք է տեղի ունեցել և մեկ օրվա ընթացքում մեծ արդյունք է գրանցվել և Արշակը ոտքի է կանգնել: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, երբ նա իմանում է, որ այդչափ թանկանոց դեղ են իրեն ներարկել, կասկած է առաջանում, քանի որ որևէ մեկը դեղի կամ դրա հետևանքի մասին իրեն ոչինչ չի ասել: Էպիկրիզի մեջ կան բոլոր դեղորայքները, որոնք ներարկվել են բուժման ընթացքում, սակայն այդ դեղի մասին որևէ նշում արված չէ»,-նշել էր փաստաբանը:

Մանրամասները՝ այստեղ

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ