Գլխավոր էջ Նորություններ Համաժողով` նվիրված COVID-19-ի և այլ վարակիչ հիվանդությունների հակազդմանը

Համաժողով` նվիրված COVID-19-ի և այլ վարակիչ հիվանդությունների հակազդմանը

339
0

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցով Սանկտ Պետերբուրգում է:

 

ՌԴ սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության պաշտպանության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսպոտրեբնադզոր») կազմակերպել է նոր կորոնավիրուսային համավարակի և այլ վարակիչ հիվանդությունների հակազդման հարցերին նվիրված միջազգային գիտագործնական համաժողով, որին մասնակցում են առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը և ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը, ինչպես նաև համապատասխան պետական մարմինների ղեկավարների, ԱՊՀ անդամ-պետությունների, Աֆրիկայի, Ասիայի երկրների գիտագործնական կազմակերպությունների ներկայացուցիչները:

 

Մասնակիցները համաժողովին քննարկել են հետևյալ թեմաները.

 

Նոր կորոնավիրուսային վարակի համաճարակաբանություն: Հակահամաճարակային միջոցառումներ: Արձագանք:

COVID-19 համավարակի դեմ պայքարի ոլորտում միջազգային համագործակցության փորձ:

COVID-19. մարտահրավեր ժամանակակից գիտությանը:

Ջանքերի միավորում. միջազգային փոխգործակցություն COVID-19-ի հակազդման շրջանակներում:

SARS-CoV-2-ի էվոլյուցիա:

SARS-CoV-2-ի էվոլյուցիայի ազդեցությունը COVID-19 համավարակի վրա: Կանխատեսումներն ու տարածման ձևերը:

COVID-19-ի ախտորոշում. խնդիրներն ու լուծումները:

COVID-19. գլոբալ մարտահրավերներն ու ժամանակակից տեխնոլոգիաները:

Պատվաստանյութեր. ներկան ու ապագան: «SARS-CoV-2»-ի էվոլյուցիայի մրցավազք:

COVID-19-ի ժամանակ իմունային արձագանքի ձևավորման առանձնահատկություններ:

COVID-19-ի իմունոլոգիա. իմունային արձագանքման առանձնահատկություններից մինչև հավաքական իմունիտետ:

Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել նաև ԵԱՏՄ մասնակից-պետությունների գլխավոր սանիտարական բժիշկների Խորհրդի անդամների հանդիպում, որի ընթացքում քննարկվել են պետությունների տարածքներում ընդհանուր համաճարակային իրավիճակը, COVID-19 դեմ պայքարի և կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև հետագա անելիքները և համագործակցության ուղղությունները։

 

Մասնավորապես, համավարակի դեմ պայքարի գործում ակտիվ և արդյունավետ փոխգործակցություն է ծավալվել Ռուսաստանի Դաշնության հետ։ ՌԴ սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության պաշտպանության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար, ԵԱՏՄ անդամ-պետությունների գլխավոր սանիտարական բժիշկների խորհրդի նախագահ Ա․ Պոպովայի հետ հանդիպման ժամանակ ընդգծվել է վերոհիշյալ համագործակցության կարևորությունը, ինչպես նաև այն խորացնելու նպատակով ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ