Գլխավոր էջ Գլխավոր «Չեմ ուզում պատվաստվել, գումար էլ չունեմ 7 օրը մեկ թեստավորվելու համար»․ ԱՀԱԶԱՆԳ

«Չեմ ուզում պատվաստվել, գումար էլ չունեմ 7 օրը մեկ թեստավորվելու համար»․ ԱՀԱԶԱՆԳ

4077
0

Ինչպես գիտենք, հոկտեմբերի 1-ից աշխատող քաղաքացիների համար գործում է երկընտրանք-պարտադրանքի սկզբունքով հայտնի որոշումը։ Աշխատող անձը պետք է ամիսը երկու անգամ՝ 14 օրը մեկ գործատուին ներկայացներ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հաստատող սերտիֆիկատը կամ պատվաստման հավաստագիրը։ Որոշումը, սակայն, վերջերս փոփոխության ենթարկվեց։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ դեկտեմբերի 1 –ից պետք է սերտիֆիկատները ներկայացնել 7 օրը մեկ։

Շատ քաղաքացիների համար վերջինս դժգոհության ալիք բարձրացրեց։ Սակայն, այն , ըստ էության արվում է պատվաստումային ցուցանիշի ավելացման համար։

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, MedMedia.am խմբագրություն էր դիմել քաղաքացի Արմինե Սարիբեկյանը, ով ևս մտահոգված է խնդրով։ Չցանկանալով հրապարակել աշխատավայրի մասին որևէ տեղեկություն՝ պատմեց իր դժգոհության մասին։ «Հրամանի ընդունումից հետո, մենք ՝ աշխատողներով, ովքեր չէին պատվաստվել, հենց աշխատավայրում թեստավորվեցինք։ Ես չեմ ուզում ասել, որ պատվաստումը լավ է, վատ է, բայց ես ունեմ իմ կարծիքը՝ ես չեմ ուզում պատվաստվել, ուղղակի, ցանկություն չունեմ, գումար էլ չունեմ թեստավորվելու համար։ Հիմա, անկեղծ, այլևս չեմ կարող շաբաթը մեկ 7-8 հազար դրամ տալ թեստի համար։ Ֆինանսապես արդեն հնարավոր չի»,- ընդգծեց քաղաքացի Սարիբեկյանը։

Նա նշեց, որ այսօր ՊՇՌ թեստ հանձնելու օրն է, և այսօր ևս ընտրել է թեստավորման տարբերակը։ Սակայն, մինչև շաբաթվա ավարտը, գուցե, պատվաստվի․ «Սկզբում մտածում էի՝ դե ինչքան էլ լինի թեստը՝ կթեստավորվեմ, որովհետև, իրոք ցանկություն չունեի պատվաստման, բայց արդեն, երևի վաղը կամ մյուս օրը ստիպված պատվաստվեմ։ Թե չէ՝ ինչքա՞ն կարող եմ գումար ծախսել, այդքան բարձր չի իմ աշխատավարձը, որ կարողանամ ինձ թույլ տալ 7 օրը մեկ թեստ հանձնել»,- ասաց քաղաքացին։

Հավելեց, որ պատվաստումների արդյունավետության մասով որևէ կարծիք հայտնելը, այնուամենայնիվ, սխալ է, բայց նման երկընտրանքի առջև դնելը՝ անընդունելի։ Փաստաբան Էմիլ Մարկոսյանն այս մասով հայտնել էր, որ պարզապես չեն ուզում լսել ժողովրդի հիմնավոր պահանջները, որոնցից մեկը սեփական միջոցներով ՊՇՌ թեստավորումն է․ «Ո՞նց կարելի է նվազագույն աշխատավարձ ստացող մարդուն ամիսը 2 անգամ ուղարկել 8-10 հազար դրամանոց թեստավորման, ու դա էլ դեռ քիչ է, հիմա էլ մտածել են՝ շաբաթը 1»,-նշեց Մարկոսյանը։

Այնուամենայնիվ, որոշումն ուժի մեջ է, և շատերն առնչվում են խնդրին։ Որքան էլ որ աշխատող քաղաքացիներն իրենց դժգոհությունն են արտահայտում, սակայն, որևէ փոփոխություն որոշման մեջ դեռևս չկա։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ