Գլխավոր էջ Նորություններ Աշխարհում կատարվել է կորոնավիրուսի դեմ ավելի քան 8 միլիարդ պատվաստում

Աշխարհում կատարվել է կորոնավիրուսի դեմ ավելի քան 8 միլիարդ պատվաստում

433
0

Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստումների թիվը գերազանցել է 8 միլիարդը: Դրանց կեսից ավելին (4,16 միլիարդ) բաժին է ընկնում երեք երկրների՝ Չինաստանին (2,5 միլիարդ), Հնդկաստանին (1,2 միլիարդ) և ԱՄՆ-ին (0,46 միլիարդ): Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հիմնվելով իշխանությունների պաշտոնական հայտարարությունների և լրատվամիջոցների վիճակագրության վրա։

 

Մինչ այժմ մարդիկ ստացել են Covid-ի դեմ պատվաստանյութերի 8,03 միլիարդ չափաբաժին։ Դեռևս հնարավոր չէ որոշել, թե մոլորակի վրա քանի մարդ է ստացել պատվաստումների ամբողջական կուրսը, քանի որ շատ երկրներ հայտնում են միայն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի սերտիֆիկացված չափաբաժինների և կատարված պատվաստումների մասին։ Միևնույն ժամանակ, մի շարք երկրներում արդեն սկսվել է քաղաքացիների վերապատվաստումը կորոնավիրուսի դեմ։

 

Ինչպես նոյեմբերի 29-ին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, «աշխարհի պատվաստանյութերի ավելի քան 80%-ն ուղղվել է Մեծ 20-յակի երկրներին, իսկ ցածր եկամուտ ունեցող երկրները, որոնց մեծ մասը գտնվում են Աֆրիկայում, ստացել են չափաբաժինների միայն 0,6%-ը»։

 

Միաժամանակ, աշխարհում պատվաստումների տեմպերն արագացել են․ նախորդ մեկ միլիարդ պատվաստումներն իրականացվել են 37 օրում, իսկ այս միլիարդին հասնելու համար մեկ շաբաթ պակաս է պահանջվել։

 

ԱՄԷ-ում և Մալդիվներում պատվաստված են գրեթե բոլոր բնակիչները, որոնց թույլատրվում է պատվաստում, իսկ Սինգապուրում, Կամբոջայում և Կուբայում բնակչության ավելի քան 90%-ին արդեն ներարկվել է պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժին։ Եվս ինը երկրներում՝ Բրունեյում, Պորտուգալիայում, Չինաստանում, Չիլիում, Կատարում, Հարավային Կորեայում, Իսպանիայում, Արգենտինայում և Մալթայում, պատվաստված է բնակչության ավելի քան 80%-ը:

 

Ռուսաստանում, ըստ Կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի, արդեն իրականացվել է կորոնավիրուսի դեմ պատվաստման ավելի քան 60,8 միլիոն ամբողջական ցիկլ, իսկ առաջին չափաբաժինը ներարկվել է 69,5 միլիոն անգամ։ Ընդ որում, երկրում կորոնավիրուսի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետի մակարդակը կազմում է 51,8%։

 

Ընդհանուր առմամբ, աշխարհում քաղաքացիական շրջանառության մեջ է կորոնավիրուսի դեմ առնվազն 15 պատվաստանյութ, այդ թվում՝ ռուսական Sputnik V-ն, Sputnik Light-ը, Эпиваккорона-ն և Ковивак-ը, ամերիկյան Pfizer և նրա գերմանական գործընկեր BioNTech-ի, բրիտանական-շվեդական AstraZeneca ընկերության և Օքսֆորդի համալսարանի պատվաստանյութերը, չինական Sinovac և Sinopharm ընկերությունների, հնդկական Covaxin, ինչպես նաև ամերիկյան Moderna և Johnson & Johnson ընկերությունների պատվաստանյութերը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ