Գլխավոր էջ Գլխավոր Կտրող ցրտին դիմակով շատ ավելի հեշտ կլինի շնչել. Նիկոլ Փաշինյան

Կտրող ցրտին դիմակով շատ ավելի հեշտ կլինի շնչել. Նիկոլ Փաշինյան

2799
0

Ինչպես գիտենք, նոյեմբերի 1-ից պարտադիր է դարձել նաև բաց տարածքներում դիմակի կրումը։ Որքանո՞վ է վերջինիս կիրառությունն օգնում համավարակի դեմ պայքարին, չենք կարող միանշանակ կարծիք հայտնել, քանզի մասնագետներն այս մասով ունեն շատ տարբեր կարծիքներ։

Երեկ՝ նոյեմբերի 25-ին կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով կորոնվիրուսային իրավիճակին և պատվաստումներին՝ ասաց, որ պատվաստումից հետո չունենք ոչ մի բարդության դեպք, որն արժանի է հիշատակման։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ներկայացրեց Հայաստանում պատվաստումային ցուցանիշները։ Նիստի ընթացքում արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հարց ուղղեց առողջապահության նախարարին՝ բաց տարածքներում դիմակի կրման հետ կապված․ «Շնորհակալություն հայտնելով կատարված հսկայական աշխատանքի, հատկապես պատվաստումներով այսպես դրական արդյունքների համար, այդուհանդերձ կուզենայի հարցնել՝ հնարավո՞ր է արդյոք մոտ ապագայում գոնե բացօթյա տարածքներում դիմակների պարտադիր կրումը թույլ տալ, որ արդեն չլինի»։

ԱՆ նախարար Ավանեսյանն էլ ի պատասխան ասաց,որ բոլոր սահմանափակումները կիրառվում են ըստ համաճարակային իրավիճակի և դրանք շատ ճկուն կերպով անընդհատ փոփոխվում են՝ անհարկի չծանրաբեռնելով քաղաքացիներին․ «Այդուհանդերձ, մենք բոլորս տեսնում ենք, որ այդ միջոցառումները տալիս են ուղիղ էֆեկտ և մենք ունենում ենք թվերի նվազում։ Եվ միանշանակ մեր այս դրական տենդենցը պահպանվելու և բարելավվելու պարագայում մենք միշտ մեր քաղաքականությունն ըստ այդմ փոփոխում ենք»,-նշեց նախարար Ավանեսյանը։

Սակայն, նախարարների հարց ու պատասխանին հաջորդեց վարչապետի կատակը․ «Բայց հիմա ձմեռ է գալիս, և մարդկանց դեմքը դիմակով ավելի պաշտպանված կլինի։ Երևանի և Հայաստանի շատ տարածաշրջանների այն կտրող ցրտին դիմակով շատ ավելի հեշտ կլինի շնչել, քան առանց դիմակի, այնպես որ դրա մասին գարնանը մտածենք։ Չէ՛, կատակ եմ անում, բայց իհարկե, պետք է ըստ իրավիճակի կողմնորոշվել»։

Նիստի ընթացքում եղան նաև բաց տարածքում դիմակի պարտադիր կրմանը կողմ անձինք, սակայն վերջինիս արդյունավետության մասով գրեթե միայն լսել ենք այն, որ փակ տարածքում, օրինակ՝  հանրային տրանպորտում կրելու համար պարբերաբար դիմակը հանել-դնելը քաղաքացուն «դժվարություն» է պատճառում, ուստի, ըստ իրենց՝ բաց տարածքում ևս դիմակ կրելը ազատում է այդ դժվարությունից։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ