Գլխավոր էջ Նորություններ Քննարկվել են երեխաների և կանանց առողջության բարելավմանն ուղղված ծրագրերը

Քննարկվել են երեխաների և կանանց առողջության բարելավմանն ուղղված ծրագրերը

483
0

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստին Վայգանդին:

 

Ողջունելով հյուրերին` Անահիտ Ավանեսյանն ընդգծել է երեխաների և կանանց առողջության բարելավմանն ուղղությամբ առողջապահության նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև համագործակցությունը:

Գրասենյակի ներկայացուցիչ Քրիստին Վայգանդը ներկայացրել է Հայաստանում իրականացվող ընթացիկ ծրագրերը` ուղղված երեխաների ու կանանց առողջության պահպանմանը, ինչպես նաև սնուցման վիճակի բարելավմանը:

Անահիտ Ավանեսյանը խոսել է ՀՀ մարզերում անցկացվող «Վաղ տարիքի երեխաների սնուցումը, աճը և զարգացումը» թեմայով դասընթացների մասին, կարևորել ծրագրի շարունակականությունը:

 

Քննարկվել են նաև առողջապահության ոլորտում սպասվող բարեփոխումները: Անահիտ Ավանեսյանը շեշտել է հոգեկան առողջության պահպանման, վերականգնման և խնամքի ծառայությունների  բարելավման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները:

«Հաշվի առնելով մեր երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ և հատկապես հետպատերազմյան շրջանով պայմանավորված իրավիճակը` հոգեկան առողջության պահպանումը մեր առաջնահերթություններից է»,- ասել է նախարարը:

 

Նախարար Ավանեսյանը կարևորել է նաև մարզերում առողջության առաջնային պահպանման օղակի հզորացման անհրաժեշտությունը` հույս հայտնելով, որ բարեփոխումների արդյունքում մարզերում առողջության առաջնային օղակի և հիվանդանոցների աշխատանքը կդառնա ավելի ներդաշնակ, իսկ բժշկական ծառայությունները` ավելի որակյալ:

 

Անդրադարձ է եղել նաև իմունականխարգելման ծրագրերի ընթացքին, ինչպես նաև Հայաստանին պատվաստանյութերի մատակարարման, սառցային շղթայի հզորացման, պատվաստանյութերի նկատմամբ վստահության ձևավորման, ապատեղեկատվության հաղթահարման հարցերին:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ