Գլխավոր էջ Նորություններ Մեկնարկել է համայնքներում համավարակի հետևանքները մեղմելուն ուղղված ծրագրի երկրորդ փուլը

Մեկնարկել է համայնքներում համավարակի հետևանքները մեղմելուն ուղղված ծրագրի երկրորդ փուլը

39
0

Մեկնարկել է Հայաստանի համայնքներում համավարակի հետևանքները մեղմելուն ուղղված դրամաշնորհային հիմնադրամի երկրորդ փուլը, տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

 

«Դրամաշնորհային հիմնադրամին հայտեր կարող են ներկայացնել հետևյալ 23 համայնքները՝ Ալագյազ, Արագածավան, Ծաղկահովիտ, Շողակաթ, Ճամբարակ, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ, Մեծավան, Սարչապետ, Շնող, Ստեփանավան, Տաշիր, Անի, Գորայք, Քաջարան, Կապան, Տաթև, Տեղ, Բերդ, Դիլիջան, Արենի, Եղեգիս։

 

Դրամաշնորհներ հատկացվում են 5 հազարից 20 հազար եվրոյի շրջանակում, միջհամայնքային ծրագրերի դեպքում կհատկացվի մինչև 50 հազար եվրո։ Հիմնադրամից ակնկալվող միջոցները պետք է համաֆինանսավորվեն համանքապետարանների կողմից ծրագրի ընդհանուր բյուջեի առնվազն 20%-ի չափով:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը դեկտեմբերի 10-ն է:

 

Հայտերը պետք է մշակվեն համայնքապետարանի կամ հանրային-մասնավոր միավորումների կողմից՝ հստակ ներկայացնելով ծրագրի ազդեցությունը համայնքի տնտեսական զարգացման վրա (ձեռներեցության մթնոլորտի և ներդրումային միջավայրի բարելավում, զբաղվածություն, տնային տնտեսությունների եկամուտի աճ և այլն)։

Ծրագրային հայտերը ենթակա են համայնքապետարանի հաստատմանը՝ թափանցիկ և հրապարակային եղանակով, որոնք Հիմնադրամ են ներկայացվում համայնքապետարանների միջոցով, համայնքապետի ստորագրությամբ, ավագանու հավանությամբ՝ պարտադիր արտացոլվելով համայնքի տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում։

 

Ծրագրային առաջարկները (հայտերը) համայնքապետարանը ներկայացնում է ՀՏԶ աշխատանքային խմբին համայնքին կցված մասնագետի միջոցով:

Հայտերը գնահատվում են առաջին փուլում՝ Համայնքների տնտեսական զարգացման աշխատանքային խմբի (ՀՏԶ ԱԽ) կողմից մշակված գնահատման սանդղակի համաձայն: Երկրորդ փուլով՝ ՀՏԶ ԱԽ-ի հավանության արժանացած հայտերը ներկայացվում են ՏԿԵՆ՝ գնահատող հանձնաժողովի վերջնական հաստատմանը:

Բոլոր հարցերով կարող եք դիմել համայնքապետարանի տնտեսական զարգացման պատասխանատուներին:

 

Ծրագիրն իրականացվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսական օժանդակությամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ