Գլխավոր էջ Գլխավոր Կորցնելով որդուն՝ չի մոռանում վիրավոր զինվորներին․ սպասվում է բարեգործական համերգ

Կորցնելով որդուն՝ չի մոռանում վիրավոր զինվորներին․ սպասվում է բարեգործական համերգ

1554
0

2016թ-ի Ապրիլյան պատերզմում քաջաբար զոհված հերոսի մայրն այսօր արդեն մտածում է 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինվորներին օգնելու մասին։

Մեր ժամանակի հերոս կապիտան Արմենակ Ուրֆանյան․ 2016թ-ի ապրիլի 2-ի գիշերը՝ ժամը 3-ին, Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը հակառակորդի կողմից ենթարկվում է ինտենսիվ հրետակոծության, իսկ հետո այն գրոհում են հակառակորդի տանկերն ու հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ:

Այս դիրք ներթափանցելու հակառակորդի բոլոր ջանքները կասեցվում են հենց 4-րդ վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի, ժամկետային զինծառայողներ Քյարամ Սլոյանի, Անդրանիկ Զոհրաբյանի եւ Ռոբերտ Աբաջյանի շնորհիվ: Շատերը նրանց անվանում են «Մարտակերտի փրկիչներ»: Ուրֆանյանի մայրը՝ տիկին Համեստը, որդու զոհվելուց հետո հասարակական գործունեություն ծավալելով, փորձում է օգտակար լինել և իր լուման ունենալ 44-օրյա պատերազմում վիրավորված զինվորների վերականգնման հարցում։

Նոյեմբերի 21-ին տեղի կունենա բարեգործական համերգ՝ վիրավոր զինվորների համար։

««Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամը կազմակերպում է համերգ, որի հասույթն ուղղելու է «Զինվորի տանը»։ Համերգը տեղի կունենա նոյեմբերի 21-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում, ժամը 18:00։  Տոմսերը կարող եք ձեռք բերել զանգահարելով 099 39 39 01 հեռախոսահամարին»,-Medmedia.am-ի հետ զրույցում նշեց տիկին Համեստը և հավելեց, որ «Զինվորի տունն» իր  համար 2-րդ տուն է դարձել․

«Հնարավորության դեպքում առաջինը իրենց պիտի հասնենք , ի դեպ՝ մինչև օրս դեռ ապրիլյանի տղաները բուժում են ստանում։ Պետությունն էլ է օգնում ,բայց քիչ է ,իսկ «Զինվորի տունը» հագեցած է գերժամանակակից վերականգնողական սարքավորումներով»,-ասաց Համեստ Ուրֆանյանը։

Նշենք, որ բարեգործական համերգի տոմսերի արժեքը 2500-ից 3000 դրամ է։

Ս․ Ասատրյան

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ