Գլխավոր էջ Գլխավոր ՊՇՌ թեստի գները ԱՆ-ի գործառույթի մեջ չեն մտնում․ Անահիտ Ավանեսյան

ՊՇՌ թեստի գները ԱՆ-ի գործառույթի մեջ չեն մտնում․ Անահիտ Ավանեսյան

3092
0

Օրեր առաջ, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ դեկտեմբերից աշխատող անձինք, որոնք չեն ցանկանա պատվաստվել, ստիպված կլինեն 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու փոխարեն, հանձնել 7 օրը մեկ։ Իսկ թեստերի գներն էլ աշխատող անձանց նկատմամբ կիրառվող հայտնի որոշումից հետո, կարծես նվազել էր, նախկին 15 հազարի փոխարեն կարելի էր թեստավորվել նաև 8-9 հազար դրամով։ Իսկ հիմա, կրկին գների տատանում է նկատվում։ Շատերը այն կապում են ոչ բացահայտ պատվաստման դրդելու, ոմանք էլ թեստավորումների մեծաքանակ հերթերի հետ։ «Հարկատուների պաշտպանություն» ՀԿ ղեկավար Փայլակ Թադևոսյանն իր էջում հրապարակում արեց, որտեղ նշված է, որ այն կազմակերպությունները, որոնք 2 շաբաթ առաջ թեստավորում իրականացնում էին 6-7 հազար դրամի սահմաններում, այլևս հրաժարվում են նույն գներով թեստավորում իրականացնել և առաջարկում են առնվազն 10 հազար դրամ․

«Տեղյակ եմ, որ ՊՇՌ թեստ իրականացնողների ոլորտը մրցակցային է (հանձնաժողովի նախկինում արված հայտարարության համաձայն՝ 1. դաշտում գործում են 10-ից ավել տնտեսավարող սուբյեկտներ, 2. չկան գերիշխող դիրք ունեցողներ, 3. թեստավորման գները տատանվում են 8 000 — 15 000 դրամի սահմաններում, որոշ տեղերում՝ մինչև 20 000 դրամ): Տեղյակ եմ նաև, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը գին սահմանելու որևէ լիազորություն չունի։ Ինչ հետևություն կարող է անել շարքային, միջին վիճակագրական քաղաքացին՝ կամ փոխհամաձայնեցված գները բարձրացրել են բնակչությանն ունեզրկելու և գերշահույթներ ստանալու համար կամ առնվազն հիմնավոր կասկած կա, որ հրահանգված են գները բարձրացնելու համար»։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն օրերս լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ ասելով, որ որևէ կերպ քանակական ավելացումների հաշվին որակի նվազում չպիտի թույլ տան։ «Նախարարությունը շատ զգոն է լինելու և այս պահին էլ մենք մոնիթորինգ ենք իրականացնում այն լաբորատորիաներում, որոնք, որ թեստավորումներ են անում և որևէ կերպ թույլ չենք տալու, որպեսզի քանակական ավելացումները բերեն որակի նվազման, այսինքն, լաբորատորիան պետք է իրականացնի այնքան թեստավորում, որքան սարքավորումներ և մասնագիտական ներուժ ունի նա»,-նշել է Ավանեսյանը։

Անդրադառնալով գներին՝ ասաց, որ ինչ-որ նվազեցումներ եղան, հետո որոշ չափով բարձրացան։Սակայն շրջանառվող ինքնարժեքի մասով հավելեց, որ դա միայն թեստի նյութի ձեռքբերումը չէ, դա նաև սարքերի անընդհատ թարմացումն է, աշխատույժը։ «Այո´, կան շատ ցածրարժեք թեստեր, կամ միջին, բավական որակյալ թեստեր և մեր խնդիրն է ՝ ապահովենք նման թեստերով հետազոտությունները։ Այն լաբորատորիաները, որոնք թույլտվություն ստացել են իրականացնելու ՊՇՌ հետազոտություններ՝ միանշանակ պետք է համապատասխանեն այն չափորոշիչներին, որոնք մեր կողմից սահմանվել են»,- նշեց Ավանեսյանը։ Նրա խոսքով՝ թեստի գները, որևէ առումով, առողջապահության նախարարության գործառույթների մեջ չեն մտնում։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ