Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս են պատվաստումներն ազդել հիվանդացության եւ մահացության վրա տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում

Ինչպե՞ս են պատվաստումներն ազդել հիվանդացության եւ մահացության վրա տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում

421
0

Ինչպե՞ս է կորոնավիրուսի պատվաստումն ազդել աշխարհում եւ մեր տարածաշրջանում հիվանդացության եւ մահացության վրա։ Այս խնդիրն այսօր հուզում է ինչպես բազմաթիվ բուժաշխատողների, այնպես էլ սովորական մարդկանց:

 

Փորձենք դա պարզել:

 

Մինչ օրս պատվաստումների ամենամեծ թիվը գրանցվել է Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ): Այստեղ, ըստ տարբեր գնահատականների, բնակչության մոտ 97-99 տոկոս արդեն ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ։ Ներարկվել է պատվաստանյութի առնվազն 21.298.068 դեղաչափ: Օրական պատվաստվում է մոտ 33900 մարդ։

 

ԱՄԷ-ում առաջին հերթին պատվաստումներ են ստացել բուժաշխատողները, ուսուցիչները, խրոնիկական հիվանդություններ ունեցողները, 60 տարեկանից բարձր տարեցները, ապա` մնացած բնակչությունը, այդ թվում՝ քրոնիկ հիվանդություններ ունեցող 12-15 տարեկան դեռահասները։

 

ԱՄԷ-ում օգտագործվող պատվաստանյութերն են Pfizer-BioNTech-ը, Sinopharm-ը, Oxford-AstraZeneca-ն, Sputnik V-ն:

 

Ամբողջ համավարակի ընթացքում ԱՄԷ-ն արձանագրել է կորոնավիրուսով վարակման 740.432 դեպք եւ դրա պատճառով մահվան 2.140 դեպք։ Բնակչության մեկ միլիոնին բաժին է ընկնում 73 663 դեպք. այս ցուցանիշով ԱՄԷ-ն աշխարհում 77-րդ տեղում է։ Մահացության ցուցանիշով երկիրն աշխարհում 135-րդ տեղում է. մեկ միլիոն բնակչի հաշվով գրանցվել է 213 մահ։

 

Համեմատության համար նշենք, որ Հայաստանն աշխարհում 35-րդն է մեկ միլիոն բնակչի հաշվով վարակվածության ցուցանիշով, իսկ մահացության ցուցանիշով՝ 20-րդը։

 

Եթե ​​նայենք ԱՄԷ-ում հիվանդացության եւ մահացության գրաֆիկներին, ապա կտեսնեք, որ տարեսկզբին՝ հիվանդացության գագաթնակետին, երկրում հազարավոր նոր դեպքեր են գրանցվել, սակայն այժմ օրական 90-ից պակաս նոր դեպք է գրանցվում։ Ինչ վերաբերում է մահացությանը, ապա մահացության ամենաբարձր ցուցանիշը հանրապետությունում գրանցվել է այս տարվա փետրվար-մարտին (օրական մոտ 20 մահ), իսկ այժմ գրանցվում է օրական զրոյից 2 մահվան դեպք։

 

Նմանատիպ իրավիճակ կարելի է տեսնել պատվաստումների ամենամեծ թվով այլ երկրներում: Դրանք են Կուբան, Պորտուգալիան, Չիլին, Կամբոջան, Սինգապուրը, Իսպանիան, Հարավային Կորեան. այս բոլոր երկրներում պատվաստված է բնակչության ավելի քան 80 տոկոսը, իսկ վարակման ու մահվան դեպքերը վերջին շաբաթներին, ըստ այդ երկրների պաշտոնական տվյալների, նվազել են:

 

Իսկ ի՞նչ վիճակ է մեր տարածաշրջանում:

 

Հայաստանում համավարակի ողջ ընթացքում հիվանդացել է 321243, մահացել՝ 6700 մարդ։ Ինչպես նշվեց վերեւում, երկիրը 35-րդ տեղում է աշխարհում վարակվածների թվով մեկ միլիոն բնակչի հաշվով եւ 20-րդ տեղում՝ մահացությունների թվով մեկ միլիոն բնակչի հաշվով։

 

Այս պահին Հայաստանն աշխարհի ամենաքիչ պատվաստված երկրների շարքում է՝ այստեղ պատվաստված է բնակչության 12 տոկոսից պակաս հատվածը:

 

Վիճակագրության համաձայն՝ այժմ հանրապետությունում հիվանդացությունը նույն մակարդակին է, ինչ նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբերին. օրական գրանցվում է ավելի քան 2000 նոր դեպք։ Ավելին, եթե նայեք գրաֆիկներին, ապա ամառվանից հետո հիվանդացությունը կտրուկ աճել է։

 

Աճում է նաեւ մահացությունը. վերջին օրերին Հայաստանում արձանագրվել է մահացության ամենամեծ թիվն ամբողջ համավարակի ընթացքում. եթե նայեք գրաֆիկներին, ապա մահացության գագաթնակետերը հանրապետությունում գրանցվել են 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին (30-40 մահ օրական), ապա 2021 թվականի մարտ-մայիսին (օրական մոտ 20 մահ), որից հետո մահացությունը նվազել է, իսկ սեպտեմբերից այն կրկին սկսել է աճել. այժմ Հայաստանում օրական գրանցվում է մոտ 50-60 նոր մահվան դեպք։

 

Հարեւան Իրանում պատվաստված է բնակչության 55.9 տոկոսը։ Այնտեղ հիվանդացությունն ու մահացությունը նվազում են։ Վերջին շաբաթներին օրական գրանցվում է մոտ 150 նոր մահվան դեպք, սակայն օգոստոս-սեպտեմբերին օրական 500-600 մահ է գրանցվել։

 

Ադրբեջանում հիվանդացությունն ու մահացությունն աճում են. օրական այնտեղ գրանցվում է վարակման շուրջ 2500 նոր դեպք եւ ավելի քան 20 նոր մահ։ Ինչպես հիվանդացությունը, այնպես էլ մահացությունը այս տարվա օգոստոսից սկսած մնացել են բարձր մակարդակի վրա: Միաժամանակ Ադրբեջանում պատվաստվել է բնակչության մոտ 48.4 տոկոսը։

 

Թուրքիայում այս տարվա օգոստոսից ի վեր հիվանդացությունն ու մահացությունը նույնպես պահպանվել են կայուն բարձր մակարդակի վրա՝ օրական մոտ 20-30.000 նոր վարակման եւ մոտ 200 մահվան դեպք: Հետաքրքիր է, որ պաշտոնական թվերի համաձայն Թուրքիայում պատվաստվել է բնակչության մոտ 70 տոկոսը։

 

Առավել հետաքրքիր է այն, որ պատկերը բոլորովին այլ է պատվաստումների նմանատիպ պատկեր ունեցող այլ երկրներում։ Շվեդիայում եւ Սաուդյան Արաբիայում եւս պատվաստված է բնակչության մոտ 70 տոկոսը, եւ երկու երկրներում էլ հիվանդացությունն ու մահացությունը ներկայումս շատ ցածր մակարդակի վրա են, ընդ որում, երկու ցուցանիշներն էլ զգալիորեն նվազել են Շվեդիայում` տարեսկզբից ի վեր, Սաուդյան Արաբիայում` ամառվանից հետո:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ