Գլխավոր էջ Գլխավոր Օրական մոտավոր 25 հազար պատվաստում է իրականացվում․ Լենա Նանուշյան

Օրական մոտավոր 25 հազար պատվաստում է իրականացվում․ Լենա Նանուշյան

990
0

Վերջին օրերի ընթացքում իրավիճակն ավելի լարված է դառնում և, ցավոք սրտի, առողջապահական համակարգի հնարավորությունները, հզորությունները անսահմանափակ չեն։ Ունենք սահմանափակ թվով մահճակալներ, բժիշկներ, բուժքույրեր և հաճախ հնարավոր չի լինում բոլորին, բոլոր կարիք ունեցողներին անմիջապես ապահովել անհրաժեշտ բժշկական օգնությամբ և սպասարկմամբ։ Այս մասին Հանրային քննարկում հաղորդման շրջանակում ասել է Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։

«Իհարկե, բոլոր հիվանդներին հերթագրում ենք օրվա ընթացքում և փորձում ենք հընթացս տեղավորել։ Ներկա պահին 27 բժշկական հիմնարկ ամբողջ Հայաստանով տրամադրում է Քովիդի դեմ բժշկական օգնություն, բայց միևնույն ժամանակ մոտ 3100 հիվանդ հիվանդանոցներում է, մի մասը վերակենդանացման բաժանմունքում, մի մասը շատ ծանր վիճակում կամ միացված են արհեստական շնչառության սարքերին»,-նշել է նա։

Նանուշյանի խոսքով՝ եթե նման տեմպերով շարունակվի՝ 1-2 օր կամ շաբաթ, ապա չի կարծում, որ կկարողանան ապահովել  բոլորի բժշկական օգնության տրամադրումը։

«Էրեբունի» բ/կ Անհետաձգելի սրտաբանության և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի սրտաբան Ֆլորա Մուրադյանը նշեց, որ Էրեբունի բժշկական կենտրոնը ևս զբաղվում է Քովիդ պացիենտներով։

«Չեմ կարող ասել, որ հիմնականում մեծահասակներ են, կարծես թե երիտասարդացել է, ավելի շատ երիտասարդներ ենք ընդունում։ Նրանք, ովքեր ունեն սիրտանոթային հիվանդություններ բավականին ծանր են տանում հիվանդությունը»,-ասել է Մուրադյանը։

Նանուշյանն անդրադառնալով պատվաստման գործընթացին, նշել է, որ այն վերջին ժամանակահատվածում բավական ակտիվացել է․«Եթե վեց ամիս առաջ օրական ունենում էինք մի քանի հարյուր պատվաստում, ապա այսօր մոտավոր օրական 25 հազար պատվաստում ենք ունենում։ Այս հզորությունները, որոնք այսօր համակարգում կան՝ նկատի ունեմ պոլիկլինիկաները, շարժական խմբերը, շատ ակտիվ աշխատում են և ապահովում են այդ 25 հազարի պատվաստումները»։

Medmedia.am խմբագրություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ