Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսով վարակվածներից երկուսը Հայաստանում են ավելի քան 10 օր

Կորոնավիրուսով վարակվածներից երկուսը Հայաստանում են ավելի քան 10 օր

517
0

Հայաստանում կորոնավիրուսի վարակի երեք նոր դեպք է հաստատվել. երկուսը Հայաստանի քաղաքացիներ են՝ 45 և 27 տարեկան, մեկը՝ Իտալիայի 51-ամյա քաղաքացի:

Պացիենտներից երկուսն այս պահին չունեն գանգատներ: Երրորդը ջերմում է և թոքաբորբ ունի։ Նրանք բոլորն էլ Հայաստան են եկել Իտալիայից, սակայն տարբեր չվերթներով, ընդ որում նրանցից երկուսը ավելի քան 10 օր է, ինչ Հայաստանում են։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի տեղեկացմամբ՝ այս պահին կորոնավիրուսով երեք նոր անձանց շփման շրջանակը պարզ է, մարդիկ, ում հետ նրանք սերտ շփվել են, մեկուսացված են՝ ընդհանուր առմամբ 57 հոգի:

«Իտալիայի քաղաքացու շրջանակն է մի քիչ մեծ, որոնք բոլորը միանգամից մեկուսացվել են, բայց իրենց բնակավայրում, այսինքն՝ իրենք չեն լքելու իրենց բնակավայրը, դա առանձնացված շենք է, ուրիշ մարդիկ չեն ապրում այդ շենքում», — նշեց նախարարը:

Կորոնավիրուսի վարակով երկու հայաստանցիներից մեկը Էջմիածնից է. 45-ամյա կինը փետրվարի վերջին է Միլանից եկել և օրեր առաջ էլ նշանադրել է որդուն 40 հոգանոց խնջույքով։ Ինչպե՞ս են ռիսկային գոտուց եկածները հսկողության տակ պահվում կամ ինքնամեկուսանում, առողջապահական գերատեսչությունը ռիսկային երկրներից ժամանածներին նման հորդորներով տուն էր ուղարկում։ Ըստ Արսեն Թորոսյանի՝ դա յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական պատասխանատվության հարցն է։

«Ինքնամեկուսացումը և սոցիալական պատասխանատվությունը միակ գործիքն է՝ էպիդեմիաները կանխարգելելու: Մենք չենք կարող մեկուսացնել հազարավոր քաղաքացիների», — ասաց նախարարը:

Առավոտից Էջմիածնում շտապօգնության ու ոստիկանության բազմաթիվ մեքենաներ էին շրջում, սա քաղաքի բնակիչների համար տագնապի պատճառ էր դարձել։ Էջմիածնի քաղաքապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերով պարզաբանեց՝ խուճապի կարիք չկա, մեքենաները վարակակիրների չեն տեղափոխում, այլ մարդկանց, ում հետ շփվել է վարակակիրը:

«Տվյալ անձանց մեկուսացնում են, որպեսզի թեստավորեն, ջերմաչափում անեն և տեսնեն՝ նրանց մոտ արդյոք կան նշաններ, նախանշաններ, թե ոչ», — ասաց քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

Վաղարշապատի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի ղեկավար Մելսիդա Չիլինգարյանը տեղեկացրեց՝ կինը տեղամասային բժշկի հսկողության տակ է եղել, բայց նշանադրության մասին ոչինչ չի ասել. — «Իրենց իհարկե, հորդորել եմ, որ իրենք քիչ շփվեն, բայց այստեղ ուրիշ հարց, որ չեն լսել, նշանդրեքի մասին հաջորդ օրն է իմացվել»:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստին հետևած ճեպազրույցում չբացառեց, որ կորոնավիրուսի նոր դեպքերի հետ կապված նոր սահմանափակումների որոշում կայացվի՝ դպրոցում դասերի կամ հանրաքվեի քարոզարշավի հետ կապված. — «Հիմա ունենք նոր իրավիճակ, և այսօր էլի որոշում կկայացի նոր իրավիճակի վերաբերյալ: Որոշումն այս պահին դեռ կայացված չէ, թե չէ ես կհայտնեի, սակայն չի բացառվում, որ որևէ սահմանափակող միջոցառում տեղի ունենա, այդ թվում՝ հանրային հավաքների հետ կապված: Քաղաքացիների առողջությունը գործող կառավարության համար ամենակարևորն է, և որևէ քաղաքական դրդապատճառ չի կարող մեզ հետ պահել որոշում կայացնելուց»:

Այս օրերին փակվել են իտալական չվերթները: Իտալիայում մնացած հայաստանցիների համար կառավարությունը կազմակերպում է Հռոմ-Երևան չարթերային թռիչք, օդանավը վայրէջք կկատարի այս կիրակի: Առողջապահության նախարարն ասաց՝ քննարկում են բոլոր ուղևորներին միանգամից և 14 օրով հատուկ վայրում մեկուսացնելու հարցը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ